«ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ» ԱՎՏՈԲՈւՍԸ

2

Մեր շաբաթաթերթին անծանոթ մարդիկ միայն անվանումը լսելով, հաճախ կարծում են, թե մենք գլխավորապես ճամփորդությունների մասին ենք  գրում: Իհարկե, ճամփորդությունները մեր առանցքային թեման չեն (բացելով գաղտնիքն ասենք, որ թերթի անվանումը կապված է հանրային տրանսպորտում «ճամփորդելու» հետ), բայց մենք պարբերաբար անդրադառնում ենք ուշագրավ ուղևորությունների, յուրատեսակ կացարանների, ճամփորդություններին նվիրված ստարտափների:

Այս անգամ մեր հանդիպումը՝ գրեթե 60-ամյա սովետական ավտոբուսի վերագործարկողների հետ էր: Երեք ընկեր, հար և նման Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի հերոսներին, կես տարուց ավել պայքարել են ավտոբուսի «կյանքի» համար: Այժմ արդեն՝ «Ճամփորդ»  անվանումն ունեցող ռետրո ավտոբուսը պատրաստ է հայտնվել Հայաստանի (և ոչ միայն) բոլոր ճանապարհներին:

«Ռետրո ավտոբուսը դիտարկում ենք որպես ներկայիս, այսպես կոչված` «բարձրակարգ» ուղևորափոխադրումների այլընտրանք: Շատերի համար, սակայն, մգեցված ապակիներով, խիտ դասավորված նստատեղերով, օդորակիչի «անդուլ» աշխատանքի ուղեկցությամբ իրականացվող, բնությունից կտրված ճամփորդությունը իրականում այնքան էլ բարձրակարգ չէ: Վստահ ենք, շատերին բավականություն չի պատճառում նման ուղևորությունը»,-  հիմնական գաղափարի մասին է պատմում նախաձեռնության հեղինակներից Դավիթ Ստեփանյանը: Կատարում երկար ժամանակ որպես ճարտարապետ  աշխատած Դավիթի համոզմամբ՝ արհեստական օդափոխությունը  լուրջ վտանգներ է պարունակում: Իբրև ասվածի հավաստում, նա հիշեցնում է «կոնդիցիոների հիվանդության» մասին, երբ օդորակիչը բակտերիաները հավաքում է, իսկ հետո էլ երկար չֆիլտրելու դեպքում դրանք հետ բերելով՝ մարդականց մոտ գլխացավ, շշմածություն է առաջացնում: Մինչդեռ ռետրո ավտոբուսը բաց, բրեզենտային կտորներով ծածկված պատուհաններով, ներքին ազատ տարածությամբ լի ճամփորդության հնարավորություն է ընձեռում, որը կարող է ուղեկցվել, օրինակ, թեյախմությամբ:

3

«Նման պայմաններում ճամփորդելը մեզ հնարավորինս մոտ է պահում բնությանը: Նույնիսկ ավտոբուսի արտաքին գույներն այնպես ենք ընտրել, որ կայանելուց հետո անգամ հնարավորինս ներդաշնակ լինի բնությանը: Ավտոբուսի ներսում նստարանները գրեթե շրջանաձև են դասավորված, կա սառնարան, բար, սեղաններ, աղբաման: Կարելի է ուղևորության ընթացքում սուրճ ու թեյ խմել»,- նշում է Դավիթը:

Հնաոճ ճամփորդական ավտոբուսի մտահղացման հեղինակը՝ երեք ընկերներն են` Աշոտ Աշոտյանը, Դավիթ Ստեփանյանը և Վերոնիկա Վարդանյանը: Աշոտ Աշոտյանն ամենատարեցն է, նա ԽՍՀՄ տարիներին պրոֆեսիոնալ ծանրորդ է եղել, իսկ 80-ականներից  ձեռնամուխ է եղել Հայաստանում կարատեի զարգացմանը: Այժմ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է:

Դավիթ Ստեփանյանը ճարտարապետ և նկարիչ է: Վերոնիկա Վարդանյանը նկարչուհի է: Աշխատանքները սկսել են մարտ ամսից և ավարտել վերջերս` հոկտեմբերին: Ավտոբուսը շարժունակ է եղել, սակայն հսկայական աշխատանքներ են տարվել թե՛ շարժիչի հետ կապված, թե՛ արտաքին և ներքին դիզայնի: Ներսում փոխել են բոլոր նստարանների պաստառները, թարմացրել ու ներկել են դրսի կարկասը: Ձևափոխման արդյունքում ավտոբուսն այժմ կարող է տեղափոխել առավելագույնը 14 ուղևորի: Քանի որ Դավիթը արվեստագետ է, ավտոբուսն ունի նաև տեսանելի և թաքնված արվեստային կտորներ: Օրինակ` ներսի հատվածը գունավոր լույսերով է լցնում Դավիթի վառ կտավը, իսկ ավտոբուսի որոշ հատվածներում նա մանրանկարչությամբ է զբաղվել:

4

ԽՍՀՄ տարիների մեքենաները (և ոչ միայն) ցուցաբերում են անհավանական կենսունակություն: Այժմ տեխնիկան և մեքենաներն այնպես են նախագծում, որպեսզի որոշ ժամանակ անց անպայման պահեստամասեր ձեռք բերելու անհրաժեշտություն առաջանա, ինչը նույնպես մեծ բիզնեսի բաղադրիչ է, մինչդեռ սովետական մեքենաները հաճախ տարիներ շարունակ անխափան աշխատել են: Անցած դարի 50-ական թվականներին արտադրված «Кваз»(«Курганский автобусный завод») ավտոբուսն այժմ Դավիթի և ընկերների ջանքերով  «վերակենդանացել» է: Նրանք վստահ են` ավտոբուսը պատրաստ է հաղթահարել ցանկացած ճանապարհ:

«Իհարկե, որոշ պահեստամասեր հարկավոր էր գտնել, հեշտ չէր, մի մասը Հայաստանից, մի մասն էլ Ռուսաստանից ձեռք բերեցինք: Արդյունքում այժմ ունենք գրեթե գործարանից նոր դուրս եկած ավտոբուս: Այս ավտոբուսն ամենագնաց է, և վստահ եմ, որ մենք Հայաստանի, Արցախի բոլոր ոլորաններով ու դժվարանցանելի ճանապարհներով անցնելու ենք: Անվանման շուրջ շատ ենք մտածել… Էլ` «Ռետրո», է՛լ «Նոստալգիա», է՛լ «Երազանք»… Սակայն Դավիթի պնդմամբ ավտոբուսն անվանեցինք  «Ճամփորդ»:

Չէինք ուզում ճչացող անուն լիներ,  հայերիս շատ հոգեհարազատ անուն էինք ուզում: Փոքրիկ տեղեկատվական պաստառը, որի վրա գրված է`«Ճամփորդ», «Путник» և «Traveler», պատրաստել ենք հին ոճով», – պատմում է Աշոտ Աշոտյանը: Ռետրո ավտոբուսն արդեն հասցրել է ուղևորվել Մուղնի և Աշտարակի ձոր: Թեև ավտոբուսը տարվա որոշակի ժամանակահատվածում (մարտից մինչ նոյեմբեր) կարող է աշխատել, Դավիթն ու ընկերները պատրաստվում են առաջիկայում շարժական ապակիներ դնել` ձմռան ամիսներին նույնպես ճամփորդելու համար:

Գարեգին Ալեքսանյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register