7 ՀԱՐՑ. ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

5

 Խորագրի հյուրն է քաղաքագետ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ծրագրի համակարգող, hայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Արմեն Գրիգորյանը:

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Ինձ համար Հայաստանի ամենածածուկ անկյունը Քարվաճառն է, որի հրաշագեղ բնությունը յուրահատուկ ձևով է ազդում մարդու վրա: Չեմ ճանաչում գոնե մեկին, ով այցելած լինելով  Քարվաճառ՝ սիրահարված չլինի նրա չնաշխարհիկ  բնությանը: Առաջին իսկ այցից՝ յուրօրինակ կապ է ստեղծվում մարդու և  բնության միջև, որի ձգողականությունը հաճախ է մարդկանց ստիպում վերադառնալ Քարվաճառ:

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Երևի ամենաշատը նյարդայնացնում է հանրային տրանսպորտի կառավարումը:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ, ծիրան, խորովածից  բացի, ի՞նչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

-Այսօր մարդիկ  այցելում են Իսրայել, Շվեդիա, Ֆինլանդիա ոչ միայն այդ երկրների մշակույթին, այլև կառավարման հաջող փորձին ծանոթանալու նպատակով: Ի դեպ, նման այցերը նաև երկարատև և ամուր կապեր են ստեղծում: Հենց այս առումով, նման այցեքարտ կարող է դառնալ «ԹՈՒՄՈ»-ն:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Վերջերս մեծ հետաքրքրությամբ կյանքի, տիեզերքի և կենսաբանության, ավելի կոնկրետ`գենետիկայի վերաբերյալ  գրքեր եմ կարդում: Դրանք լուրջ ազդեցություն են թողնում իմ աշխարհընկալման, տիեզերաընկալման վրա: Այդ գրքերից մեկը Նիլ Դեգրաս Թայսոնի համահեղինակությամբ հրապարակված «Welcome to the Universe: An Astrophysical Tour» գիրքն է: Այս հրաշալի աշխատությունը՝ մարդու կողմից բացահայտված տիեզերքի գաղտնիքների մասին է: Մյուսը Շոն Քարոլի՝ «The Big Picture: On the Origins of Life, Meaning, and the Universe Itself» գիրքն է, որը վերաբերում է մարդու կողմից տիեզերքի ընկալմանը: Շատ տպավորիչ է նաև Ջենիֆեր Դուդնայի «A Crack in Creation: Gene Editing and the Unthinkable Power to Control Evolution» գիրքը: Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է մարդն իր գենի կառուցվածքը փոխելու  հնարավորություն ձեռք բերել, և թե այդ ձեռքբերումը ինչպիսի ահռելի ազդեցություն կարող է ունենալ մարդկության ապագայի վրա:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

-Իհարկե, այդպիսի մարդիկ իմ շրջապատում շատ են: Դրական լիցքերի մեծ աղբյուր են ընտանիքս, գործընկերներս ու ընկերներս:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Պլանետարիում, որը քաղաքացիներին՝ անծայրածիր տիեզերքի բացահայտման հնարավորություն կընձեռեր:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

-Անկախության խորհրդանիշը միանշանակ՝ ազատ քաղաքացին է: Անհատների ազատության հանրագումարն է պետությունն անկախ դարձնում, և ինչքան շատ ազատություններ ունի քաղաքացին, այնքան ավելի անկախ է տվյալ պետությունը: Հետևաբար, մենք դեռ ահռելի աշխատանք ունենք անելու:

Գարեգին Ալեքսանյան  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register