ՊԱՏՃԱՌԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ

6

«Հայաստանի Հանրապետությունում ընտրական ինստիտուտ չկա»,- «Ճամփորդի» հետ զրույցում ասում է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նախկին քաղաքապետի հետ մեր զրույցը՝ ընտրական գործընթացների մասին է:

-Պարոն Խաչատրյան, Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելը հնարավոր համարո՞ւմ  եք:– Նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ գործող ինստիտուտը  շատ հեշտ  կառավարվող է, ինչի շնորհիվ էլ իշխանությունը կարողանում է իր ուզած արդյունքն ստանալ (հեղ. – նկատի է առնվում ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունները):

Այն համոզմանն եմ, որ բոլոր քաղաքական ուժերի նպատակը պետք է մեկը լինի՝ ստեղծել այնպիսի մեխանիզմներ, պայմաններ, որոնց դեպքում ընտրական ինստիտուտը կաշխատի: Նման հնարավորություն կար, իհարկե, բայց  ոչինչ չարվեց: Եթե գործեր մատնահետքերի և ստորագրված ցուցակների էլեկտրոնային միասնական համակարգ, խնդիրը կլուծվեր: Հիշում եք,թե ինչ խնդիրներ առաջացան ընտրության  և դրան հաջորդած օրերին: Եթե համակարգը միասնական չէ, այդ տվյալները համեմատելի չեն, հետևապես հնարավոր չէ ստուգել՝ արդյոք ընտրություններին այդքան մարդ մասնակցե՞լ է, թե՝ ոչ:

-Հաճախ  հասարակությանն  են մեղադրում՝ ասելով, որ հասարակության ցածր իրավագիտակցությունն է  իշխանության վերարտադրման պատճառը: Համամի՞տ եք արտահայտված տեսակետին:  – Հասարակությանը մեղադրելը ամենակարճ  ու դյուրին ճանապարհն է: Խնդիրն իշխանության մեջ է: Այս հասարակությունը չի ձևավորել այս իշխանությունը: Երբ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորություն ներկայանա, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել: Հիմա հասարակությունը զրկված է նման հնարավորությունից: Կարծում եմ այնքան էլ ազնիվ չէ, երբ քաղաքական ուժերը փորձում են ամեն ինչ հասարակության վրա բարդել:  Քաղաքական ուժերը, բոլոր նրանք, ովքեր Հայաստանն ուզում են ժողովրդավար երկիր դարձնել, պետք է մտածեն այնպիսի մեխանիզմների  ներդրման մասին, որոնց դեպքում ընտրական համակարգը կաշխատի:

– Դրա իրագործման համար նաև իշխանության  քաղաքական կամքն է անհրաժեշտ:– Իշխանությունը նման քայլի չի գնա, որովհետև դա նրան ձեռնտու չէ:

– Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞ւմ պիտի վերապահվի  այդ գործառույթը, ընդդիմությա՞նը:  – Մենք բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ, պետք է պարզապես պարտադրել այդ օրակարգը: Ազգային ժողովում դա պետք է դառնա թիվ 1 օրակարգային հարցը:

– «Ելք»-ն ընտրակաշառքի դեմ պայքարի մեխանիզմ առաջարկեց՝ խոստանալով ընտրություններից հետո որպես սոցիալական օգնություն հատկացնել 15.000-ական դրամ բոլոր նրանց, ովքեր կգան և դիմում կգրեն, որ քվեարկել են իրենց խղճով, ոչ թե ընտրակաշառքով: Ձեր կարծիքով  սա  գործո՞ղ տարբերակ է:

– Մեղմ ասած՝ հաջող տարբերակ չէր: Պատճառը պետք է վերացնել, ոչ թե հետևանքները:

Երևանի նախկին քաղաքապետերից մյուսը՝ Արտաշես Գեղամյանը հրաժարվեց հրացազրույցից:

Լուսանկարը՝ Pan Photo

Տաթևիկ  Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register