ԻՆՉՊԵՍ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ՀՈւՅՆԵՐԻՆ ՍՄԻՐՆԱՅՈւՄ

Հետազոտող Վիգեն Բաբկենյանը ներկայացնում է, թե ինչպես է ճապոնական նավը փրկել հազարավոր հայերի և հույների 1922 թվականի Սմիրնայի ցեղասպանության ժամանակ:
Պիթեր Սթենլիի հետ մեկտեղ նա գրել է «Հայաստանը, Ավստրալիան և Մեծ Պատերազմը» գիրքը: Այս գրքում նրանք պատմում են նախկինում անհայտ վերոնշյալ փաստի մասին:
Մինչ թուրք ազգայնականները կմտնեն քաղաք և կպաշարեն այն, 1922 թվականի սեպտեմբերի 9-ին հազարավոր հայեր և հույներ հասցրել էին փախչել: Սակայն պաշարումը ուղեկցվեց մասսայական սպանություններով և հայերի ու հույների տեղահանումներով:
Նավամատույցի մոտ կային 20 նավեր, որոնք հետևում էին իրադարձություններին, երբ կրակը ավերեց քաղաքի մեծ մասը: Նավերից մեկը մոտեցավ փրկելու մնացած փախստականներին: Դա ճապոնական նավ էր:
Ամերիկացի դասախոս Բիրջի կինը՝ Աննա Հարլոու Բիրջը վկայել էր, որ տեսնում էր՝ ինչպես են հուսահատ փախստականները փոխչում քաղաքից և խեղդվում ջրում՝ փորձելով գտնել օգնություն:
Ամերիկյան Հելլենական միջազգային հիմնադրամի ամսագրում Ստավրոս Ստավրիդիսը գրել է. «Նավամատույցում այդ ժամանակ ճապոնական բեռնատար էր, որը նոր էր ժամանել և բարձված էր արժեքավոր բեռով՝ մետաքսով, ժանյակով և չինաստանը ներկայացնող հազարավոր դոլար արժողությամբ ապրանքներով»: Ամբողջ բեռը թափվել էր նավամատույցում, որպեսզի հնարավորինս շատ փախստականներ տեղավորվեն: Նրանց ապահով տեղափոխեցին Պիրաեուս՝ Հունաստան:
1922 թվականի սեպտեմբերի 19-ին The New York Times ամսագրում տպագրվել էր. «Սմիրնայի դժբախտության մասին. փախստականները դեռ ժամանում են: Սեպտեմբերի 14-ին, հինգշաբթի օրը արդեն 6 շոգենավեր են տեղափոխում փախստականներին՝ ամերիկյան, ճապոնական, երկու ֆրանսիական և երկու իտալական: Ամերիկյան և ճապոնական շոգենավերը ընդունում են բոլորին՝ առանց անձ հաստատող փաստաթղթերի, մինչդեռ մնացածը ընդունում են միայն անձնագրով սուբյեկտներին»:
Հայ և հունական ողջ մնացածների վկայությունները նույնպես հաստատում են, որ ճապոնացիները օգնություն են տրամադրել կարիքավորներին: Վերջերս նույնիսկ պարզել են նավի անունը՝ Տոկեի Մարու:
Սմիրնայի ցեղասպանության ժամանակ ցուցաբերված օգնության համար 2016 թվականի հունիսին Ճապոնիայի դեսպանը Աթենքի հունական համայնքի կողմից պարգևատրվել է վահանաձև սկավառակով:
Բացի այդ, հեղինակները գրում են, որ Տոկիոյում Հայկական օգնության հիմնադրամ էր ստեղծվել:
Աղբյուրը՝ allinnet.info
Ներկայացրեց Տիգրանուհի Գրիգորյանը