ՎԱՇՏ, ՎԵ՛Ր ԿԱՑ

vasht

Դրական լույս

 Բանակային կյանքը  հիմնովին շրջում է երիտասարդի կյանքը: «Կյանքի դպրոցի» նոր, երկամյա դասընթացը նախորդներից տարբերվում է գրեթե ամեն ինչով: Տղան կտրվում է տան ջերմությունից, թաղամասի ծանոթ անկյուններից, ընկերների հետ զվարճանքից, մասնագիտական ուսուցումից կամ աշխատանքից: Կենտրոնական հավաքակայանից ուղևորվելուց ժամեր անց արդեն արթնանում է 50 անծանոթ մարդու հետ, որոնց հետ պետք է ծանոթանալ, հարաբերություններ հաստատել, աշխատանքի բաժանում կատարել, մի կտոր հաց կիսել և գուցե՝ մարտնչել հակառակորդի դեմ: Ծառայությունը ռեժիմ է հաստատում: Անկանոն գրաֆիկի սովոր  օրգանիզմը սկսում է սնվել վայրկյանների ճշգրտությամբ: Երբ յուրաքանչյուր առավոտ 6:30 լսում ես «վաշտ, վե՛ր կաց» հրահանգը, արդեն մեկ ամիս անց սկսում ես արթնանալ 6:29-ին… Ամեն օր քնելով  ութ ժամ, նոր ես միայն հասկանում, թե որքան արդյունավետ է այս գրաֆիկը պահպանելը: Տարիներ շարունակ մարզասրահի կամ սպորտի ժամանակ չգտնելով՝ բանակում ֆիզիկական հրաշալի վիճակում ես հայտնվում: Եթե նախկինում անմտորեն սպանում էիր ժամանակը, ապա բանակում սկսում ես իսկապես արժևորել յուրաքանչյուր ազատ րոպեն: «Այսօրվա գործը վաղվան մի թող» կարգախոսը բանակում գործում է իր բուն իմաստով, քանի որ այլ կերպ հնարավոր չէ:

Ծառայության հատկապես առաջին շրջանը՝ նորանոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ֆանտաստիկ ժամանակ է: Այս ընթացքում է, որ սովորում ես կրակել, խրամատ փորել, մարտական քարտեզ գծել,վրան կառուցել… Սա նաև փորձության շրջան է: Պետք է պարզել, թե ինչ նյութից ես, արդյո՞ք դիմանում ես ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և հոգեբանական ծուղակներին՝ հարզատներիդ, ընկերներիդ և սիրելիիդ հետ շփման գրեթե բացակայությանը: Ուսումնական փուլից հետո սկսվում է գործնականը: Հայտնվում ես սահմանին, նայում տեղանքին, ունեցածդ տեղեկությունները միավորում և կազմում մարտական իրական քարտեզ: Որովհետև ընդամենը հարյուր մետր այն կողմ ոչ թե քարտեզային նշանն է, այլ իրական, մինչև ատամները զինված ու հրամաններ կատարող հակառակորդը: Դիմացդ նկարված ականադաշտն է, սահմանին ձգվող նուրբ լարի երկայնքով տեղակայված են ընկերներդ, բոլորը կազմ ու պատրաստ:

Բանակը մի վայր է, որտեղ սովորում ես արագ գործել, կողմնորոշվել, կարգապահ, համբերատար և պատասխանատու լինել: Հենց բանակում են երիտասարդներից շատերն առաջին անգամ, այսպես ասած, կյանքի կազմակերպմանը մասնակցում, որպես կանոն դա պատահում է հատկապես դիրքերում: Շատերը զորացրվելուց հետո ասում են, որ դարձել են պատրաստի հոգեբաններ, քանի որ վարպետացել են մարդկային հարաբերությունների ընկալման առումով: Իսկապես, բանակում շատ բան կարելի է սովորել և  ծառայության տարիները առավելագույնս արդյունավետ դարձնել: Ի վերջո, մենք  գրեթե պատերազմական վիճակում ենք և բոլորս էլ կրակել և սեփական հողը, տունը, ընտանիքը պաշտպանելու կարիք ունենք:

