«ՊԱՐՈ՛Ն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԿՆՎԱԳԵ՞Ք ՄԵԶ ՀԱՄԱՐ»

Ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորում նշվում է քաղաքի օրը: Այս տարի տոնակատարությունն անցնում էր «Բարեկամության քաղաք» խորագրի ներքո: Տիգրան Մեծ պողոտայի երկայնքով ծածանվում էին քույր քաղաքները ներկայացնող երկրների՝ Ֆրանսիայի, Վրաստանի, Չինաստանի, Ռուսաստանի Դաշնության դրոշները:
Դրոշների շքերթն սկսում էր Ֆրանսիան, որի Բանյո քաղաքի հետ Վանաձորը 50 տարվա բարեկամական կապերի մեջ է: Տոնի առիթով Վանաձորը հյուրընկալել էր բազմաթիվ հյուրերի ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից, այլև արտրկրից:
Իր աշխատակազմով Վանաձորում էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքի տարբեր հատվածներում շրջելուց հետո վարչապետը Վանաձորի կերպարվեստի թանգարանում ծանոթացավ վաստակավոր նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի գործերին, ապա թանգարանի բակում ներկա գտնվեց վանաձորյան ռոք խմբերից մեկի համերգին:
Վանաձորցիներից մեկը դիմելով վարչապետին ասաց՝ «Պարո՛ն Կարապետյան, քանի գործիքների մոտ եք, կնվագե՞ք մեզ համար»: Վարչապետը հրաժարվեց, խոստանալով՝ «Մյուս անգամ գործիքներս հետս կբերեմ, կնվագեմ»:
Քաղաքի հյուրերը քույր քաղաքների երկրների դրոշների ներքո բարեկամության երթով շարժվեցին դեպի գլխավոր՝ «Հայքի» հրապարակ: Յուրաքանչյուր երկրի դրոշի տակ քաղաքի հյուրերին ողջունեցին տվյալ երկրներին բնորոշ ավանդական երգ ու պարով: Ավելի ուշ տոնը շարունակվեց «Հայքի» հրապարակում՝ տոնական համերգի ու հրավառության ուղեկցությամբ:
Տաթևիկ Սարգսյան