7 ՀԱՐՑ. ՆԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

0

Խորագրի հյուրն է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանը:

– Ձեր կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:– Ենթադրում եմ, որ շատերին անծանոթ վայր կլինի Լոռու մարզի Արևածագ գյուղի ձորը։ Աննկարագրելի սիրուն տեղ է, ֆիլմերում  անգամ այդքան գեղեցիկ տեղանք տեսած չեք լինի։

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:– Երևանը շատ սիրում եմ, բայց ինձ շատ բան մեր քաղաքում նյարդայնացնում է. սարսափելի հանրային տրանսպորտից մինչև մեծ ու հարմարավետ հանրային այգիների բացակայություն, որտեղ կանաչ խոտածածկ չկա։

– Հենրիխ  Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։– Զբոսաշրջիկներին գրավելու համար մեր երկրում մշակութային տարբեր շերտեր կան, դրանցից ամենաակտիվը ներկայացվում է քրիստոնեականը (եկեղեցիներ, վանքեր), ինչը երբեմն հոգնեցնում է նրանց։ Եթե ես զբոսաշրջության ոլորտի աշխատող լինեի, Սովետական Երևանի թանգարան կբացեի: Թանգարան ոչ թե դասական, այլ՝ ժամանակակից լուծումներով։

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:– Մանկության տարիներին երևի ամենշատը տպավորված էի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» գրքով։ 17-18 տարեկանում` որպես ինձ վրա ազդեցություն թողած վեպ կնշեի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը», իսկ վերջերս ընթերցած (կամ ավելի ճիշտ ականջակալով լսած) գրքերից՝ Սթիվեն Պինքերի «Ինչպես է միտքն աշխատում» գիրքը։

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք նշել։– Ինձ համար ընդօրինակելի են մարդու իրավունքների համար կռիվ  տվող իրավապաշտպաններն ու  փաստաբանները: Աշխատանքի ընթացքում նրանց հետ շատ եմ առնչվում, անուններ չեմ նշի։

– Հնարավորություն  ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։– Դպրոց կկառուցեի։

–  Շոգից  փրկվելու  Ձեր «բաղադրատոմսը»։ – Ցերեկվա ժամերին հնարավորինս երկար մնալ օդորակիչների ազդեցության գոտում (ժպտում է,- խմբ.):

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register