ՎԵՐՆԻՍԱԺ.  ԱԶԱՏ,  ԱՆԿԱԽ  ՄԱՐԴԻԿ

vernisaj5

Երևանի հոգու վիտրաժն է Վերնիսաժը: Դրսից նայողի համար՝ իր գույներով ներկում է մայրաքաղաքը: Երբ նայողի աչքերի լույսը ներսից է, աշխարհն է ներկվում այս վիտրաժի գույներով: Շաբաթ և կիրակի Վերնիսաժ – վիտրաժը լուսավորվում է երկու կողմերից, և քաղաքի այս կտորը սկսում է փայլել ապակյա գանձերի ցոլանքով: Վերնիսաժի սեղաններին արվեստն ու արհեստը պառկում են իրար կողքի, միմյանց շունչ են տալիս, իրար փոխանցում են մեկի վարպետությունն ու մյուսի ոգին:

Այս շուկայում, կարծես թե, կարելի է գտնել ամեն ինչ: Եվ քանի որ ամեն ինչի հիմնական սպառողներն օտարերկրացիներն են, վաճառողների համար էլ տարվա ընթացքում 3 ամիս սեզոն է, 9 ամիս՝ չսեզոն: Շատերն ամբողջ տարին վնասով աշխատում են՝ սպասելով սեզոնին, չկորցնելով իրենց տեղը շուկայում:

Վերնիսաժի պատմությունը սկիզբ է առնում 80-ականներից, երբ նկարիչներն իրենց աշխտանքները սկսեցին ցուցադրել ու վաճառել Մարիրոս Սարյանի հուշարձանը բոլորող այգում: Երբ տարածքը սկսեց չբավականացնել, Վերնիսաժը բաժանվեց երկու մասի: Նկարիչներից համառներն ու տոկունները մնացին Մարտիրոս Սարգիսիչի ընկերակցությամբ, իսկ հեղափոխականներն ու հոգով արիները՝ տեղափոխվեցին ներկայիս Բուզանդ – Խանջյան խաչմերուկում գտնվող Օղակաձև զբոսայգու տարածքը:

Հին վաճառողներն ասում են, որ 25 տարի առաջ Վերնիսաժում գլխավորապես հենց արվեստագետներն ու արհեստավորներն էին կանգնում տաղավարների մոտ, իսկ այժմ մեծամասնությունը վերավաճառողներ են: Եվ քանի որ վերավաճառողի համար կարևորը վաճառելն է՝ արվեստների հարթակը վերածվել է շուկայի: Տարիքով վաճառողները շատ են դժգոհում, որ նույնիսկ շուկան է տեսքը գցել, հատկապես, երբ Արամի և Բուզանդի փողոցներում սկսել են հագուստ վաճառել: Մրցակցությունը շատ է մեծացել, իսկ զբոսաշրջիկների քանակն ու կարողությունը՝ նվազել: Օրինակ, ռուս գնորդները նախկին նման ձեռնբաց չեն և հաճախ փորձում են գին սակարկել:

vernisaj1

Ընդմիջման ժամին Վերնիսաժի հարակից շենքերից մեկում գտնվող խանութ-ճաշարանը միշտ լիքն է: Տաք ուտեստների, ալկոհոլի բույրին միանում են նաև քաղաքական թեմաներով խոսակցությունները՝ ստեղծելով բնիկ երևանյան անկրկնելի միջավայր: Կարծես թե հայտնվել ես արվեստային գործարանի ճաշարանում:

Վերնիսաժում վաճառքով են զբաղվում արդեն սերնդեսերունդ: Անցած տարի մահացած վարպետ Աբրահամի գործը շարունակում են որդին և դուստրը. վերջինս պատրաստում է, իսկ եղբայրը՝ վաճառում: Աշխատանքները հիմնականում հայկական խոհանոցային թեմաներով են: Ամենափոքր աշխատանքներ սառնարանի մագնիսներն են. մատնաքաշ, սոխ, բիբար, կտրատած բաստուրմա, պանիր, թավայով ձվածեղ: Աբրահամի որդին՝ Ռուբենը, նշում է, որ աշխատանքները հիմնականում գնում են օտարերկրացիներն ու սփյուռքահայերը:

Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Ռուդիկ Պետրոսյանն արդեն 25 տարուց ավելի Վերնիսաժում է: Վաճառում է հատուկ շրջանակի մեջ ներփակված տարբեր գույների ավազային բնապատկերներ, որոնք սկսում են ծորալ և սարահարթային նոր պատկեր են ստանում, երբ շրջանակը 180 աստիճանով պտտում ես: Ռուդիկը իր աշխատանքների հավաքածուն անվանում է «Մենք ենք, մեր սարերը» Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության և Հենրիկ Մալյանի համանուն ֆիլմի անվամբ: Սակայն 90-ականներին, երբ «լույս չկար», Ռուդիկն իր աշխատանքները կոչում էր «քյասիբի տելևիզր», քանի որ առանց հոսանքի աշխատող այս ավազապատկերները կարող էին փոխարինել հեռուստացույցը. շուռ տուր ու նայիր:

