ԱՍԵՂՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ ՊԱՐԶԱԾ ՀԱՅԸ

as

Հազարամյակների պատմություն ունեցող չինական ասեղնաբուժությունը հատկապես վերջին շրջանում  լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում: Վաղնջական ժամանակներից եկող բժշկության խիստ ինքնատիպ այս ուղղության մասին  է «Ճամփորդ»-ի զրույցը՝ չինական բժշկական գիտությունների մագիստրոս, ասեղնաբույժ, հոգեբան Արմեն Աղուզումցյանի հետ, ով ներկա պահին աշխատում է արտերկրում:

 – Արմեն, հետաքրքիր է, թե որտե՞ղ եք ասեղնաբուժություն սովորել և ինչո՞ւ եք որոշել զբաղվել  բուժման  հենց այդ մեթոդով:

– Դեռ պատանեկան տարիքից էի որոշել բնական մեթոդներ կիրառող բժիշկ դառնալ: Ուսանողների փոխանակման պետական ծրագրի շրջանակներում մեկնեցի Չինաստան, որտեղ էլ ապրել և սովորել եմ տասը տարի: Հայաստան վերադառնալուց հետո աշխատել եմ Շախմատի  ակադեմիայում, իսկ 2011-2015 թվականներին եղել եմ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի թերապևտը:

– Ո՞ր դեպքերում է կիրառելի ասեղնաբուժությունը: Կա՞ն հիվանդություններ, վնասվածքներ, որոնց դեպքում ասեղնաբուժությունն առավել արդյունավետ է:

– Ասիական երկրներում ասեղնաբուժությունը հին ժամանակներից սկսած մշտապես  եղել է բուժման  հիմնական մեթոդներից մեկը: Առողջությանը վերաբերող ցանկացած խնդրի դեպքում  այն կիրառելի է: Արևմտյան բժշկությունը միայն վերջերս է սկսել ավելի մեծ ուշադրություն դարձնել ասեղնաբուժությանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արդեն պաշտոնապես ընդունել է,որ 30-ից ավել հիվանդությունների դեպքում  ասեղնաբուժությունը անհրաժեշտ է կիրառել որպես առաջնային, հիմնական բուժում: Դրանց մեջ մտնում են մկանահոդային ցավերը(մեջքի, պարանոցի, ուսի, գլխի և այլն), նյարդային խանգարումները (դեպրեսիա, անքնություն, նյարդային հյուծվածություն), սրտանոթային և ճնշման հետ կապված խնդիրները, գինեկոլոգիական, հղիության հետ կապված խնդիրները, մարսողության հետ կապված հիվանդություններից մի քանիսը: Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում ասեղնաբուժությունը պետականորեն ընդունված բուժամիջոց է համարվում:

-Հայտնի է, որ ասեղնաբուժությունը 4-5 հազար տարվա պատմություն ունի: Հետաքրքիր է, այն դեռ զարգանում է, թե՞ հազարամյակների ընթացքում կարծրանալով ներկայանում է որպես  ավարտուն գիտություն:

– Ասեղնաբուժությունը միշտ էլ եղել է չինական բժշկության մեջ կիրառվող տասնյակ մեթոդներից մեկը: Չինական բժշկության մասնագետները, հատկապես թերապևտներն իրենց պրակտիկայում դիմում են բուժման տարբեր մեթոդների՝  ասեղնաբուժության, բուսաբուժության, արյունաթողության, մերսման: Լինում են դեպքեր, երբ  դրանք կիրառվում են միաժամանակ: Արևելքում ասեղնաբուժությունը առանձնացրել են: Իրականում ասեղնաբույժը պարտավոր է բազմաթիվ մեթոդներ իմանալ և կիրառել, որոնցից ասեղներ օգտագործելն ուղղակի ամենատարածվածն է:

Ասեղնաբուժության մոտեցումները, ախտորոշումն ու, այսպես կոչված՝ ֆիզիոլոգիան և ախտաբանությունը չեն փոխվել: Մենք առաջնորդվում ենք նույն հիմունքներով և մոտեցումներով, ինչ 2.5 հազար տարի առաջ, բայց կոնկրետ կետերի օգտագործումը և գործիքները  թեև դանդաղ, բայց անընդհատ կատարելագործվում են:

– Արդյոք տեղյակ ե՞ք , թե Հայաստանում որքանով է տարածված ասեղնաբուժությունը:

– Հայաստանում, ինչպես հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, ասեղնաբուժությունը բավականին լայն տարածում ունի: Ցավոք, այն պետական աջակցության չի արժանանում  և չի վերահսկվում:

– Կարո՞ղ եք պատմել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականում ձեր կատարած աշխատանքի մասին:

– 2011-2015 թվականներին ինձ բախտ է վիճակվել օգնել մեր տղամարդկանց թիմին և անձամբ՝ Լևոն Արոնյանին: Ասեղնաբուժությունը մեծապես օգնում է ակտիվացնել ուղեղի գործունեությունը (նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, ուժեղացնում է լարվածության նկատմամբ դիմադրողականությունը),կանոնավորում է նյարդային համակարգի բնականոն աշխատանքը, լավացնում է արյան շրջանառությունը, օգնում է լարված խաղից հետո հանգստանալ և արագորեն վերականգնել ուժերը:

Զրուցեց՝ Գարեգին Ալեքսանյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register