ԱՆԲՆԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ  ԿԱՄ  ԻՆՉՊԻՍԻՆ  ՉՊԵՏՔ  Է ԼԻՆԻ ՌԵԺԻՍՈՐԸ

sarik

Ծանոթացեք, լուսանկարում ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն է, որի՝ վերջերս  հանրության դատին ներկայացված «Երկրաշարժ» ֆիլմը լայն քննարկումների արժանացավ ու դեռևս կինոթատրոններում է: Սա հենց այն ֆիլմն է, որն ուզում էին ուղարկելՕսկարի հանձնաժողով: Ի երջանկություն մեզ նման բան չեղավ, քանի որ  հանձնաժողովն այն համարեց ավելի շատ ռուսական, քան թե հայկական արտադրանք և  առհասարակ չքննարկելով, ուղղակի ջնջեց ցուցակներից:

Հայ կինոքննադատների արձագանքը ֆիլմի մասին բացասական էր, շատերն են պնդում, որ Սպիտակի ողբերգության ֆոնին փորձել են «սղղացնել» անորակ մի ֆիլմ՝ հասկանալով, որ հայերը զգայուն են ցավի նկատմամբ, մենք տաբուներ սիրող ազգ ենք, և  կոկորդը կկրծենք ցանկացածի, ով կասի, որ ֆիլմը վատն է: Տաքարյուն ենք, չենք ընկալում, որ բացասական արձագանքը ֆիլմին է վերաբերում, և բացարձակապես չի պարզունակացնում մեր ցավը: Բայց արի ու տես, որ ֆիլմը, փաստորեն, այնքան անհաջող էր, որ մեր տաբուացումն անգամ չօգնեց փրկվել բացասական կարծիքներից: Շատերը միահամուռ պնդեցին՝  մենք չենք ուզում, որ մեր մեծ դժբախտությունը դառնա  անպետք ֆիլմացու, չենք ուզում այն շահարկել, ինչպես արեցինք, օրինակ, Ցեղասպանության դեպքում:

Դե, կասեք, ֆիլմ է, մեկը լավը կլինի, մյուսը՝ վատը, ի՞նչ կա, բնականոն ընթացք է: Համաձայն եմ, բայց մի «փոքր» խնդիր կա: Գիտեք, Սարիկը…հայհոյում է:  Լեռնային ժողովուրդ լինելով՝ նաև քարքարոտ բառապաշար ունենք. ո՞ր մի կարգին հայ տղամարդը չի հայհոյում՝ եթե ոչ տանը, ապա գոնե ընկերների մոտ, կամ մտքում: Ռեժիսորներն էլ զգայուն ու էմոցիոնալ մարդիկ են, աշխատանքի ընթացքում գուցե և մի քանի թթու խոսք ուղղեն վատ ստացված պանորամայի, կարևոր պահին կորած սցենարի և դանդաղաշարժ տեխնիկայի պատճառով: Պապական ուշունցներն անգամ օրհնանք են մեր ականջների համար: Բայց ցավը նրանում է, որ Սարիկը հայհոյում է իր  հանդիսատեսին, և ցավոք, վատ լուրեր ունեմ. այդ հանդիսատեսը հենց մենք ենք:Եթե  հիացած չենք իր ռեժիսորական տաղանդով ու «Երկրաշարժից» չենք հուզվում, ապա արժանանում ենք ռեժիսորի կողմից ամենավերջին բառերին…Համաձայն եմ, շատ «պրոֆեսիոնալ» մոտեցում է:

Արդեն իսկ տասնյակ դեպքեր են հայտնի, որտեղ Սարիկը ֆիլմի մասին հրապարակումների տակ բացասաբար արտահայտված մարդկանց անձնական նամակով վիրավորում է, հետո արգելափակում նրանց մուտքը սոցկայքի իր էջ: Մանրուք է թվում, բայց իրականում վիրավորական է: Վիրավորական է այն  կուրությունը, որով շղարշեցիք ձեր աչքերը, երբ Սարիկ Անդրեասյանին ուզում էին ներկայացնել Օսկարի:  Կինոգործիչներից շատ քչերը դեմ արտահայտվեցին այդ որոշմանը: Վիրավորական էր  անտեղի ցնծությունը.  աշխարհի լավագույն կինոմասնագետները տեսնելու էին մեր՝ միջակությունից ավելի ցածր ֆիլմը, ինչպես նշում է հայ կինոքննադատների ճնշող մեծամասնությունը, և դրանով կարծիք կազմեին հայ կինոմատոգրաֆիայի մասին: Համոզվա՞ծ եք, որ մեր կինեմատոգրաֆիայի ընդհանրական դեմքը Սարիկ Անդրեասայանն է՝ մասնագիտական ու  չանձնավորված քննադատություն չհանդուրժող, «մենք ու դուք» անող, ռուսական պրոպագանդայով անուղղակի մեզ բացատրողը, որ առանց գերտերության ոչինչ ենք: Հասարակական դեմք լինելով հանդերձ,  փողոցի ամենակեղտոտ բառապաշարով խոսող մարդը մեր Օսկարի  հավակնո՞րդն էր:

