«ԹԵՅՆԻԿ» ՀԱԿԱՍՐՃԱՐԱՆԸ

  • «ԹԵՅՆԻԿ» ՀԱԿԱՍՐՃԱՐԱՆԸ
  • «ԹԵՅՆԻԿ» ՀԱԿԱՍՐՃԱՐԱՆԸ
  • «ԹԵՅՆԻԿ» ՀԱԿԱՍՐՃԱՐԱՆԸ
  • «ԹԵՅՆԻԿ» ՀԱԿԱՍՐՃԱՐԱՆԸ

Դաշնամուրի ստեղներն այցելուներին  ուղեկցում են  կախված թեյնիկների ու կիթառների աշխարհ: Սենյակի մի անկյունում փափուկ կահույքն է, հարևանությամբ՝ «Քեզ միայն պետք է սեր», «Քեզ միայն պետք է թեյ» վերտառությամբ գրառումներ:

Քիչ այն կողմ՝ լեզվական հնարավորությունները ցուցադրել սիրողների և բախտը փորձել ցանկացողների համար նախատեսված սեղանի խաղերի հավաքածուն է՝ «Դե խաղա», «Այլ կերպ», «Մոնոպոլիա», դոմինո, լոտո: Ռետրո անկյունն է՝ հին նվագարկիչով, աստղադիտակը՝ գիշերային ժամերին աստղերով հիանալու համար:Վանաձորում գործող առաջին հակասրճարանը ոչ միայն գործնական հանդիպումների հետաքրքիր վայր է, այլև ընտանեկան հանգստի, ընկերական ժամանցի կազմակերպման նոր այլընտրանք:

«Թեյնիկ»՝ հենց այսպես է կոչվում Սայաթ-Նովայի անվան այգում տեղակայված առաջին հակասրճարանը: «Վանաձորում ժամանցի վայրերը քիչ են: Մտածում էինք այնպիսի վայր ստեղծել,որտեղ մարդիկ կկարողանան անցկացնել իրենց ազատ ժամանակը՝ տանը համակարգչի առաջ նստելու փոխարեն, ֆիլմեր դիտել, խաղեր խաղալ, նոր ընկերներ ձեռք բերել: Այդպես հիմնեցինք հակասրճարան, որը Երևանում վաղուց նորություն չէ, սակայն Վանաձորում առաջինն է»,- ասում են հիմնադիրները՝ 25-ամյա Դավիթն ու Ավետիսը:

Հակասրճարանի պատին աշխարհի քարտեզն է. հենց այստեղ են տարբեր երկրներից ժամանած հյուրերը գտնում ու դրոշակով նշումներ կատարում: Կողքին առաջարկությունների անկյունն է, որտեղ հաճախորդները գրառում են իրենց տպավորություններն ու դիտողությունները: «Թեյնիկում» հաճախ են կազմակերպվում ցուցահանդեսներ, ինչը քաղաքի երիտասարդ արվեստագետների հետ հանդիպելու, շփվելու հավելյալ հնարավորություն է: Ինչ վերաբերում է անվան ընտրությանը, հիմնադիրները երկար են մտածել.«Անվանումը պետք է հայերեն լիներ, դա ի սկզբանե էինք որոշել: Ուզում էինք, որ այն և՛ կարճ լիներ, և՛ բարեհունչ, և՛ հեշտ հիշվող, ու որոշեցինք «Թեյնիկ» կոչել,- ասում է Ավետիքը:

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register