HOMO SICARIUS` ՄԱՐԴԱՍՊԱՆ ՄԱՐԴ

4

Հայոց Մեծ Եղեռնի ու Ապրիլ 24-ի մասին այնքան է խոսվել ու գրվել, որ թվում է՝ նոր բան չկա ասելու: Սակայն «100 կյանք» ծրագիրը, «Ավրորա» մրցանակաբաշխությունը բացահայտեցին բոլորովին նոր մտածողություն ու մոտեցում, ի հայտ բերեցին հայերի ու Հայաստանի բոլորովին նոր նկարագիր: Այդ նկարագիրը ազդեցիկ է շշմելիորեն և ցավակցության փոխարեն խոնարհում է ներշնչում մարդկությանը՝ այս փոքրաքանակ, բայց աշխարհի չափ հզոր ժողովրդի, այս պստլիկ, բայց զարմանալիորեն տոկուն պետության, այս ծվատված, բայց ոգեղեն անսահմանությունն իր մեջ տեղավորող երկրի հանդեպ:

Մեր ապրած ժամանակի բոլոր անկյուններում խոսվում է աշխարհաքաղաքացիության, համամարդկային արժեհամակարգի, հանդուրժողականության ու հարգանքի մասին: Մեր ապրած ժամանակի բոլոր անկյուններում քարոզվում են մարդ տեսակի իրավունքներն ու ազատությունը: Եվ մեր ապրած ժամանակի բոլոր անկյուններում այդ ազատությունը լիարժեք իրականանում է լոկ որպես Homo sicariusi-ի՝ Մարդասպան մարդու ազատություն: Որովհետև մարդկությունը զլանում է անգամ խոսքով դատապարտել ոճրագործությունը: Որովհետև մարդկությունն ամենաէժան առևտրի մանրադրամ է դարձնում առաջին հերթին հենց արդարությունն ու ազնվությունը:

Մարդու տեսակային բազմազանությունը հարգելն ու ճանաչելն է հանդուրժողականության հիմքը: Ցեղասպանությունն ուղղված է այս հիմքի դեմ:

Մարդու ցեղային բազմազանությունը սիրելն ու պաշտպանելն է աշխարհաքաղաքացիության հիմքը: Ցեղասպանությունն ուղղված է այս հիմքի դեմ:

Homo sicarius-ը՝ Մարդասպան մարդը, կատարել է իր ընտրությունը երեկ և կատարում է իր ընտրությունն այսօր: Նա որոշել է, որ հատկապես հենց մեր տեսակը չունի ապրելու իրավունք: Նա դուրս է գցել մեզ՝ իր ճանաչած մարդկության դաշտից:

Եվ քանի դեռ մեր ետևից Homo sicarius-ից ինքնակամ չեն հեռանում մարդկային մյուս ցեղերը, Մարդասպան մարդուն է լռորեն վերապահված նաև վաղը որոշելու, թե որ տեսակը  չունի ապրելու իրավունք: Հարցը մնում է սոսկ նրա ուժին, նրա կազմակերպված, զինված հրոսակին, որ կանգնած է անզեն ու խաղաղ, ստեղծագործ աշխատանքով զբաղված մարդկության դեմ:

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register