ՌՈւԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԵԿԵՆԱՍԸ

ruben

Ռուբեն Վարդանյանը մեկն է այն հայերից, ում անունը նույնացվում  է  փայլուն կրթության, յուրօրինակ մտածելակերպի, հաջողակ գործարարության և բարեգործության հետ: Նա վաղուց ապրում է Հայաստանից դուրս, սակայն կյանքի է կոչել և շարունակում է իրականացնել բազմաթիվ կրթական և բարեգործական խոշոր ծրագրեր Հայաստանում: Ռուբեն Վարդանյանը համարվում է  հետխորհրդային տարածքի ամենահաջողակ մենեջերներից և մեկն է այն բացառիկ մեծահարուստներից, ով իր հսկայական կարողութոյւնը վաստակել է ոչ այնքան  սեփական բիզնեսով, որքան այլ բիզնեսներ կառավարելով:

Ծնվել է 1968-ի մայիսի 25-ին, Երևանում: 1985 թվականին ոսկե մեդալով ավարտել է  Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը: 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է   Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը:  Փորձառություն է անցել Իտալիայի Banca CRT-ում, 1992 թվականին Նյու Յորքում ավարտել է Merrill Lynch-ի կողմից կազմակերպվող զարգացող շուկաների վերաբերյալ դասընթացները։ 2000 թվականին ավարտել է INSEAD-ի ուսումնական ծրագիրը (Ֆոնտենբլո, Ֆրանսիա), 2001 և 2005 թվականներին՝ Հարվարդի բիզնես դպրոցի դասընթացները։

Նրա առաջին աշխատավայրը հայտնի «Տրոյկա Դիալոգ» բրոքերական ընկերությունն էր, որտեղ նա սկսել է աշխատել հիմնադրման պահից: 1991-1992 թվականներին եղել է  ընկերության առաջնային շուկայի բաժնի ղեկավարը: 1992 թվականից սկսած ղեկավարել է «Տրոյկա Դիալոգը»՝ զբաղեցնելով ընկերության գործադիր տնօրենի, հետո նախագահի և տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները՝ ընդհուպ մինչև ընկերությունը 2012-ի հունվարին «Սբերբանկին» վաճառելը: 2012 թվականից դարձել է «Սբերբանկի» կառավարիչներից մեկը, իսկ 2013-ից՝ «Սբերբանկի»  նախագահի խորհրդականը:

2002 – 2004 թվականներին, «Տրոյկա դիալոգը» ղեկավարելուն համատեղ եղել է նաև «Ռոսգոսստրախ» հայտնի ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենը: 2013 թվականից «Ռոսգոսստրախի» տնօրենների խորհրդի անդամ է:

Տարբեր ժամանակներում եղել է  մի շարք հայտնի ընկերությունների տնօրենների խորհուրդների անդամ, որոնց թվում են «ԱվտոՎԱԶը», «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռները», «Նովատեկան», «Ավիաստար-ՍՊ»-ն, Շերեմետյեվո միաջազգային օդանավակայանը, «Իզվեստիա» թերթը, Մոսկվայի բանկը, «ԱԿ ԲԱՐՍ» բանկը:

Ներկայում «ԿամԱԶ», «Սիբուր», Joule Unlimited, Inc. (ԱՄՆ), Ամերիաբանկ (Հայաստան) ընկերությունների տնօրենների խորհուրդների անդամ է: Նաև՝ Համաշխարհային Բանկի International Finance Corporation (IFC) կազմակերպության տնտեսական հարցերով խորհրդի անդամ է:

Ռուբեն Վարդանյանի կարողությունը գնահատվում է 950 միլիոն դոլար, որի կեսից ավելին գոյացել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության՝ «Սբերբանկին» վաճառքից: Նրա կարողությունը դեռ չի հատել 1 միլիարդ դոլարի խորհրդանշական սահմանը լոկ բարեգործության և կրթական ծրագրերի վրա ծախսվող հարյուրավոր միլիոնների պատճառով:

Ռուբեն Վարդանյանը իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հիմնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը, որի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ – տնտեսական էական արդյունք կապահովեն: Հիմնադրամի նշանակալի  նախագծերի թվում են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ»,  Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու վերականգման,  Դիլիջան քաղաքի զարգացման  ծրագրերը, 100 LIVES նախաձեռնությունը  և այլն:

2009 թվականին Ռուբեն Վարդանյանը Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի հետ հիմնել է «100 կյանք» նախաձեռնությունը, որի  նպատակն է  մեծարել նրանց, ովքեր 100 տարի առաջ, Մեծ Եղեռնի ժամանակ, ձեռք մեկնեցին հայ ժողովրդին և օգնեցին նրանց: Համաշխարհային այս նախաձեռնությունը երախտագիտություն է հայտնում խիզախ մարդկանց և հումանիտար հաստատություններին, որոնք փրկության ձեռք են մեկնել հայերին։ «100 կյանք» նախաձեռնությունը IDeA հիմնադրամի մասն է:

Դրա շրջանակներում ստեղծվել  է  նաև «Ավրորա» մրցանակը որը Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից շնորհվում է ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք են մեկնել այլ տառապյալ հանրություններին:

  • Տաթևի վերածնունդ» ծրագիրն իր մեջ ներառում է Տաթևի վանական համալիրի բոլոր շինությունների վերականգնում, Տաթևի տարածաշրջանի համայնքների զարգացում, համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծում, ձեռնարկատիրության խթանում և տեղական բնակչության կենսամակարդակի բարձրացում, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի միջոցներով կառուցված «ՏաԹևեր» ճոպանուղու շրջակա զբոսաշրջային համալիրի զարգացում: «ՏաԹևերը» Հալիձոր գյուղը և Տաթևի վանքը իրար կապող ճոպանուղի է, որի երկարությունը 5.7 կիլոմետր է։ Այն Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի։

Դիլիջան քոլեջի ծրագիրը (United World College Dilijan) միջազգային համագործակցությամբ անգլիական միջին դպրոց – պանսիոն է,  որը տեղակայված է  Դիլիջանում, Երևանից  և Թբիլիսիից 1.5 ժամվա հեռավորության վրա: Դպրոցի հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը իր տիկնոջ հետ, իսկ հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից,  Մեծ Բրիտանիայից,  Ֆրանսիայից, Շվեյցիարիայից, Ճապոնիայից։ Դպրոցը շահույթի նպատակ չի հետապնդում և ըստ էության՝ նորարական կրթական ծրագիր է: Ծրագիրը արժեքը կազմել է 150 միլիոն դոլար:

Ունենալով գրեթե մեկ միլիարդ դոլարի հասնող կարողություն, Ռուբեն Վարդանյանի տարեկան անձնական  ծախսերը կազմում են ընդամենը մի քանի հարյուր հազար դոլար: Նրան ճանաչող անձինք պատմում են, որ նա հաճախ է թռչում  էկոնոմ դասով և օգտվում մետրոյից:

Մարդը պետք է հավատա սեփական ուժերին, հավատա, որ կյանքում ամեն ինչ կախված է իրենից ավելի շատ, քան արտաքին հանգամանքներից: Պետք է հավատալ և տրվել այն ամենին, ինչ անում ես։ Եթե դու տեսնում և հասկանում ես հիմնարար նպատակը, ապա ամեն ինչ դառնում է ավելի հեշտ»,- ասում է  Ռուբեն Վարդանյանը:

 

Սարգիս Սուքիասյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register