ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ  ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

5

Տարվա մեջ երկու օր թանգարաններն ավելի քան երբևէ մարդաշատ են լինում: Թանգարանների միջազգային օրվա և թանգարանային գիշերվա ընթացքում կազմակերպվող ամենատարբեր միջոցառումներն են աշխատանքից հոգնատանջ մարդկանց հարկադրում՝ ընտանեկան հարկի տակ ըմբոշխնելիք  հանգստի փոխարեն այցելել թանգարաններ: Ու մարդիկ դրա համար  ամենևին էլ չեն զղջում, քանի որ արդյունքը գերազանցում է սպասելիքները: Մարդիկ «վարակվում» են  թանգարանային շնչով՝ փորձելով  վայելել առավելագույնը:

Հանրության շրջանում ոչ այնքան  հայտնի «Ժողովրդական արվեստի թանգարանը» (հասցեն Աբովյան 64) ևս միջոցառումների շքերթի մասնակիցն էր: Այս թանգարանում թևածողը հայ ժողովրդի ոգին է, ներկայացված ստեղծագործությունները` նույն այդ ժողովրդի մշակույթի անկապտելի մասը: Կավից պատրաստված իրեր, ձեռագործ գորգեր, կերամիկական աշխատանքներ… Թանգարանի նոր ցուցադրությունը նվիրված էր Նիդեռլանդներում ` հայազգի Սուրբ Սրվասի գանձատանը  պահվող, 14-րդ  դարին վերագրվող Մարաշի ասեղնագործության գեղեցիկ նմուշներից մեկին: Ոգեշնչված իր տեսակի մեջ բացառիկ այս աշխատանքից` մի խումբ վարպետներ իրենց սաների հետ սկսել են դրանից որոշակի դրվագներ օգտագործել իրենց ստեղծագործություններում: Ասեղնագործության բաղադրատարրերն առկա են ներկայացված սփռոցների, սրբիչների, պայուսակների ու հագուստի վրա: Ցուցադրությունը շարունակվելու է մինչև մայիսի 25-ը: Թանգարանում ցուցադրությունից բացի հաճելի թոհուբոհ էր: Արաբկիրի Հայորդաց տան կավագործության բաժնի երեխաներն էին ստեղծագործում` իրենց աշխատանքներում օգտագործելով ասեղնագործության նախշերը: Թանգարանի մյուս անկյունում էլ «Հայ ասպետ» վարժարանի աշակերտներն էին գունավորում զարդերը:

Թանգարանային գիշերվա մեր հաջորդ  կանգառը՝ Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտում էր: Իր երկամյա գործունեության ընթացքում թանգարանը հասցրել է գրավել այցելուների սրտերը: Թանգարանում կազմակերպված «Հնչյուն և լռություն» խորագրով  ժամանակավոր ցուցադրությունը լույս էր սփռում հայկական երաժշտական գործիքների պատմության վրա: Այցելուներին թույլ էր տրվում ձեռք տալ գործիքներին, ցանկացողները կարող էին փորձել նաև դրանցով նվագել: Ներկայացված գործիքների աուդիո տարբերակներն էլ էին հասանելի: Այցելուները մոտենում էին, վերցնում ականջակալները և  ծանոթանում հայկական հնամենի գործիքների երաժշտությանը:

Կոմիտասի թանգարանի կրթական ծրագրերից «Հազար ու մի խաղը» այս անգամ անցկացվեց թանգարանի բացօթյա` իր ճարտարապետությամբ առանձնացող, դաշնամուրի ստեղներ հիշեցնող, մեծ աստիճաններ ունեցող հատվածում: Ծրագրի նպատակը Կոմիտասի մշակած երգերի հետ ծանոթությունն է, և ամեն դասի ընթացքում այցելուներին մի քանի երգ սովորեցնելը:

Այս օրերին թանգարանների մշտական ցուցադրության մուտքն ազատ է լինում բոլորի համար: Թանգարանների հետ շփումը  այցելուներից շատերի համար դառնում է այլ աշխարհներ տեղափոխվելու փափագելի  միջոց:

 

Արև Մախսուդյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register