Քննադատություն

Յուրաքանչյուր մարդ, կառույց, գիտություն առաջընթաց չի ունենա, եթե չշտկի իր բացերը, չհրաժարվի անարդյունավետ քայլերից: Բայց դրա համար նախ պետք է, որ որևէ մեկը մատնանշի բացերը և հետո՝ անհրաժեշտ է բավականաչափ կամք՝ փոփոխությունների գնալու համար: Հաճախ ամենաբարդ գործը հենց  թերություններ տեսնելն ու հայտնաբերելն է: Ասում են, որ արևմտյան որոշ կազմակերպություններ իրենց աշխատանքի օբյեկտիվ գնահատման, ուսումնասիրության և քննադատության  համար հատուկ մասնագետներ են վարձում: Այսինքն, մարդիկ գումար են տալիս, որպեսզի ինչ-որ մեկը ցույց տա փոփոխման ենթակա տեղերը: Իսկ Հայաստանում հակառակն է, շարունակում են նեղվել և հաճախ որպես անձնական վիրավորանք ընդունել առողջ քննադատությունը:  Վերևում անդրադարձա Հայաստանի զինված ուժերում ծառայելու մի շարք առավելություններին: Այժմ փորձենք ներկայացնել այն թերությունները, որոնց մասին պարբերաբար լսում ենք մամուլից, ծանոթ-անծանոթներից կամ տեսել ենք սեփական աչքով: Ծառայությունը շատ հաճախ ընդհատում է երիտասարդի ուսումը կամ աշխատանքային առաջին քայլերը: Եթե ծառայության առաջին 6-10 ամիսներին մեծաքանակ գիտելիք ես ձեռք բերում, ապա մնացած 14-18 ամիսներն անցնում են հիմնականում միապաղաղ և ձանձրալի: Զինված ուժերում անհրաժեշտ է, որ սկզբնական, զինվորական պարտադիր ուսուցման փուլն անցնելուց հետո կրթվելու շրջանը շարունակվի: Ընդհանրապես, երբևէ մտածել եք, թե ինչի համար է սահմանված հենց 2 տարի ժամկետ:

Զինծառայությունը պետք է ավելի շուտ ավարտվի, եթե մարդը չի պատրաստվում պրոֆեսիոնալ զինվորական դառնալ: 10 ամիսն էլ լիովին բավարար է ռազմական հիմքային հմտություններ ձեռք բերելու համար: Սակայն մեզ մոտ ծառայում են 2 տարի, քանի որ մարդաքանակի խնդիր կա: Ամենակարևոր և ծանր հարցը ոչ կանոնադրական հարաբերություններն ու բռնություններն են: Լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են նմանատիպ դեպքերին: Սակայն ոչ բոլոր դեպքերում են զինվորները զոհվում հակառակորդի կրակոցներից… Շատ կարևոր է, որ ուսումնական զորամասը լիարժեք պատրաստի զինվորին: Օրինակ, ուսումնական զորամասերում մանր ոջիլները բացակայում են, հետևաբար երբեք չեն սովորեցնում պայքարել դրանց դեմ, մինչդեռ սահմանային զորմասում և հատկապես դիրքերում դրանք մեր զինվորների արյունն են խմում: Մեկ այլ խնդրի մասին ևս: Որքան էլ խստացնեն և հակակոռուպցիոն նկատառումներով թափանցիկ դարձնեն նորակոչիկի զորամաս ընտրելու եղանակները, մեկ է, դրանք շրջանցելու սողանցքներ «գտնվում» են: Բոլորս էլ մեր շրջապատում գիտենք  մարդկանց, որոնք չնայած հաշմանդամ  կամ գիտնական չեն, բայց չեն ծառայել: Եթե կա օրենք, ուրեմն այն պետք է գործի բոլորի համար: Ապրիլյան պատերազմից հետո «Ճամփորդը» մի քանի անգամ այցելել է սահմանապահ դիրքեր, որտեղ ժամկետային զինծառայողներին միացել էին նաև կամավորականները: Դիրքում մարտական հերթապահություն էին իրականացնում ոչ թե 6-7, այլ՝ 13-14 մարտիկ:

Անխտիր բոլոր ժամկետային ծառայողները նշում էին, որ դիրքում բազմաքանակ լինելու դեպքում ավելի վստահ և մարտունակ են: Երբ 6 զինվոր և մեկ դիրքի ավագ են մարտական հերթապահություն իրականացնում, բոլորի համար շատ ծանր է լինում: Երկու ժամ հանգիստ, երկու ժամ՝ եզրագծին, երկու ժամ՝ «բլինդաժի» մոտ: Եվ այսպես 7 կամ 14 օր անընդմեջ: Զինվորը միայն խիստ անհրաժեշտության դեպքում պետք է դիմի ընտանիքին: ՀՀ ՊՆ-ն պարտավոր է ամենանվազագույնով ապահովել բոլոր զինվորներին: Ինչո՞ւ պետք է սափրվելու պարգաները, օճառը կամ գուլպաները ընտանիքի անդամներն ուղարկեն ծանրոցներով:

Հարցերն  ու խնդիրները բազմաթիվ են: Այդուհանդերձ, Հայկական բանակում և բանակի հանդեպ մոտեցման տրամաբանության փոփոխությունն անխուսափելի է: Հատկապես… ապրիլյան պատերազմից հետո:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register