ՑԱՎԻՑ ՔԱՂՎԱԾ ԴԱՍԵՐ

mayrig

Մարդկությունը դարեր շարունակ  սովորել ու սիրում է ցավը փոխակերպել արվեստի, որպեսզի այն հնարավորինս ավելի մարսելի դառնա, բայց և երբեք չմոռացվի: Հայերի ցեղասպանությունը մեր ամենամեծ ցավն է, ու քանի որ հարցին դեռ վերջնական պատասխան չի տրվել, այն շարունակում է բաց նյարդ ու վերք մնալ: Եվ անգամ  արվեստավորումը չի մեղմացնում խնդիրը:

Սուբյեկտիվորեն, Ցեղասպանությանը վերաբերող լավագույն գործերից մեկը  համարում եմ Անրի Վեռնոյի «Մայրիկը»՝ համանուն ֆիլմի հետ միասին: Փոքր ժամանակ, երբ կարդացի գիրքը, հեղինակի փոխարեն ինձ էի տեսնում. ես էլ եմ տան միակ երեխան, ունեմ նույնքան՝ հաճախ ծայրաստիճան հոգատար մայր, հայր, մորաքույր, Ազատի երկրորդ մորաքրոջ փոխարեն՝ տատիկ:

Մի փոքր մեծանալով հասկացա, որ մեր ընտանիքը միակը չէ, որ«գիրքը ուղիղ եթերով էկրանավորել է»: Գրեթե բոլոր տներում նույն սխեման է գործում: Մեր ծնողները զոհում են իրենց՝ հանուն մեզ ու կարողանում են ոչնչից կերտել մեզ համար ամեն ինչ՝ միայն թե  ուրիշի կողքին կուչ չգանք, չխեղճանանք, միայն թե լավ ու պիտանի մարդիկ դառնանք:

Ավելի մեծանալով հասկացա, որ սա մեր ազգի հոգեբանությունն է: Ինչպես գրքում ու ֆիլմում, փշուր առ փշուր, կոպեկ-կոպեկ հավաքում ու մեր ուզածին ենք հասնում՝ ազգովի: Մեր ուժը մեր անընդհատ շարժման լինելու մեջ է: Մենք անընդհատ գործում ենք, փորձում, ձախողելուց հետո մռայլ ամպեր կուտակում մեր գլխին, բայց օրեր անց դրանք շպրտում մի կողմ ու սկսում նորից գործել: Այս առումով «Մայրիկն» ինձ համար այն  գործնական պլանն է, որին պիտի հետևենք բոլորս. ամբողջ գիրքն ու ֆիլմը շարժում է, փորձեր են, աշխատանք ու ջանք է, նաև՝ ամենակարևորը, անսահման լավատեսություն է ու սեր: Այստեղ է թաքնված Ցեղասպանությանը ճիշտ ու սթափ աչքով նայելու հուշումը: Իսկ տարատեսակ սուտումուտ վերլուծությունները, թե՝«Այ եթե այսպես անեինք,  հարցը ցեղասպանության չէր հասնիե»,«Պետք էր դեռ այն ժամանակ այս ու այս քայլերն արվեին», «Ինչո՞ւ չէր կարելի նմանօրինակ մի բան անել»… անվերջ փուչումուչ զգացմունք էլ մնում են: Փաստը մեկն է. եղել է այն, ինչ եղել է:

Պատմությունը ցույց է տալիս, որ այն ժամանակ հույսը էլի դրել էինք վերացական բաների վրա. թուրքերի սրտացավության, կողքի երկրների դատապարտման ու պատժի, այլ գործոնների: Մինչդեռ մի պարզ ճշմարտություն այդպես էլ չենք կարողանում ընկալել. հույսը լավ բան է, երբ ուժը ձեռքիդ է: Անուժ հույսը ոչ մեկին պետք չէ, որովհետև ամրացնելու փոխարեն այն քեզ խոցելի է սարքում: Հարյուր տարի առաջ մեր հույսը չարդարացվեց, որովհետև հողին ամուր չէինք կանգնած ու  խոցելի էինք: Այսօր էլ շատ ավելի վատ ենք վարվում. ունենք հնարավորություն ամրանալու, բայց չենք կոփվում՝ տուրք տալով էլի ու անընդհատ հինը ծամելուն ու քննարկելուն: Որովհետև տվյալ ճանապարհը ավելի հեշտ է, եկեք անկեղծ լինենք: Որովհետև հեշտ է դար անցնելուց հետո մեղավորներին օդում կախված մեղադրանքներ հղել՝ ծանրակշիռ դառնալու և ուժով՝ իրենց իսկ ոճրագործությունը հենց իրենց կուլ տալ ստիպելու փոխարեն:

Անրի Վեռնոյի կերտած ընտանիքը ոտքի կանգնեց, որովհետև փոխեց մտածելակերպը, ինչը մենք, անգամ այսքան տարի անց, չենք անում: Չչարացավ, չպահանջեց, որովհետև հերոսները հասկացան՝  լացելով ոչինչ ետ չեն բերելու:

Կարո՞ղ են, թող կարի մեքենա գնեն, թող երեխային հնարավորինս լավ կրթություն տան, թող մեջք մեջքի տան ու հաստատ վաղվա օրն այսօրվանից ավելի լավը կլինի:  Ցավն ու կորուստը որպես ներդրում  կիրառեցին աշխատանքի մեջ ու արդյունք ստացան՝ աշխարհին արվեստաբար, լավատեսորեն ու էսթետորեն նայելով: Իսկ մենք արվեստաբար միայն տառապում ենք, շատ քիչ աշխատանք ներդնելով: Մինչդեռ պիտի լինի հակառակը՝ մաքսիմալ աշխատանք, մինիմալ արցունքներ: Սա է, հավանաբար, հաջողության ճանապարհը:

Մեկ դար է անցել արդեն: Եվ եթե խնդիրը դեռևս լուծում չի ստացել, երևի թե արդեն ժամանակն է, չէ՞, ինքներս մեզ հարց տալու. եթե ցայսօր այն լուծված չէ, ուրեմն հավանաբար ինչ-որ բան սխա՞լ ենք անում, միգուցե պետք է կտրուկ  դիրքորոշում ու պահելաձև՞ փոխել, հնարավոր է կարիք կա աշխարհին այլ կե՞րպ ներկայանալու: Ոչ թե  որպես ժամանակին կոտորված ու խեղճ ժողովուրդ, այլ որպես ազգ, որն այնքան ուժեղ է, որ անգամ  ցեղասպանությանն է դիմացել, որ այնքան մեծ ցանկություն ունի ապրելու ու ծաղկելու, որ այս բռաչափ հողում անգամ  հզոր երկիր է դառնում՝ մեկ դար անց: Ընկնել կարող են բոլորը, բայց ուժի լավագույնը դրսևորումը ընկնելուց հետո կանգնել է: Իսկ մենք հզոր ենք ու պարտավոր ենք կանգնել:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register