ՏԻՐԱՊԵՏԵԼ  ԱՌԱՐԿԱՅԻՆ,  ՈՉ  ԹԵ  ՀԱՐՑԱՇԱՐԻՆ

usanox

Մեր Հայաստանը բուհերի պակաս չունի. թանկ ու համեմատաբար էժան, պետական ու մասնավոր, տեղական ու  արտասահմանյան, նորմալ կրթություն տվող և ոչ այնքան, մի խոսքով՝ դպրոցն ավարտող տղաներն ու աղջիկները լայն ընտրություն ունեն: Իսկ ի՞նչ անել բակալավրական աստիճանն ավարտելուց հետո: Մագիստրոսական ծրագրերը հաճախ շատ չեն տարբերվում բակալավրինից, դասախոսկան կազմը գրեթե նույնն է, իսկ պահանջկոտության ու կարգապահության աստիճանը՝ զգալիորեն ցածր: Էլ չեմ ասում, որ աշխատանքի ընդունվելիս շատ տեղերում ,հայրենական արտադրությանե բակալավրի ու մագիստրոսի միջև գործատուն առանձնապես տարբերություն չի էլ դնում: Բարձրագույն կրթությունը բարձրագույն է, էլի…

Եվ ահա, նորահայտ բակալավրը, եթե ուզում է ավելի լուրջ կրթություն կամ կամ գոնե կրթության ավելի լուրջ վկայական ձեռք բերել, նստում է համակարգչի առջև և կայք առ կայք փնտրում, հայտեր է լրացնում:

Աշխարհի ամենատարբեր երկրների համալսարաններում այսօր հարյուրավոր ուսանողներ կան Հայաստանից: Ուսանում և ապրում են՝ սեփական միջոցների հաշվին, հովանավորների օգնությամբ, կամ իրենց անուրանալի շնորհների համար տրված՝ կրթական օժանդակության տարատեսակ ծրագրերով:

Բելգիայում գտնվող Լյուվենի կաթոլիկ համալսարանի անունը ածխարհում շատ հայտնի չէ, սակայն այստեղ բազմաթիվ հայեր են սովորում: Նրանցից մեկը ապագա հետազոտող տնտեսագետ Լիլիթ Ափյանն է: Ընդունվելու համար հանձնել է միայն լեզվի քննություն, մնացած գնահատականները տեղափոխվել են այստեղի համալսարանից: Չնայած Հայաստանում նրան անվճար մագիստրատուրա էր սպասում, Լիլիթը որոշում է չգնալ կարմիր դիպլոմի առավելությամբ տրվող հեշտ ճանապարհով և ուղևորվում է Բելգիա: Մագիստրոսական երկամյա կուրսը ավարտին է մոտենում և Լիլիթը նոր ընտրության առջև է՝ գալ Հայաստան, կամ ուսումը շարունակել ասպիրանտուրայում՝ կրկին Հայրենիք վերադառնալու հեռանկարով, չնայած ոչ մի ծրագրի չի մասնակցում և տուն վերադառնալը պարտադիր պայման չէ:

– Որո՞նք են արտասահմանում ուսման առաջին դժվարությունները, ինչ խնդիրների առաջ ես կանգնել, ինչպես ես դրանք լուծել:

– Առաջին խնդիրը, որին բախվում ես՝ մենակ ապրելն է: Տանը քեզ համար պատասխանատու են ծնողներդ՝ այստեղ մենակ ես: Որքան էլ ուզում ես ինքնուրույն եղիր, ծնողներդ ու հարազատներդ ամեն պահի կողքիդ են, իսկ այստեղ միայնակ, ինքդ ես որոշում՝ ինչ եփել, ինչ հագնել:

Անգամ հասարակ տրանսպորտից օգտվելը դժվար էր: Ուրիշ երկիր է, ուրիշ բարքեր: Մինչ ուսումը արտասահմանում շատ եմ եղել, սակայն հանգստանալն ուրիշ է, ապրելը՝ ուրիշ: Բելգիայում երեք լեզվով են խոսում՝ հոլանդերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Շփվելիս անկախ քեզանից լարվում ես՝ հասկանալու և լեզուները չշփոթելու համար:

Կրթությունը ավելի բարդ է: Հայաստանում անգլերենը սովորում ես որպես օտար լեզու, շփման միջոց, իսկ այստեղ ստիպված ես բոլոր առարկաները, տերմինները անգլերենով յուրացնել: Դրանք լրիվ տարբեր բաներ են: Բացի այդ, կրթությանն այստեղ լրիվ այլ կերպ են մոտենում: Հայաստանում ես սովորում էի տեսություն, իսկ այստեղ գործնականն է առաջին տեղում: Ուսանողը ինքն է կազմում իր դասացուցակը, ավելի ինքնուրույն է:

– Կա՞ մի բան, որն ըստ քեզ, պակասում է Լյուվենի համալսարանում՝ Հայաստանի բուհիդ համեմատ:

– Որքան էլ զարմանալի կթվա՝ այո, կա: Ուսանողական ոգին, ուսանողական կյանքը այստեղ կարծես մեռած լինի: Ամեն մեկը իր դարդն ու ցավն ունի: Ուսանողներս այստեղ հազվադեպ ենք շփվում իրար հետ: Ուսանողական խորհուրդ կոչվածը, որը կար մեր համալսարանում, այստեղ էլ կա, սակայն ուրիշ գործառույթներ է իրականացնում: Հայաստանում ուսանողների «թիմային ոգին» ավելի ուժեղ էր: Դրան հակառակ՝ այստեղ դասախոսներն են այլ կերպ շփվում իրենց ուսանողների հետ: Նրանք ավելի: շատ ընկեր են, քան դասախոս:

Հաջորդ լուրջ դժվարությունը քննական շրջանն էր: Պարզվեց, որ այստեղ հարցաշարեր չկան, ինչին որ մենք սովոր ենք Հայաստանում: Այստեղ առարկային պիտի տիրապետես և ոչ թե գիտենաս հարցաշարերի պատասխանները: Կարդում ես  մասնագիտական գրականությունը և սեմեստրի ավարտին պիտի պատրաստ լինես պատասխանել ցանկացած հարցի, որը վերաբերում է թեմային:

– Լյուվենի համալսարանի հետ կապված մի հետաքրքիր դեպք կհիշե՞ս:

– Հետաքրքիր էր մասնագիտությանս ընտրության պատմությունը: Ընտրեցի, որովհետև լավ էր հնչում, բայց անգամ չէի պատկերացնում, թե ինչ եմ ընտրել: Կուրսում դասախոսները երբ իմանում էին, որ «հետազոտող անալիտիկայի» կուրս եմ ընտրել, ասում էին՝ կեցցես, զարմանում էին: Հետո միայն պարզեցի, որ տնտեսագիտական ուղղություններից ընտրածս ամենաբարդն է և նախորդում է ասպիրանտական կուրսին:

– Պատրաստվում ե՞ս արդյոք շարունակել կրթությունը:

– Հայաստանում և այստեղ ասպիրանտուրաները իրարից շատ են տարբերվում:  Այժմ կրթությունս շարունակելու համար երեք տարբերակ ունեմ: Կամ պիտի մասնակցեմ մրցույթի, որ շահեմ գրանտ՝ մասնագիտական հետազոտության համար, սակայն այն գրանտը, որին ես կցանկանայի մասնակցել, Հայաստանից եկած ուսանողների համար նախատեսված չէ:

Երկրորդ տարբերակը տեղի համալսարանում անվճար դասախոսելն է՝ կրթությունը շարունակելով:

Երրորդի մասին չեմ էլ մտածում՝ դա ինքնաֆինանսավորումն է, իսկ Բելգիայի պես թանկ երկրում ինձ համար դա ուղղակի անհնար է:

Մի բան հաստատ գիտեմ՝ այս երկու տարիների ընթացքում ես հասկացա, որ տնտեսագիտությունը շատ ու շատ փակ դռներ ունի՝ մեկը մյուսից հետաքրքիր, ու ես պատրաստվում եմ այդ բոլոր դռներ բացել, շարունակելով խորանալ միջազգային առևտրի տնտեսագիտության մեջ:

Վերջին դուռը, իհարկե, կլինի հարազատ տանս դուռը: Հայաստանից այնկողմ կյանք չեմ պատկերացնում. կուտակածս գիտելիքները կբերեմ Հայրենիք ու կփոխանցեմ նրանց, ովքեր դրա կարիքը ունեն:

 

Սպարտակ Գրիշյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register