ՄԱՐԿՈ ԴԵ ԿԱՐՆԵ. «ՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԻՐԱՐ»

55

Հայերեն ուսումնասիրող օտարերկրացի երիտասարդների թիվը վերջին շրջանում նկատելիորեն շատանում է։ Առցանց լրատվականների՝ Հայաստանին և հայ մշակույթին վերաբերող հոդվածների մեկնաբանություններում հաճախ կարելի է հանդիպել ոչ հայկական անուն-ազգանունով մի տղայի՝ Մարկո Դե Կարնեին։

23-ամյա իտալացի ուսանողը սովորում է Ալդո Մորոյի անվան «Բարիի» համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում։ Տիրապետում է հայերեն, ռումիներեն, իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, լատիներեն, փոքր-ինչ՝ թուրքերեն, պարսկերեն և ճապոներեն լեզուներին։

Պատմում է, որ լեզուների նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է Դուբլինից, որտեղ ուղարկվել էր դպրոցից։ Խմբի տղաներից մի քանիսը, շատ վարժ տիրապետում էին ալբաներենին և գերմաներենին։ «Այդ փաստն ինձ այնքան զարմացրեց, որ ես հասկացա՝ նրանց նման եմ ուզում լինել, ես նույնպես ուզում եմ շատ լեզուների տիրապետել», – ասում է Մարկոն և հավելում, որ անգլերեն իմանալը կարևոր և օգտակար է, սակայն շատ լեզուների իմացությունը՝ նոր մշակույթների և մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն է ընձեռում։ «Սեփական փորձից ասեմ․ նոր լեզուներ սովորելը հիանալի բան է, քանի որ այն աշխարհի երեսին ամեն անգամ մի նոր դուռ է բացում»։

Նախքան հայերեն սովորելը Մարկոն Հայաստանի և հայերի մասին ոչինչ չի իմացել, տեղյակ չի եղել անգամ,թե որտեղ է գտնվում մեր երկիրը։ Հայերենի հետ ծանոթությունը սկսել է «Polyglot-club»- ֊ում գրանցված, իտալերենի բարելավման համար աջակցություն փնտրող հայ աղջկա միջոցով։

«Ես մտածեցի, որ կարելի է օգնել նրան։ Որոշեցի նամակ գրել՝ առաջարկելով օգնությունս և ասելով, որ նա էլ կարող է ինձ օգտակար լինել և փոքր-֊ինչ պատմել իր մայրենի լեզվի՝ հայերենի մասին։ Այստեղից էլ սկսեցին իմ արկածները», – ժպտալով պատմում է Մարկոն։

Հայերենը նախընտրել է այն պատճառով, որ հնդեվրոպական լեզու լինելով՝ և՛ բառապաշարով, և՛ գրականությամբ նման չէ մյուս լեզուներին։ «Սկզբում բավականին բարդ էր, սակայն հետո համանմանություններ գտնելով հայերենի և իտալերենի, հայերենի և ռուսերենի միջև, սկսեցի ավելի հեշտությամբ սովորել»,- պարզաբանում է իտալացին։

Նա դեռևս չի հասցրել լինել Հայաստանում, սակայն ցանկությունը շատ մեծ է։ Նրան գրավում է Հայաստանի պատմությունը, մշակույթը, հուշարձանները, կերակուրը։ Ամենից առավել Մարկոն փափագում է հայերի հետ հայերենով շփվել։ «Հայերն ինձ խելացի ու հետաքրքիր մարդիկ են թվում։ «Ֆեյսբուքում» էլ շատ հայ ընկերներ ունեմ, ովքեր ինձ օգնել են, որ հայերենի քերականությունն ու առոգանությունը ճիշտ կերպով սովորեմ», – ասում է Մարկոն։ Նրա դիտարկմամբ, չնայած նրան, որ հայերն ու իտալացիները ապրում են իրարից բավականաչափ հեռու, միևնույն է ընդհանուր ինչ-որ բան ունեն։ «Կարծում եմ՝ հայերն ու իտալացիները բավականաչափ նման են իրար։ Ուղղակի ի տարբերություն իտալուհիների, հայուհիներն ավելի չափավոր են, կարդում են, մտածում իրենց երազանքներն իրականացնելու մասին, աշխատում են», – նշում է Մարկոն և հավելում, որ տպավորությունն այնպիսին է, որ հայ աղջիկներն ավելի լուրջ են։

Մարկոն Կամիլլո Բիանկոֆիորե անունով իտալացի ընկեր ունի, ով նույնպես օգնել է նրան հայերենը զարգացնելու հարցում։ Նրանք միմյանց հետ ծանոթացել են ֆեյսբուքյան «Մայրենի լեզվի դասեր» խմբում: «Հայ ընկերներիցս ոչ մեկն այդ ժամանակ հասանելի չէր, իսկ ինձ անհրաժեշտ էր շտապ իմանալ, թե ինչպես է կարդացվում ինչ-որ բառ, որն այժմ չեմ հիշում։ Այդ ժամանակ Կամիլլոն ինձ իտալերենով պատասխանեց։ Ես շատ էի զարմացել, որովհետև առհասարակ չէի մտածում, որ հայալեզու խմբում կարող եմ իտալացու հանդիպել»:

Մտածել է արդյո՞ք Հայաստան տեղափոխվելու մասին հարցին ի պատասխան, Մարկոն անկեղծանում է. « Գիտես, ես կարծում եմ, որ Հայաստան կտեղափոխվեմ, երբ երկրին օգուտ բերող ինչ-որ գործ գտնեմ։ Բացի այդ, ինձ համար հետաքրքիր կլինի ընկերուհուս հայրենիքում ապրելը»…

Յուրիկ Մկրտչյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register