ԼՈՌՈւ՝ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՏՈւՐԻՍՏՆԵՐԻ ԿԱՑԱՐԱՆԸ

2

Մասնագիտությամբ երաժիշտ-մանկավարժ  Իրինա Իսրայելյանը Լոռու մարզի Ալավերդի համայնքում հիմնել է առաջին հյուրատունը: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ստացած 300.000 դրամը տիկին  Իրինան օգտագործել է Ալավերդու մայրուղու հարևանությամբ գտնվող իրենց առանձնատունը հյուրատան պայմաններին հարմարեցնելու վրա: Այսօր արդեն՝ նախկին 2 սենյակների փոխարեն «Իրիս» հյուրատունն առաջարկում է հանգստի 8 սենյակ և ունի միաժամանակ 25 զբոսաշրջիկի ընդունելու հնարավորություն:

Հյուրատան ղեկավարի խնդիրը միայն կացարանով և սննդով ապահովելը չէ: Հյուրերը պետք է զգան հայկական ընտանիքի ջերմությունն ու հյուրընկալությունը, որոշակի պատկերացում կազմեն այս տարածաշրջանի մասին: Դրա համար պետք է լավ տեղեկացված ու կարդացած լինես»,- ասում է տիկին Իրինան: Նա անձամբ է հետևում հյուրատան հետ կապված բոլոր գործերին, հենց նա է պատրաստում հայկական խոհանոցին բնորոշ ճաշատեսակները, ցանկության դեպքում՝ հյուրերին դարձնելով դրանց պատրաստման մասնակիցը, զբաղվում տուրերի կազմակերպման աշխատանքներով: «Ամուսինս ինձ շատ է օգնում: Եթե ցերեկվա գործերը ես եմ անում, ապա երեկոյան, երբ բոլորը հավաքվում են տանը, սկսվում է ամուսնուս «աստեղային ժամը»: Նա է զրուցում հյուրերի հետ, պատմում մեր մշակույթի, պատմության, հուշարձանների մասին, պատասխանում նրանց հարցերին»,- ասում է տիկին Իրինան:

3

«Իրիս» հյուրատունը զբոսաշրջիկներին առաջարկում է տուրեր դեպի Սանահին, Հաղպատ, Արդվի, Օձուն, Հոռոմ, Քոբայր… Ալավերդի այցելողները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են: Լինում են հյուրեր Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և շատուշատ այլ երկրներից:

Հյուրեր ունենք, որ 3-րդ տարին անընդմեջ գալիս են մեզ մոտ,- ասում է տիկին Իրինան՝ հաճախորդներին մշտապես գրավիչ լինելու գաղտնիքը մեկնաբանելով այսպես,- մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ հյուրերը գոհ հեռանան, դրա համար անընդհատ ավելացնում ենք մատուցվող ծառայությունների թիվը: Օրինակ՝ վերջերս սկսել ենք նաև ձկնորսության և ձիավարության ծառայություններ առաջարկել: Ի դեպ, սրանք «Իրիս»-ի միակ նորամուծությունները չեն: 3 տարի առաջ հյուրատունն սկսել է առաջարկել նաև վրանային հանգստի ծառայություններ: Տուրիստներին վրաններով ապահովելու միտքը ծագել է նրանց հետ երկարատև զրույցներից հետո:

Օտարերկրացիներին հիմնականում Հայաստանի բնությունն է գրավում, սիրում են ոչ միայն քայլարշավների գնալ, այլև գիշերել բնության գրկում: Այդ իսկ պատճառով էլ՝ հյուրերի հաճելի ու հարմարավետ հանգիստը նաև բնության մեջ ապահովելու համար այս ծառայությունն ավելացրինք»,- ասում է նա: Տարեցտարի աճող զբոսաշրջիկների թիվը տիկին Իրինան պայմանավորում է նաև Լոռիում ավանդական դարձած Խորովածի փառատոնով: Համոզված է՝ կարճ ժամանակ անց Լոռին դառնալու է հայկական զբոսաշրջության կենտրոններից մեկը:
Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register