ԿԱՆԱՅՔ «ՍՏՎԵՐՈՒՄ»

woman-with-sun-shadow

Դարեր շարունակ աշխարհի պոետներն ու նկարիչները, մյուս բոլոր արվեստագետները ոգեշնչվել ու ոգեշնչվում են կանանցից, մեծարում, նրանց են ձոնում լավագույն ստեղծագործությունները, համարում, որ կինն է ընտանիքի սյունը, օջախի կրակը վառ պահողը: Զգացված ենք, անչափ հաճելի է, այսքանը: Այնինչ կանայք, մուսայից բացի, իրականում նաև մարդկության կեսն են, հաճախ նաև կեսից ավելին, ինչպես, օրինակ, Հայաստանում է: Եվ սա այն դեպքում, երբ Կովկասի դրոշմը կրող մեր երկրում,  մեղմ ասած, հոգու պարտք են համարում առաջնահերթ տղա երեխա ունենալը:

Կնոջ տեղն օջախում, ընտանիքում,  խոհանոցում ավելորդ անգամ ամրագրելու կարիք չկա, իսկ այ, քաղաքականության մեջ ու երկրի կառավարման համակարգում՝  դա միանշանակ զգացվում է: Հայաստանում սա արդիական խնդիր է. բառացիորեն օրեր առաջ մայրաքաղաք Երևանի ավագանի ընտրեցինք, որի երեսուն տոկոսն են կազմում կանայք: Շուրջ երկու ամիս առաջ նոր խորհրդարան ընտրեցինք, որտեղ կանանց ներկայացվածությունը տասնյոթ տոկոս է, իսկ կառավարության կազմում միակ ծաղիկը Հրանուշ Հակոբյանը մնաց, մինչդեռ  ամիսներ առաջ նրանք կառավարության կազմում երեքն էին:

Ինչն է պատճառը. հայ կանայք իրե՞նք են հեռու խաղում քաղաքականությունից, թե՞ տղամարդիկ են նրանց մեծահոգաբար հեռու պահում իշխանության ծանր լծից: Երևի թե երկուսն էլ, այնինչ ակնհայտ է, որ զարգացման խնդիր ունեցող երկրներում հատկապես՝ կանայք կարող են լավագույն կառավարիչներ լինել: Որովհետև կինն է, որ ավելի լավ է կարողանում սուղ բյուջեով տնտեսություն վարել, հավասարակշռություն ու ներդաշնակություն պահպանել, սուր անկյունները հարթելու համար՝ փոխզիջումների գնալ: Իրականում ընտանիքը պետության փոքր մոդելը կարող է լինել: Բիզնեսի օրինակով դիտարկելով էլ տեսնում ենք, թե կանայք որքան հմուտ կառվարիչներ են: Ուրեմն ինչու նրանց հեռու պահել արդյունավետ կառավարումից: Հայաստանում այս հարցերն ավելի քան բաց են, նույնիսկ կարելի է ասել՝ միտումնաբար շրջանցված:

Վերջերս մեր բարեկամ Ֆրանսիան ևս ընտրություն կատարեց: Երկրի երիտասարդ նախագահ Մակրոնը,  ինչպես և խոստացել էր, գենդերային իդեալական հավասարակշռությամբ կառավարություն ձևավորեց. կաբինետում ընդգրկվել են 22 հոգի՝ 18 նախարար և 4 պետական քարտուղար, որոնցից  11-ական կին և տղամարդ: Ընդ որում, գենդերային հավասարակշռությամբ՝ կենտրոնամետ Մակրոնին հաջողվել է նաև միավորել Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժերի՝ աջերի ու ձախերի ներկայացուցիչներին: Կառավարության կազմում կան պահպանողականներ, սոցիալիստներ, կենտրոնամետ ուժեր, իսկ երկրի պաշտպանության գերատեսչությունը կին է ղեկավարում:

Մեր ընդդիմախոսները կասեն՝ դե, Ֆրանսիայի պես երկիրը կանայք էլ կարող են կառավարել: Սակայն Ֆրանսիայի, զարգացած մյուս երկրների քաղաքական կառավարման համակարգերը կայացել են միայն քաղաքացիական կենսունակ ինստիտուտների մասնակցությամբ, որոնցից առանցքայինը կնոջ, որպես հասարակության լիարժեք անդամի դերի գիտակցումն ու իրացումն է:

Հանրային քաղաքականության մեջ կնոջ դերն իրականում առանձնահատուկ է և մեծ շռայլություն է բնությունից տրված որակներն անտեսելը: Ընդհակառակը, պետական կառավարման համակարգում պետք է օգտագործվեն կնոջ առանձնահատկությունները, մասնավորապես, պատասխանատվության, աշխատասիրության մեծ պաշարները, որոնք օրինակ՝ սոցիալական արդարության, կրթական ու առողջապահական, ֆինանսական կառավարման համակարգերում մեծ արդյունավետություն են խոստանում:

Մեր պետական այրերը թող հանգիստ լինեն, կանայք նրանց ձեռքից ղեկը չեն ուզում խլել, ուղղակի, ինչպես տանը, նրանք կարողանում են նավն առաջ տանել՝ խութերը շրջանցելով:  Դրա համար էլ կանայք՝ քաղաքական խոհանոցում  խիստ պահանջված են…

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register