ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ. 50-ՐԴ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ

cover

Ազգային անվտանգության հունիսի 17-ին  հրապարակած տեսանյութում երևում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հասարակ քաղաքացիների՝ սահման ուղարկված օգնության մի մասը հայտնվել է ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում: Խտացրած կաթի, մսի պահածոների, նույնիսկ դեղորայքի, զուգարանի թղթերի և զինվորական հագուստի արկղերի վրա գրված են տարբեր դպրոցների, ուսումնական հասատատությունների անվանումներ:

Տեսանյութում երևացող արկղերից մեկի վրա փակցրած է թուղթ՝ «Երևանի N50 դպրոց»: Այսօր մենք այցելել ենք Շենգավիթում գտնվող թիվ 50 հիմնական դպրոց, որտեղ հանդիպել ենք դպրոցի գործավարին և 2 տարի առաջ զինվորներին նամակներ գրած դպրոցականներին: Մեզ հանդիպած ուսուցիչները, կարելի է ասել, շոկի մեջ էին, իսկ 13 տարեկան պատանիներն առաջին հայացքից ավելի թեթև էին վերաբերվում տեղի ունեցածին:

1

«Ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես բոլոր դպրոցները, մեր դպրոցը ևս օգնության կարգով հավաքել է դեղորայք, հագուստ, սննդամթերք, տաք ծածկոցներ… ով ինչ կարողացել՝ բերել է: Փորձել ենք մեր փոքր ներդրումով օգնել սահմանին ծառայող զինվորներին: Սննդամթերքի հետ միասին մեր աշակերտները գրել էին նամակներ և մի ծնող էլ բերել էր փոքրիկ խաչեր, որոնք նամակի հետ միասին դրվել է արկրղերի վերին մասում: Երեխաները սպասում էին, որ իրենց ուղարկած նամակներն ինչ-որ արձագանք կունենա…,»-  նշում է դպրոցի գործավարը Անահիտ Սարգսյանը:

2

Պարզվում է, որ ուսուցչական անձնակազմը ցանկացել է արկղերը տանել Մաշտոցի պուրակ, որտեղ կազմակերպված հավաքում էին քաղաքացիների օգնությունը, սակայն դպրոցի նախկին տնօրենը (Վարդանյան Սոս, ով պաշտոնից հեռացել է անցած տարվա հունվարին) և մասնագիտական կրթական աջակացությունների գծով փոխտնօրենը (Հովհաննիսյան Անժելա) որոշել են հավաքված օգնությունը սահման ուղարկել Երկրապահ կամավորականների միության միջոցով, որի Շենգավիթի մասնաճյուղից էլ տարել են արկղերը: Հետագայում(2016-ի մայիսին) ԵԿՄ Շենգավիթի կենտրոնի ներկայացուցիչ Գառնիկ Հովսեփյանը դպրոցին հանձնել է շնորհակալագիր: Ի դեպ, Անժելա Հովհաննիսյանը մեր այցելության պահին տեղում չէր. նա հրավիրված էր քննչական ծառայություն:

IMG_9908

«Աշակերտների շրջանում դրահամահավաք չի եղել: Սակայն ուսուցչական անձնակազմով մեր համեստ աշխատավարձներից կարողացել ենք ընդհանուր առմամբ 75.000 դրամ գումար հավաքել և օգնել երեք ընտանիքի. 25.000-ական դրամ հանձնել ենք այդ պահին սահմանում ծառայող մեր նախկին աշակերտների ծնողներին»,- նշում է Անահիտ Սարգսյանը:

3

Մենք հանդիպեցինք նաև 13-ամյա երեք դպրոցականի՝ Հովհաննես Աղվանյանին, Գևորգ Բոյաջյանին և Լուսինե Ավդալյանին, որոնք այժմ 8-րդ դասարան են փոխադրվել, իսկ 2 տարի առաջ մասնակցել են ծանրոցների կազմելուն և նամակներ են գրել զինվորներին:

IMG_9902

«Նամակս ուղղված էր զինվորին, գրել էի, որ հպարտանում եմ մեր զինվորներով: Նշել էի, թե ինչ եմ ուղարկում՝ խտացրած կաթ, գուլպա, հիգենիայի պարագաներ: Չէի սպասում, որ անպայման պատասխան նամակ կստանամ, թեև եթե լիներ, ինձ հաճելի կլիներ: Երբ իմացա, որ զինվորներին չի հասել նամակս և ուղարկածս իրերը, ուտելիքը, շատ տխրեցի: Մենք անկեղծորեն հավաքում էինք ամեն ինչ, բայց ի վերջո հայտնվեց Մանվել Գրիգորյանի պահեստում: Կարծում եմ, որ այժմ գոնե նամակները, իրերը պետք է անպայման ուղարկվեն զինվորներին, որպեսզի նրանք իրենց լավ զգան և մենք էլ՝ մեզ»,- նշում է ժպտերես Հովհաննեսը:

4

Լուսինեն և Գևորգը պատմեցին, որ իրենց նամակներում շնորհակալություն են հայտնել զինվորներից և բարեղամթանքներ են հղել՝ որպեսզի առողջ հետ վերադառնան տուն: Լուսինեն նշեց, որ տանից բերել է քաղրավենիք, հագուստ, ծխախոտ:

Պարզվեց նաև, որ մեզ հետ զրուցող դպրոցականները և իրենց ընտանիքի անդամները մասնակցել են ապրիլի երկրորդ կեսին և մայիսի սկզբին Հայաստանում տեղի ունեցած ցույցերին, բողոքի ակցիաներին: Դպրոցում էլ երկարատև դասադուլ է եղել հայտարարված:

Թե՛ ուսուցիչները, թե՛ դպրոցականները հույս ունեն, որ իրենց նամակները և այն ապրանքները, որոնք դեռևս պիտանի են, կուղարկվեն զինվորներին:

5

Արխիվային լուսանկարներ՝ թիվ 50-րդ դպրոցի օգնությունը 2016-ի ապրիլին:

6

7

Գարեգին Ալեքսանյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register