«ԱՐՎԵՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄՐՑՈւՅԹ

11

Անցած տարվանից գործունեություն ծավալած  Արվեստ Հայաստան  հիմնադրամը  օժանդակություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող անհատներին: Արվեստ Հայաստան -ի ֆինանսավորման բախտին կարող են արժանանալ  արվեստագետների կողմից ներկայացված ամենաուշագրավ նախագծերը: Անցած տարի հայտարարված առաջին բաց մրցույթում ( նոյեմբերի 7-ից մինչ այս տարվա փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում) հիմնադրամը ստացել է 55 հայտադիմում:  6 նախագիծ ստացել է համապատասխան ֆինանսավորում: Մի քանի օր առաջ` հուլիսի 3-ին, հայտարարվել է երկրորդ բաց մրցույթը: Հայտադիմումներն ընդունվելու են մինչև սեպտեմբերի 30-ը (մանրամասներին կարող եք ծանոթանալ հիմնադրամի կայքէջում` foundationaa.com): Հայաստանի արվեստային առաջին հիմնադրամի մասին մանրամասներ պարզելու  նպատակով «Ճամփորդը» հանդիպել է հիմնադրամի տնօրեն, թանգարանագետ Անուշ Զեյնալյանի հետ:

Հիմնադրամի հետ աշխատում է 5 մասնագետից բաղկացած խորհրդատվական խորհուրդ (Ռուբեն Արևշատյան, Ադելինա Ջուբերյան Ֆոն Ֆյուստենբերգ, Վիկտոր Միզիանո, Ջեք Փերսեքյան, Կրիստինա Շտեյնբրեխեր-Պֆանդտ): Մասնագետները տարբեր երկրներից են և տարբեր փորձ ունեն, հենց նրանք են ընտրում վերջնական մասնակիցներին` դիտարկելով նախագծերը տարբեր դիտանկյունից:

Առաջին բաց մրցույթի արդյունքներով ֆինանսավորում են ստացել հետևյալ նախագծերը` «Միջոցներ և նպատակներ» (Արման Գրիգորյան, Երևան), «Սեզոնային մայրիշխանություն» ( ԱՐՏԼԱԲԵՐԵՎԱՆ – Հովհաննես Մարգարյան, Վարդան Ջալոյան, Արթուր Պետրոսյան, Արա Պետրոսյան, Օլյա Ազատյան), «Թափանցիկ այլընտրանք» (Գոհար Սմոյան, Գյումրի), «Իմ տեղը դատարկ է (անհետացող քաղաքի հիշողությունները» (Փիրուզա Խալափյան, Մեծամոր-Երևան), «Եվ դու, ի՞նչ ես փնտրում» (Այրին Անաստաս և Ռենե Գաբրի, Իրան, Պաղեստին), «Գաղտնի հավասարումներ» (Միկա Վաթինյան, Երևան):

Հիմնադրամի գործարկման պահից առաջին քայլը, որ կատարեցինք, փորձագետների հրավիրելն էր: Հենց նրանք էլ մեզ օգնեցին որոշելու  հիմնադրամի՝ Հայաստանի ժամանակակից արվեստի ոլորտին համապատասխան ռազմավարությունը: Մեր նպատակներից մեկն էլ է այն է, որ հիմնադրամն ունենա միջազգային հեռանկար: Քանի որ հիմնադրամի թիմում թե՛ ես, թե՛ մեր համադրող Սոնա Ստեփանյանը Ռուսաստանից ենք եկել, մեզ համար շատ կարևոր է Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտը հասկանալ ներսից: Ոչ թե գալ պատրաստ գաղափարներով, մեր պատկերացումներով, մեր փորձով այստեղ ինչ-որ բան անել, այլ հասկանալով դաշտը` ստեղծել ինչ-որ բան»,- պատմում է Անուշ Զեյնալյանը:

Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը հասցեագրված է արվեստագետներին և արվեստային խմբերին, ովքեր ժամանակակից արվեստի ոլորտում աշխատում են տարբեր միջոցներով՝ ներառյալ մեդիա, թվանշային, լուսանկարչություն, աուդիո-վիզուալ, պերֆորմանս և հանրային արվեստներ: Հիմնադրամի օժանդակությանը կարող են դիմել ինչպես ուսանողները, այնպեսէլ կայացած արվեստագետները: Մասնակցության պայմաններից մեկն այն է, որ դիմողն անպայման լինի հայաստանաբնակ կամ ներկայացնի հայկական սփյուռքը:

Պարտադիր է նաև,որ արվեստի գործը ստեղծվի Հայաստանում, ֆինանսական աջակցություն ստանալուց  հետո՝ 6 ամսվա ընթացքում: Արվեստի նախագծերի ֆինանսական օժանդակությունը ցուցաբերվում է երկու տարբերակով՝ ֆինանսական օգնություն 18-25 տարեկան արվեստագետներին և ֆինանսական օգնություն 26-ից բարձր տարիք ունեցողներին: Անուշ Զեյնալյանը պատմում է, որ բավական շատ են եղել երիտասարդ արվեստագետների հայտերը, սակայն ընտրված 6 նախագծերն իրականացնողները բոլորը 26 տարեկանից բարձր են: «Տեղեկատվական տեքստում նշված է, որ առաջարկվող ֆինանսական օգնությունը համարժեք է 4500 ԱՄՆ դոլարին:

Այնուհանդերձ, 6 նախագծերին տրամադրած գումարները եղել են ավելի բարձր կամ ցածր` ըստ արվեստագետի ակնկալած գումարի, որը կախված է նախագծի պահանջներից: Սակայն մեզ համար կարևոր է նախագիծը և չենք կարծում, որ գումարի չափը պետք է թելադրի նախագծի բովանդակությունը: Այս և նախորդ մրցույթի միջև խոշոր տարբերություններ չկան: Պարզապես այժմ կետ կա, որ այն արվեստագետները, որոնք մերժում են ստացել առաջին անգամ, նույն նախագծով չեն կարող դիմել երկրորդ անգամ», – պարզաբանում է Անուշ Զեյնալյանը:

 

Գարեգին Ալեքսանյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register