ԹԱՅԼԱՆԴՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԱՆԴ ՄՆԱԼ ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհում հազարավոր մարդիկ սրտատրոփ սպասում են թայլանդցի երեխաների ֆուտբոլային թիմի ճակատագրին: 10-16 տարեկան 12 պատանիներից բաղկացած ֆուտբոլային թիմը, ինչպես նաև նրանց 25-ամյա մարզիչը, պատանդ են մնացել քարանձավում:
Դեռևս հունիսի 23-ին, հերթական պարապունքից հետո թիմը արշավ է ձեռնարկել լեռնային գոտում, մուտք է գործել Կհաո Լուանգ կոչվող հսկայածավալ քարանձավ: Այդ ընթացքում տեղատարափ անձրևի պատճառով քարանձավի մուտքը փակվել է: Մեծ քանակությամբ ջուր է թափանցել քարանձավ. պատանիների խումբը կարողացել է պատսպարվել քարանձավի համեմատաբար անվտանգ հատվածում:
Հարակից ազգային պարկի աշախատակիցները նույն օրը քարանձավի մուտքի մոտ գտել են մոտոցիկլ և հեծանիվներ, ֆուտբոլային ատրիբուտներ: Միանգամից սկսվել են որոնողական աշխատանքները, որոնք մեծ դժվարությամբ են իրականացվել, քանի որ քարանձավը, որտեղ կորել է ֆուտբոլային թիմը, ձգվում է գրեթե 10 կիլոմետր, ունի մի քանի մուտք և ելք:
Հարյուրավոր փրկարարների, պրոֆեսիոնալ ջրասուզակների ջանքերը արդյունք են տվել որոնողական աշխատանքների միայն 9-րդ օրը՝ հուլիսի 2-ին, բրիտանացի ջրասուզակներ Ջոն Վոլանտեն և Ռիկ Ստանտոնը գտել են երեխաներին, զրուցել, ներկայացրել իրավիճակը: Բարեբախտաբար թիմի բոլոր անդամները, մարզիչը ողջ են և լուրջ վնասվաքներ չունեն, սակայն խիստ հյուծված են: Վոլանտենի մոտ նաև տեսախցիկ է եղել և նա տեսանկարահանել է պատանիներին:
Քարանձավի մուտքից ջրասուզակները երկարատև ճանապարհ են կտրել, որպեսզի հասնեն երեխաներին: Նույնիսկ պրոֆեսիոնալներին դժվար է եղել չափազանց աղտոտ ջրում, որտեղ գրեթե տեսանելիություն չկա, իսկ ճանապարհը խիստ վտանգավոր է, հասնել երեխաների տեղայակման վայր: Հենց այս դժվարությունների պատճառով է, որ հայտնաբերելուց 3 օր անց դեռևս երեխաները մնացել են քարանձավում:
Նրանց դուրս բերելու մի քանի տարբերակ կա. ջրասուզակները կարող են ուսուցողական աշխատանքներ տանել երեխաների հետ և այնուհետև փորձել հերթով դուրս բերել պատանիներին, որոնք նաև հոգեբանական մեծ տոկոնություն պետք է ցուցաբերեն: Մյուս կողմից, մեծ քանակությամբ տեխնիկա է կուտակվել մուտքի մոտ. փորձում են քարանձավում կուտակված ջուրը դուրս մղել, սակայն առայժմ նշանակալի հաջողության չեն հասել: Եթե հնարավոր լինի ջրի մակարդակը զգալի նվազեցնել, երեխաները քայլելով կարող են դուրս գալ, սակայն այս տարբերակը նույնպես մեծ հեռանկար չունի, քանի որ Թայլանդում այժմ անձրևների շրջան է սկսվել, որը ձգվելու է մի քանի ամիս: Եթե հնարավոր չլինի երեխաներին դուրս բերել, ապա ամենավերջին տարբերակով փրկարարական ուժերը պետք է ամիսներ շարունակ սնունդ հասցնեն երեխաներին, մինչ անձրային սեզոնն ավարտվի:
Թայլանդի փրկարարական հատուկ ջոկատի նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես են երեխաները հերթով ներկայանումն և հայտնում, որ առողջ են:
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Հուլիսի 6. Ցավալի տեղեկություններ են հաղորդվում դեպքի վայրից: Մահացել է թայլանդցի նախկին զինվորական ջրասուզակ, 38-ամյա Սամարն Կունանը: Պրոֆեսիոնալ ջարսուզակը թթվածնային բալոններ է տեղափոխել երեխաներին, իսկ հետդարձի ճանապարհին կորցրել է գիատկցությունը:
Նշենք, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել նաև փրկարարների միջազգային խմբեր:
Դպրոցականների ծնողները օր ու գիշեր անցկացնում են քարանձավի մուտքի մոտ:
Ներկայացրեց՝ Գարեգին Ալեքսանյանը