7 ՀԱՐՑ. ԶԻՆԱ  ՂՈւԿԱՍՅԱՆ

14

Խորագրի հյուրն է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանավարտ, «UWC Դիլիջան» քոլեջի ուսուցիչ Զինա Ղուկասյանը:

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Տաշիր քաղաքից դեպի Լեռնահովիտ գյուղ տանող ճանապարհին մի հատված կա, որտեղ փոքր ժայռեր են։ Բազեներ ու արծիվներ են այնտեղ ապրում, ճախրում  երկնքում։ Շատ գեղեցիկ վայր է, եթե ասվածին  հավելենք  նաև շրջակայքի դաշտերը, որոնք գարնանն ամբողջությամբ ծաղիկներով են լցված։

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Անասելի նյարդայնացնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար քաղաքի ոչ մատչելի լինելը՝ նեղ փողոցները, անհարմար թեքահարթակները, փողոցների վրա ուռուցիկ ելուստների բացակայությունը և այլն։

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Հայաստանի այցեքարտը կարող է դառնալ որակյալ կրթությունը։ Երազանք (նպատակ) է, որ Հայաստանը ճանաչված լինի՝ որպես բարձրագույն կրթություն ստանալու համար աշխարհի լավագույն երկրներից մեկը։ Կարծում եմ մենք նման պոտենցիալ ունենք և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» և առհասարակ՝ Հեսսեի մնացած գործերը, Ալբեր Քամյուի «Անկումը» և Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ» գիրքը, որը վերջերս եմ կարդացել ։

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Իմ բոլոր աշակերտները՝ իրենց փոքր ու մեծ հաջողություններով և ձախողումներով, չարաճճիությամբ ինձ մշտապես դրական լիցքեր են փոխանցում։

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Հնարավորության դեպքում Երևանում կկառուցեի հսկայական այգի՝ ծառերով, բացատներով, դաշտերով, որովհետև կարծում եմ, որ մեծ քաղաքներում հեշտ է բնությունից կտրվելը։

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

-Անկախության խորհրդանիշն ինձ համար անկախ մարդն է, ով ունի ընտրության հնարավորություն և կարողանում է դրանից օգտվել։

Գարեգին Ալեքսանյան

Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյան Mediamax

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register