ԱԳՈՒԼԻՍԻ  «ՎԵՐՋԻՆ  ՄՈՀԻԿԱՆԸ»

aguleci

Երևանի Մուրացանի 79 հասցեում գտնվող առանձնատունը յուրահատուկ է։ Առաջին հայացքից, փողոցի տների շարքում իր համեստ տեղը գտած այս մեկը կարծես ոչնչով չի տարբերվում մնացածներից, բայց իրականում այն իր պատերի մեջ ամփոփում է  մի ամբողջ աշխարհ, որտեղ թեկուզ մի քանի րոպե գտնվելը բավական է հայկական` դարերից եկած ծիսական ավանդույթներով, կենցաղի մշակույթով և արվեստի գործերով ներշնչվելու համար։

Ագուլեցի» թանգարանը, որը գործում է արդեն ավելի քան 40 տարի, վաղուց է հայտնի Հայաստանում և արտերկրում։ Ամենուր գույների բազմազանություն է, ձևի ու բովանդակության ներդաշնակություն, տարազներ են, ծիսական տիկնիկներ ու փնջեր, կենաց ծառեր, արծաթե զարդեր և իհարկե՝ յուղաներկով արված բազմաթիվ կտավներ, որոնք հենց Լուսիկ Ագուլեցու վրձնի գործերն են։

 

– Երբվանի՞ց է սկիզբ առնում հայկական տարազի պատմությունը  և արդյո՞ք մի հատուկ խորհուրդ ունի տարազը։

– Յուրաքանչյուր ազգի անհատականությունը գալիս է իր կենսաձևից: Եվ տարազը գոյություն է ունեցել հազարամյակներ, մինչև 1920-ական թվականները, որից հետո, կարծես, վերացավ, դուրս եկավ կենցաղից: Սակայն դրանից հետո տարազը դարձավ  ստեղծագործողների, նկարիչների, հեղինակային գրքերի թեմա և հիմա կարծես թե վերականգնվում է:

Ես 43 տարի է՝ տարազ եմ հագնում և այն դարձել է իմ սեփականությունը, իմ իմիջը, իմ անհատականության անբաժանելի մի մասը: Ի դեպ, հետաքրքիր մի փաստ ասեմ. դարեր առաջ, երբ վաճառականները Չինաստան կամ Ճապոնիա էին գնում, նույնիսկ օտարները հայկական տարազ էին հագնում, որովհետև հայ վաճառականները մեծ հարգանք ունեին այդ երկրներում: Այլ կերպ ասած՝ հային ճանաչում էին իր տարազով և ով ուզում էր հայ ներկայանալ, առաջին հերթին հենց տարազն օգտագործում այդ նպատակով։

– Տարազը առօրյա հագուստ է թե՞ միայն տոնական:

– Եղել  են և՛ տոնական տարազներ, և՛ առօրյա: Չունևոր ընտանիքները հագել են առօրյա զգեստ, իսկ ունևոր խավը միշտ շքեղ գործած տարազներ է հագել և հիմնականում կրել է արծաթեղեն, որը յուրաքանչյուր կնոջ զարդարանքի պարտադիր մասն է եղել: Տղամարդկանց դեպքում  տարազը ավելի պակաս ճոխ ու շքեղ է եղել, բայց այս դեպքում նույնպես կար նաև կենցաղային տարազ. արհեստավորի, գործավորի:

– Ի դեպ, թանգարանում ներկայացված են ավելի շատ կանաց տարազներ, քան տղամարդկանց։ Ինչո՞վ է  բացատրվում տղամարդկանց տարազների համեմատաբար փոքր քանակը։

– Նախ ասեմ, որ այս թանգարանը մեռած իրերի հավաքածո չէ: Մեր հիմնական նպատակը թանգարանի նմուշներն այսօրվա առօրյային վերադարձնելն է: Իսկ մեր կենսաձևը այժմ շատ է փոխվել. չես կարող տղամարդուն համոզել, որ հագնի 19-րդ դարի տարազ: Կան 19-րդ դարի  տարազներ, որոնք շատ ճոխ են և ամբողջը ձեռագործ աշխատանք: Դրանք հիմնականում հարսանեկան ծեսի ժամանակ են հագել: Իսկ հիմա դա վերականգնելը նախ շատ դժվար է ու թանկ, երկրորդն էլ՝ ամեն մի փեսա չի հագնի:

Ի դեպ, տարիներ առաջ մի հետաքրքիր դեպք եղավ, երբ Մոսկվայից եկած զույգը այստեղ ամուսնացել էր և հարսանեկան ծեսին հարսն ու փեսան կրել էին հայկական տարազներ: Այժմ նրանք պատրաստվում են իրենց որդուն ամուսնացնել և կրկին եկել էին թանգարան ինձ հետ խորհրդակցելու, թե ինչպե՞ս անեն, որպեսզի իրենց որդու հարսանիքին հարսն ու փեսան  լինեն ավանդական հայկական տարազներով, հարսանեկան ծեսի ժամանակ լինի կենաց ծառը:

– Հնարավո՞ր է հայկական տարազը համատեղել նորաձև հագուստի հետ:

– Իհարկե հնարավոր է: Ընդամենը մի քանի տարի առաջ տարազը գրեթե բացարձակ աչքի չէր ընկնում որպես մշակույթ իր տեսակի մեջ, միայն ազգագրագետներն էին նյութեր գրում: Հիմա արդեն աշխատում են դրա վրա և՛  նկարիչները, և՛ դիզայներները, որոնք բավական հետաքրքիր բաներ են պատրաստում:  Կարծում եմ, որ եթե հասարակությունը վերադառնա իր ազգային ակունքներին, ստեղծագործող մարդիկ պատրաստ կլինեն նոր ու հետաքրքիր շատ բան առաջարկելու՝ գեղեցկության «ավանդական» զինանոցից: Ուղղակի՝ ժողովուրդը պետք է ինքը սիրի, ինքը օգտագործի, ինքը կարողանա կենցաղ մտցնել:

– Երբվանի՞ց եք Ձեզ գիտակցել իբրև նկարչուհի։

– Շատ վաղ մանկությունից, համարյա 5 տարեկանից: Հիշում եմ, 16 տարեկանում Ագուլիսի եկեղեցու բակում նստած նկարում էի և այնտեղ էր նաև ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին:  Այդ հանդիպումից արդեն անցել է 50 տարի, և նա իր գրքում նկարագրել է, թե ինչպես եկեղեցու մոտ նստած ես նկարում էի և կարծես այնտեղ Աստծո լույսն էր իջնում: Այլիսլին ճշգրիտ էր տեսել. ամբողջ կյանքումս, ինչ էլ պատկերեմ, ես հենց այդ լույսն եմ նկարում:

– Ի՞նչ ցուցահանդեսներ եք ունեցել, ո՞ր երկրներում, ինչպե՞ս են ընդունվել Ձեր աշխատանքները։

– Բազմաթիվ ցուցահանդեսներ՝ աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այս տարի, օրինակ,  Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, աղջկաս հետ 30 տարազ պատրաստեցինք։ Մեզ հետ աշխատում էին արծաթագործներ, ձեռագործի վարպետներ, դերձակներ, ում հետ 2 ամսվա մեջ պատրաստեցինք 30 տարազ, որոնցով հետո ցուցահանդեսով ներկայացանք Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում:

– Իսկ վաճառու՞մ եք նաև այն, ինչ կա թանգարանում, ընդունո՞ւմ եք պատվերներ։

– Թանգարանի նմուշներից՝ ոչինչ: Բայց քանի որ անհնար է միայն «Լուսիկ Ագուլեցի» հիմնադրամի միջոցներով թանգարանը պահել, գրքեր ենք վաճառում և ծիսական փնջեր, օրինակ՝ Տրնդեզի ժամանակ:  Վաճառվում են նաև իմ նկարները: Տարազները հրաժարվում եմ վաճառել, իսկ կիսաժամանակակից տարազների պատվերներ վերցնել չեմ ուզում. չեմ ուզում շեղվել:

– Թանգարանի մուտքը այցելուների համար ազատ է՞։

– Այո, մենք տոմս չենք վաճառում: Մարդիկ ազատ կարող են գալ, նստել, զրուցել, կիսվել։ Մենք կենդանի թանգարան ենք, շուտով Զատիկ է լինելու և մեր սեղանը զարդարված է լինելու համապատասխան կերպով:

– Թանգարանը միայն թանգարա՞ն է, թե՞ նաև ձեր կացարանը։ Դուք հենց այստե ՞ղ եք բնակվում։

– Առայժմ բնակվում ենք այստեղ, թանգարանում, բայց մեկ շաբաթ առաջ ես բնակարան ստացա Երևանի Քաղաքապետարանից և շուտով  կարող ենք տեղափոխվել, որպեսզի թանգարանը լիարժեք աշխատի: Թանգարանը նաև մեծ արվեստանոց է, այստեղ  աշխատում են  մարդիկ, որոնք գործում են, կարում են, խմբեր ենք ընդունում, ձեռքի աշխատանք ենք սովորեցնում, անընդհատ մարդկանց հոսք կա:

Ագուլեցի» թանգարանը ստեղծվել, պահպանվում և աշխատում է իմ ընտանիքի ջանքով ու միջոցներով։ Այսեղ և՛ երջանկահիշատակ քանդակագործ ամուսնուս շունչը կա, և՛ նրան փոխարինող տղայիս, և՛ դստերս։ Մեր ընտանիքում 10 հոգի ենք, բոլորս էլ արվեստագետներ, «Ագուլեցի» թանգարանի պահապանները։

 

Վլադիմիր Հովհաննիսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register