ՄԵՐ ՄԱՍԻՆ ԱՍՈՒՄ  ԵՆ…

champorrd

Արդեն մեկ տարեկան ենք: Մեր խմբագիր Արթուր Ազարյանը հասցրել է գլուխը տմբտմբացնել՝ երեխեք, վերջին օրով մի՛ ուղարկեք նյութերը, բայց դե, մեկ տարեկան ենք ու դեռ չարաճճի, էլի հավաքում ենք հոդվածներն իրար գլխի ու սիրելի խմբագրի հանգստյան օրերը դարձնում անհանգստյան: Ոչ պակաս սիրելի Գոհար Հայրապետյանը՝ կայքի խմբագիրը, համբերատար հրապարակում է մեր հոդվածները՝  անձնանվեր տարածելով և ինքնամոռաց պաշտպանելով մեզ տրանսլիտ-հայերեն մեկնաբանություններից՝ աշխատանքից դուրս սեփական օրինակով ցույց տալով՝ ինչպես միշտ գեղեցիկ տեսք ունենալ և ճիշտ համադրել գույները: Արիանան միշտ կապի մեջ է ու հասանելի, սենյակների դարակներում համեղ մի բան ունի թաքցրած՝ մեզ հյուրասիրելու համար:  Խմբագրության ժողովներին բոլորս միահամուռ խոսում ու թեմաներ ենք առաջարկում, որոնք ամբողջացնում է Արևիկը՝ զուգահեռ նաև թարգմանելով Արիանային. կասկածներ կան, որ Արևիկը մարսերենին նույնքան վարժ է տիրապետում, որքան անգլերենին: Պարոն Աշոտն էլ մեր տառերին գեղեցիկ շապիկներ է հագցնում, տեղավորում թերթի էջերում ու մեզ ուղարկում տպագրատուն: Մեզ շատ են օգնում մեր  թիմի մյուս անդամները՝  ամենահաս Տիգրանուհին,  ամենախաղաղ Արարատը, որոնք կրիտիկական վիճակներում վազում են օգնության:  Լրագրողական կազմը հաճախ փոփոխվում է,  հիմնականում երեքս ենք. բոլոր անհասկանալի իրավիճակներից հոդված քամող ու գեղեցկուհու հայրիկ Գարեգինը, լրագրության «սև գոտի» կրող ու  մարտարվեստի սիրահար Տաթևիկն ու ես՝ արագախոս, ժողովների օրերին քննությունների վազողս (արգելել են ասպիրանտուրա գնալ, սպառնում են. կծեծենք, կամ ավելի ազդու՝ կամուսնացնենք):

Ճիշտ ժամանակն է, հոդվածներով ներկայանալուց բացի, օգտվել առիթից ու լսել ձեր կարծիքը մեր մասին: Իհարկե, հազարավոր ընթերցողների հետ զրուցել չի ստացվի: Իսկ այժմ ներկայացնեմ մեր  նթերցողներից  մի քանիսի դիտարկումներն ու բարեմաղթանքները, որոնք  հաշվի կառնենք ու կփորձենք ավելի լավը դառնալ: Ձեր առաջարկներն ուղարկեք մեզ «.Ֆեյսբուքում» ու էլեկտրոնային փոստին, հետևողական կլինենք: Շնորհակալ ենք, էլի ու էլի:

Ճամփորդի» հետ կապված միայն բարեմաղթանքներ ունեմ. Արիանայի հարցազրույցներից մեկում հենց իմացա, որ թերթը տպագրվելու է, անհամբեր սպասում էի: Առաջին պատճառներից մեկն այն էր, որ շատ եմ հավանել Արիանայի տեսակը՝ չնայած միայն հարցազրույցներով եմ ճանաչում: Որպես առաջարկություն. «Յոթ հարց» խորագրում թող ընթերցողներն էլ մասնակցեն:

Մարինե

  • Ճամփորդում» իմ սիրելի էջը՝ թերթի վերջին էջն է, երբ հասարակական գործիչները պատասխանում են հարցերի: Ուրախ եմ,որ նրանց մտքերը, այդ թվում քննադատությունը ներկայացվում է առանց գրաքննության: Կցանկանայի, որ թերթի մյուս էջերն ավելի հետաքրքիր ու ակտուալ լինեին: Երբեմն թվում է, որ թերթը կտրված է քաղաքային իրականությունից:

Արման Ղարիբյան

 Ճամփորդը» կարդում եմ գրեթե ստեղծման օրվանից.եկած-չեկած նոր գույն ու ոճ բերեց տեղեկատվական հարթակ։ Երևի ոգևորողն այն էր, որ խմբագիրը չլինելով հայ՝ իրեն պահեց ավելի «հայավարի», քան մեզնից շատերը։ Սիրեցի «Ճամփորդն» ու կարդում եմ մեծ ոգևորությամբ: Որպես ընթերցող «պահանջում եմ», որ տպագրությունը դադարեցնելու մասին չմտածեք։ Շնորհակալ եմ հետաքրքիր լինելու համար ու շնորհավորում եմ տարեդարձը:

Մարիամ Հովհաննիսյան

 Որպես մաղթանք. ուզում եմ, որ  ձեր ընթերցողները չինացիներից կամ գոնե Հայաստանում հնդկական հեռուստասերիալ  նայողներից շատ լինեն: Թող մարդիկ «վայֆայի» փոխարեն ձեր թերթը փնտրեն: Կուզեի որ շաբաթաթերթը ավտոբուսներից բացի լինեին նաև նստարանների մոտ, սրճարաններում: Ու կուզեմ ավելանան  քննադատական, սարկազմով լի հոդվածները:

Թերեզա Իսպիրյան

Շնորհավորում եմ, նորանոր հաջողություններ, թերթը իր ֆորմատով ինձ դուր է գալիս, նույն ոգևորությամբ շարունակեք:

Նարե Հարությունյան

 Լավ կլիներ, որ  ավտոբուսում շատ տպաքանակ լիներ, որպես մաղթանք` կուզեի, որ շարունակվեր, կրիտիկա չունեմ:

Աշոտ Ասատրյան

 Սիրում եմ տվյալ թերթը, քանի որ մի շնչով կարդալու նյութեր են ու բացարձակ չեն ճնշում: Հիմա առաջարկները.  մի պապիկ, երբ վերցրեց թերթն ու սկսեց ուսումնասիրել,դժգոհեց միայն, որ խաչբառ չկար: Մնացած առումով դեմքի արտահայտությունից հասկացա, որ դուր եկավ թերթը:

 Հ.Գ.Իմ սովորությունն էլ վերջին էջի հարցազրույցները կարդալն է, որովհետև մարդկանց տարբերությունն ենք տեսնում: Բարեմաղթանք՝ թող «Ճամփորդ» կարդացող բոլոր ճամփորդները Ձեր թերթն այնքան հավանեն, որ այն երբեք չօգտագործեն կենցաղային իրեր տեղափոխելիս:

Շուշանիկ Ասատրյան

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register