ԱՅՐ ՈՒ ԿԻՆ ՄԻ ՄԱՐՄԻ՞Ն…

1

 Համաշխարհային հանրության առջև ծառացած հիմնախնդիրներից երկուսի շուրջ ծավալվող քննարկումները վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են: Միջազգային տարաբնույթ հետազոտությունները վկայում են, որ  գնալով խորացող սոցիալական անհավասարությունն ու կանանց իրավունքների ոտնահարումը բարոյական վնասներից զատ՝ նաև շոշափելի տնտեսական հետևանքներ են ունենում:

91 երկրի 21,980 ընկերությունների փորձն ուսումնասիրած ավստրալական «Plan International Australia» կազմակերպության հետազոտությունն առավել քան ուշագրավ է: Ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ ընկերությունները, որոնց կառավարիչների կազմում առնվազն 30 տոկոսը կանայք են եղել, իրենց գործունեության ընթացքում 15 տոկոսով ավելի շահութաբերություն են ապահովել:

Իսկ ինչու է կին կառավարիչների, առաջնորդների թիվն անհամեմատ փոքր: Այս հարցի պատասխանը գտնելու նկատառումներով ավստրալական կառույցը  հարցում  է անցկացրել 15-19 տարեկան աղջիկների և ավելի հասուն տղամարդկանց շրջանում: Հարցմանը մասնակցած գրեթե բոլոր աղջիկներն էլ նշել են, որ տղաների և աղջիկների նկատմամբ միայն երբեմն է հավասար վերաբերմունք դրսևորվում: Աղջիկները դեռ երեխա ժամանակվանից են բախվում որոշակի խնդիրների, որոնց էությունը ոչ մի կերպ ընկալել չեն կարողանում: Նրանց համար անհասկանալի է, թե ասենք՝ ինչու են դպրոցներում աղջիկներին և տղաներին այլ կերպ վերաբերվում: Հարցմանը մասնակցած աղջիկները տարակուսել են, թե ինչու են իրենց ձեռքի աշխատանք սովորեցնում, իսկ տղաներին՝ փայտամշակում, ինչու են կին մարզիկներին ավելի քիչ վճարում, քան տղամարդ մարզիկներին: Երեխաներին թվում է, որ կին լինելը սահմանափակում է նրանց հնարավորություններն ու երազանքները:

Երեխաները դպրոցում պետք է սովորեն հարգել և գնահատել միմյանց նախ և առաջ որպես մարդ: Աշխատավայրում էլ պետք է հավասարություն լինի: Վիճակագրության համաձայն, նույն պարտականությունները կատարող տղամարդու չափ վաստակելու համար՝ Ավստրալիայում կինը պետք է մոտ մեկ ամիս ավելի աշխատի: Սա անդրադառնում է կանանց աշխատանքի մոտիվացիայի վրա և նվազեցնում նրանց  գործունեության արդյունավետությունը: Աշխատավարձի անհավասարությունն այն խնդիրներից է, որի լուծման համար՝ մարդիկ անգամ ներդրումներ են անում հատուկ արժեթղթերում, վստահ լինելով, որ խնդրի լուծումը կնպաստի տնտեսական աճին և մոտ ապագայում մեծ շահաբաժիններ կբերի: Հարցված աղջիկների կեսից ավելի վստահ է, որ կանայք կարող են բիզնես կառավարիչներ և առաջնորդներ դառնալ, սակայն դրա համար նրանց պակասում է ինքնավստահությունը, խիզախությունը, ուժը, խանգարում է հանգստությունն ու ամաչկոտությունը:

Կանայք քաջալերման կարիք են զգում: Ուշագրավ է, որ հարցմանը մասնակցած տղամարդկանց 54 տոկոսը համամիտ է, որ տղամարդկանց կողմից աջակցություն ունենալու դեպքում՝ կանայք ավելի հեշտությամբ առաջնորդներ կդառնային: Նրանց  50 տոկոսի համար կարևոր է կին առաջնորդների թվի աճը: Սակայն նրանցից քչերն են գործնական քայլեր ձեռնարկում խնդիրը լուծելու համար: Մասնագիտության ընտրությանը վերաբերող հարցին տված  պատասխաններն էլ ուշագրավ են: Հարցված աղջիկների զգալի մասը կարծում է, որ կանայք կարող են լավ հրշեջ, ոստիկանապետ կամ շինարար աշխատել: Բոլոր աղջիկները մի կետում համակարծիք են. երեխաների խնամքի հարցում կանայք անգերազանցելի են:

Չի կարող կայանալ այն հասարակությունը և երկիրը, որտեղ տասնամյա տարիքից երեխան սկսում է մտածել, որ կին լինելը դատավճռի նման բան է, երբ հասունանալուն զուգահեռ նրա ինքնավստահությունը  գնալով նվազում է և նա զգում է, որ իրեն դատում են միայն արտաքինով և ոչ երբեք  իր գիտելիքով ու աշխատանքով: Այս հարցում կարևոր է հատկապես լրատվամիջոցներին վերապահված դերը: Վերջիններս իրենց էջերում զետեղվող  նվաստացվող, թերագնահատված, բռնությունների ենթարկվող կանանց պատկերներով չպետք է կարծրատիպեր ստեղծեն հասարակության շրջանում: Նրանք պետք է ցույց տան այն, թե ինչպես պետք է լինի, և ոչ թե այ՝ն ինչ հեշտությամբ կմարսվի լսարանի կողմից (որոշ երկրներում, ինչպես օրինակ Բրիտանիայում՝ նման մոտեցումը  լրատվամիջոցներին օրենքի ուժով է պարտադրվում):

Ագնեսա Սահակյան  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register