ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈւՄ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈւՄ

6

Մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացված «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» բիզնես ֆորումին՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից ժամանած 350-ից ավել գործարարներ, պաշտոնյաներ, տնտեսագետներ ու փորձագետներ էին մասնակցում:

Եվրասիական տնտեսական միության արտահանման ներուժին, Հայաստանի և միության մյուս երկրների համագործակցության ընդլայնմանը նվիրված ելույթներ հնչեցին բացման արարողության ժամանակ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան վստահությամբ նշեց, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման շատ մեծ ներուժ ունի։

Հաշվի առնելով աշխարհում և ԵԱՏՄ մյուս երկրներում արտահանման ծավալների նվազումը, Հայաստանի արտահանման ծավալների աճը, ֆանտաստիկ է: Հայկական արտադրության ապրանքների արտահանման աճը կազմել է 13 տոկոս,այն դեպքում, երբ մյուս երկրներում այն ընդամենը մեկ տոկոսի է հասել: Երկրորդ ցուցանիշը, որ կցանկանայի վկայաբերել, բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման մասն է, այն Հայաստանում 2016 թվականին կազմել է ընդհանուր արտահանման 12%-ը: Միության տարածքում այդ ցուցանիշի միջին մակարդակը 8,8% է»,- համեմատության համար նշեց Վերոնիկա Նիկիշինան:

Հարցին, թե ինչի հաշվին է հենց Հայաստանը նման ցուցանիշներ գրանցել, տիկին Նիկիշինան պատասխանեց. «Կասեմ ոչ որպես պաշտոնյա, այլ որպես քաղաքացի: Կոնկրետ Ռուսաստանի հետ կապված իմ անձնական գնահատականն այսպիսին է. նախկինում մենք ունեինք շատ սերտ կոպերատիվ կապեր, որոնք ինչ-որ պահի կա՛մ թուլացել են, կա՛մ կորսվել: Եվ այժմ տեղի է ունենում վերադարձ այն ոգուն, համագործակցությանը, որ եղել է նախկինում: Կարելի է ասել, որ մենք կարոտել ենք հայկական արտադրանքին»:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի դիտարկմամբ՝` նման համաժողովները բոլոր գործարարներին մեկ տեղում հանդիպելու հնարավորություն են ընձեռում: Արդեն երրորդ տարին անցկացվող ֆորումը՝ մասնակիցների թվաքանակի առումով նախորդ տարիների համեմատ մեծապես աճել է:

Եվրասիական տնտեսական միության երկրների շուկայում մեր գործարարների ապրանքների ազատ տեղաշարժին, նրանց աշխատանքին և աշխատաուժին վերաբերող բազում հարցերի քննարկման նպատակով իրենց ուժերն են մեկտեղելու հասարակական և պետական կառույցները, բիզնեսի ներկայացուցիչները: Մենք այստեղ ենք քննարկելու համար նաև գյուղատնտեսական ոլորտի արտադրանքի արտահանման հետ կապված հարցերը: Արտահանման  դեպքում պետք է լինի թե՛ ապահովագրության, թե՛ գործարքների դեպքում վարկերի հետ կապված պետական աջակցություն: Եվրասիական տնտեսական միության երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերի ստեղծման ուղղությամբ ևս քննարկումներն ընթանում են: Գտնում ենք, որ այս պարագայում ԵԱՏՄ անդամ երկրները շատ հանգիստ կարող են մտնել պարսկական շուկա և հակառակը»,- ընդգծեց  Մարտին Սարգսյանը:

 

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register