Վերնիսաժում վաճառողները օտարերկրացիների հետ աշխատելու իրենց ռազմավարություններն են մշակել: Վարպետ Ռուդիկը անցած տարիների ընթացքում սովորել է պարսկերեն ամենահասարակ խոսակցական արտահատությունները, և հենց մեր զրույցի ընթացքում պարսիկ գնորդին բացատրում է իր աշխատանքի նրբությունները: Մի քանի րոպեից հետո սկսում է թուրքերեն բացատրել, վերջում էլ պարսկերենով իր աշխատանքների մասին բացատրական թերթիկ է տալիս: Նշում է, որ նմանատիպ աշխատանքները կարող են հոգեբանական դրական ազդեցություն ունենալ մարդկանց վրա, ինչն իր առևտրային հորինած պատմությունը չէ, այլ հիմնավորված գիտություն: Զարմանում է, որ մինչ այժմ ատամնաբուժարանները չեն օգտագործում նմանօրինակ աշխատանքներ. չէ՞ որ հրաշալիորեն կարող են զբաղեցնել հաճախորդին:

vernisaj

Վերնիսաժում նաև գիրք է ծնվել: 2013 թվականին լույս է տեսել Լևոն Ջավախյանի տաղանդավոր «Վերնիսաժ» գիրքը: Արձակագիրը պատմվածքների ժողովածուն վաճառում է արծաթյա զարդերով ծածկված սեղանին: 90-ականների սկզբից է մուտք գործել Վերնիսաժ, մինչ այդ որպես խմբագիր աշխատել է «Հայ աշխարհ» և «Բանբեր» թերթերում: Ասում է, որ տուն պահելու համար է հայտնվել Վերնիսաժում:

Վերնիսաժը սոցիալական տառապանքի արդյունք է: Երբ որ հին երկիրը կորցրեցինք, նորն էլ չգիտեինք՝ որն է, այդ ժամանակ մարդիկ պատեպատ ընկան՝ ո՞նց ապրեն: Վերնիսաժի հիմնական նպատակը ոչ թե ժողովորդին էսթետիկական հաճույք պատճառելն էր, այլ ապրուստի միջոց ունենալը: Ով ինչ շնորհք, տաղանդ ուներ՝ դուրս հանեցին, որ ապրանքի վերածեն, վաճառեն, տունը պահեն: Նկարներ, արվեստի գործեր, քանդակներ, հետո արծաթ, օբսիդիանի քարեր, երաժշտական գործիքներ:

Վերնիսաժը թե՛ 90-ականներին, թե՛ հետո միշտ էլ լավ է աշխատել տուրիստական ամիսներին՝ հուլիսին, օգոստոսին: Հիմա առևտուրը նախկինի համեմատ շատ է վատացել, որովհետև և՛ տուրիզմը այն չէ, և՛ վաճառողներն են շատացել, և՛ ժողովուրդն է քչացել, և՛ դոլարի գինն է փոխվել: Օրինակ՝ ես իմ աշխատանքը հիսուն դոլարով եմ սկսել, իսկ հիմա այդ գումարով մի քայլ էլ չես կարող գցել:

Հատուկ չեմ մտածել Վերնիսաժի մասին գիրք գրել: Այնպիսի գրող եմ, որ ոնց ապրում եմ, դրա մասին էլ գրում եմ: Բնականաբար, եթե ժամանակիս մեծ մասը այստեղ եմ անկացնում, ուրեմն Վերնիսաժի մասին պետք է գրեի: Վերնիսաժում կարևորը մարդ լինելն է, մարդկային հարաբերություններին դիմանալը: Այստեղ կապ չունի մեծ գրող ես, փոքր գրող ես, ով ես, պետք է մարդկային առումով կարողանաս հենց այստեղ կայանալ:

vernisaj3

Իհարկե, ինչպես ցանկացած շուկայում, այստեղ ևս կան ներքին կանոններ: Պարզապես Վերնիսաժում մարդկանց ինտելեկտը ավելի քան բարձր է, մեծամասնությունը բարձրագույն կրթություն ունի, բարեկիրթ մարդիկ են: Շատ դեպքերում վաճառողներն իրենց իտելեկտուալ մակարդակով դիմացինից բարձր են: Ուղղակի կյանքի բերումով է ստացվել, որ այստեղ ենք. քծնել չենք կարող, շողոքորթել չենք կարող, ուրիշի առջև ստորանալ չենք կարող: Ազատ, անկախ կյանքի ենք սովոր, այդպես էլ ապրում ենք»:

 

Լուսանկարեց և գրեց Գարեգին Ալեքսանյանը

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register