Մենք ծափահարեցինք չհաջողած ֆիլմին, գլուխ գովեցինք ու իրար լռեցրինք՝ չի կարելի, Օսկար են տանում, ուրեմն՝ լավն է, հերիք քննադատենք տեղականը: Իսկ ի՞նչ արեց Սարիկը: Օգտվելով մեր քաղաքավարի լռությունից, սկսեց աջուձախ բոլորին հայհոյել, ովքեր չխոնարհվեցին իր առջև, որովհետև համոզված եմ, նա կարծում է, թե մեծ գործ է արել՝  երկրաշարժի մասին ֆիլմ նկարելով: Իսկ մենք, նրա՝ ապերախտ ու ֆիլմերից ոչինչ չհասկացող հայրենակիցներս, համարձակվեցինք ասել, որ գիտես, եղբայր, հուզական ֆոնից օգտվելով, փորձել ես թող փչել մեր աչքին: Բայց այդքան էլ չի ստացվել:

Ցավի հետ չի կարելի խաղալ, և իրական, դեռևս չսպիացած ցավը կինոժապավեն տանելը շատ բարդ է: Ռուսաստանում ֆիլմը ավելի լավ ընդունվեց, քան այստեղ: Որովհետև ռուսների նոր սերունդը չի տեսել այն ցավը, որը տեսել են մեր ծնողները: Նրանք  փլատակներից մարդկանց դուրս բերելու օրերին մի քանի ժամով հոգնած չեն քնել փողոցի դատարկ դագաղների մեջ, և դրա համար հիմա գուցե չհասկանան, թե ինչու են Սպիտակի երկրաշարժը տեսած մարդիկ զայրանում ֆիլմում տեղ գտած անտեղի պաթոսի և չափից շատ անճշտությունների վրա:

Իսկ ես չեմ ուզում, որ ինձ հայհոյող ռեժիսորի վրա մնա «համարյա Օսկարի էր հասնում» անազնիվ փոշին: Չեմ ուզում կինոթատրոններում մեծ դիտողականություն ունենա այն ռեժիսորը, որի համար մեկ է իմ կարծիքը, որը չի հասկանում, որ ռեժիսորը հասարակության հայելին է, նա պիտի արտացոլի իմ ու ձեր կյանքն ու ցանկությունները՝ դրանով իսկ փորձելով գտնել պատասխաններ մեզ համար՝  օգնելով դառնալ ավելի լավը: Ես չեմ ուզում հայ  կինոն արտասահմանում ներկայացնի մարդ, որը չի նստում ու մտածում՝ լավ, եթե իմ հայրենիքում բավականին խելացի ու լուրջ մարդիկ այսքան վատ են արտահայտվել, գուցե  ագրեսիվ պահվածքի փոխարեն մտածեմ, թե որտե՞ղ եմ սխալվել, գուցե արժե՞ հանդիպել կինոքննադատների հետ, նրանց մատնանշած սխալներն ուղղելով ես կարող եմ ավելի լավը դառնալ: Ես չեմ ուզում ռեժիսոր, որը չի փորձում ավելի լավը դառնալ, որովհետև ինձ համար արդեն պարզ է, որ աճել չցանկացող մարդը բնականաբար պիտի ճահճանա: Իսկ Հայաստանում ճահիճը շատ է, այն շատացնելու փոխարեն պետք է մաքրել:

Ես կինոքննադատ չեմ: Ես Սարիկ Անդրեասյանի  ֆիլմերը  պոտենցիալ դիտող հերթական, շարքային մեկն եմ՝ ինչպես և դուք, և սա ավելի վատ է, որովհետև մենք  չենք տիրապետում ռեժիսորական մանրուքներին, չգիտենք՝ ինչպես պետք է կառուցվի դրաման, որպեսզի այն գրագետ լինի: Մենք միայն զգում ենք, ներքուստ ընկալում՝ այս ֆիլմը մեզ ի՞նչ տվեց, օգնե՞ց, ապտակե՞ց, ի՞նչ սովորեցրեց, իսկ զգացողություններին խաբելը դժվար է: Բոլորից է հնարավոր սովորել: Սարիկ Անդրեասյանից՝ նույնպես: Սարիկ Անդրեասյանից՝ հատկապես: Նրանից պետք է սովորել, թե ինչպիսին չպետք է լինի ռեժիսորը՝ իր հանդիսատեսի նկատմամբ անպատասխանատու, քննարկումների ու սխալների առջև խուլ,  հասարակության ցանկություններին անտարբեր ու անհաղորդ: «Երկրաշարժում» հրաշալի մարդիկ են աշխատել, նրանցից ոմանց ես շատ սիրում եմ, բայց՝ Սարիկի հետ համագործակցությունից դուրս ու ցավում եմ, որ ռեժիսորը ստվեր է գցում  նման  որակյալ դերասանների վրա՝ նրանց օգնելու, կոփելու, սիրել տալու ու աճեցնելու փոխարեն:

Սարիկ Անդրեասյանն իմ ռեժիսորը չէ, որովհետև ինձ չի կարող մոտիվացնել ու սովորեցնել մեկը, որը կարող է ինձ ամենավերջին բառերով ուղարկել գրողի ծոցը՝ եթե համարձակվեմ իրեն ասել, որ իր ֆիլմերից  մեկն ինձ ուղղակի դուր չի եկել: Հենրիկ Մալյանը, Ներսես Հովհաննիսյանն ու  Ֆրունզե Դովլաթյանը դրախտի կինոակադեմիայում հավանաբար դառը հոգոցներով են արձագանքում: Եկեք երկար մտածենք՝  անտեղի դափնիներ բաշխելուց առաջ:

Եվ եթե Սարիկ Անդրեասյանը, հայտնի խոսքի պես, հայհոյում է կոշկակարի պես, գուցե արժե փոխել՞ մասնագիտությունը:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register