ՎԱՆԱՁՈՐՑԻ  «ԳՎԱՐՆԵՐԻՆ»

0

33-ամյա Տիրայր Մխիթարյանը Վանաձորում արդեն երկու տարի գործող, երաժշտասեր hանրության  համակրանքին արժանացած «Clocker» խմբի կիթառահարն է: Խմբի աշխատանքներին մասնակցելուց բացի՝ Տիրայրը նաև տնային պայմաններում կիթառներ է պատրաստում: Վանաձոր այցի ընթացքում «Ճամփորդը»  հանդիպել է Տիրայրի հետ և խնդրել պատմել այս յուրատեսակ արհեստի մասին:

Դեռ մանկության տարիներից, զուտ հետաքրքրության համար փոքրիկ կիթառներ էի պատրաստում: Նվագել սկսել եմ 18 տարեկանից: Ներկա պահին անդամակցում եմ տարբեր երաժշտական խմբերի և նախագծերի: Նվագելուց բացի սիրում եմ նաև փայտի հետ աշխատել: Իմ սիրածս մոդելի կիթառ պատրաստելու միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Նախընտրածս կիթառից Հայաստանում չկար: Ընդհանրապես, հրաշալի է, երբ քո գրած երաժշտությունը նվագում ես քո պատրաստած կիթառով»,- խոստովանում է Տիրայր Մխիթարյանը:

Երաժշտի դիտարկմամբ` միայն վերջերս են սկսել լավ կիթառներ ներմուծել Հայաստան: Արտերկրից պատվիրելու դեպքում էլ բավական թանկ է արժենում: Առաջին կիթառն ինքնուրույն պատրաստել է մոտ մեկ տարի առաջ: Այս ընթացքում կիթառներ է պատրաստել տարբեր խմբերում հանդես եկող երաժիշտների համար և բոլորն էլ գոհ են մնացել: Տիրայրի ստեղծած կիթառներով են նվագում «Որդան կարմիր» խմբի կիթառահար Դավիթ Գալստյանը, հայ-շոտլանդական «An Gordonach!» խմբի վոկալիստ Ստյուրատ Մոիրը և հարազատ եղբայրը` Գոռ Մխիթարյանը (անհատ երաժիշտ, «Լավ Էլի» խմբի անդամ,- խմբ.):

«Փայտի տեսակը, որակը, հնությունը, չորացման աստիճանը (կարևոր է նաև` թե ինչ պայմաններում է չորացվել, որպեսզի ճաքեր և խոնավ տեղեր առաջացած չլինեն), այս ամենն ուղիղ կապ ունեն վերջնական արտադրանքի և ստեղծվող երաժշտության հետ: Եթե ունես 10-15 տարվա չորացրած փայտ, ապա կտրելուց, մշակելուց հետո պետք է թողնես, որ փայտը «հանգստանա», լարումները վերանան: Կապված փայտի տեսակից` փոխվում է նաև ձայնի տեսակը` պայծառ կամ մուգ: Հայաստանում օգտագործվող փայտի հիմնական տեսակները թխկին (maple) և հացենին են: Փայտատեսակներ կան, որ ավելի շատ Հայաստանից դուրս` ԱՄՆ-ում և Եվրոպայում են օգտագործում: Դրանք մեզ մոտ հասցնելը բավական ծախսատար է»: Տիրայրը պատմում է նաև, որ 10-15 տարվա չորացրած փայտ ճարելը երբեմն շատ դժվար է լինում:

«Փորձառու կիթառ պատրաստողները խոնավության  չեզոքացման նպատակով՝ տարիներ շարունակ փայտը պահում են հատուկ պայմաններում: Ինչպես բազմաթիվ ոլորտներում, այստեղ ևս գործարանային և ձեռքի աշխատանքը միմյանցից էապես տարբերվում են: Ձեռքի աշխատանքը միշտ ավելի թանկ է գնահատվում. «Կիթառ պատրաստելը ժամանակատար է, քանի որ ամեն ինչ ձեռքով ես անում: Յուրաքանչյուր կիթառի վրա ծախսում եմ 1-2 ամիս: Ժամանակը երկարում է՝ հումքի բացակայության և տեխնիկայի սակավության պատճառով: Այս ընթացքում պատրաստել եմ 5 կիթառ: Հասկանալու համար թե ինչպիսի կիթառ է անհրաժեշտ, պատվիրատուների հետ երկար զրուցում եմ: Տարբեր են լինում  թե՛ օգտագործած փայտը (հետևաբար և ձայնը), թե՛ նոտայի հնչողության պահման ժամանակը, թե՛ դիզայնն ու  քաշը»: Կիթառների դեպքում շատ կարևոր է նաև խնամքը: Անհրաժեշտ է անընդհատ հետևել, գործիքը մաքրել փոշուց ու կեղտից:

Մետաղական մասերը չժանգոտվելուց, խոնավությունից զերծ պահելու, նկատառումներով կիթառն անհրաժեշտ է պահել չոր տեղում: Ցանկալի է նաև՝ կայուն ջերմաստիճանում: Կիթառի արդյունաբերությունը շատ հին չէ` 40-50-ականներից են սկսել սարքելը: Այժմ 50, 60 տարեկան կիթառներ կան: Նրանց գինն էլ բնականաբար տարեցտարի բարձրանում է, քանի որ այդ ընթացքում փայտի չորանալուն զուգահեռ՝  ձայնային տվյալներն էլ են կատարելագործվում:

 

Զրուցեց՝  Գարեգին  Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register