ՀԱՆՈւՆ ԵՎ Ի ՇԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ. ՍՅՈւՆԵ ՍԵՎԱԴԱ

cover

Այսօր մեր օրացույցում կարմիր է, տոնացույցով՝ Սահմանադրության օրը: Այսինքն՝ այսօր մեր երկրի Մայր օրենքի օրն է,  օրենքի գերակայության օրը: Սակայն անցած քսաներեք տարիներին այդպես էլ հուլիսի հինգը տոնական չդարձավ: Մարդիկ այս օրն ընկալում են որպես հաճելի բոնուս՝ ամռան տապին,  ոչ աշխատանքային օրվա տեսքով: Իսկ  ինչո՞ւ.  այս հարցին հեշտ է պատասխանել նախորդ տասնամյակների հակասական, դառը փորձով:

Ունենք  հրաշալի սահմանադրություն, դրանից բխող էլ ավելի հիասքանչ օրենքներ, սակայն Հայաստանն օրենքի գերակայության երկիր չէր դառել,  հետևաբար օրենսդրական ամբողջ դաշտը՝ Սահմանադրության գլխավորությամբ,  մնացել էին որպես գեղեցիկ տեսություն: Շարքային քաղաքացու համար Սահմանադրությունն իր թիկունքն ու պաշտպանը չէր, ինքն  օրենքի առաջ հավասար էր միայն  իր նմանների համեմատ: Եվ նրանցից վեր,  բառի բուն իմաստով կար մի խավ, որ օրենքից ու Սահմանդրությունից էլ վեր էր իրեն դասում, ապրում ու գործում հենց այդպես: Դրանից էլ Մայր օրենքն ուղղակի երկրի քաղաքացունը չէր, մանավանդ որ վերջին փոփոխություններով ակնհայտ տեսավ, որ դրանք որոշակի մարդկանց «հագով են արվում»: Այնպիսի տպավորություն էր, թե անցողիկը երկիրն ու Սահմանադրությունն են, այդ ուժեղ, բայց իրականում սնամեջ խավը՝ մշտական:

Այս տարվա գարնանը Հայաստանը կրկին զարթոնք ապրեց. հուսալքված,  իշխանությունների հանդեպ հույս ու հավատը կորցրած ժողովուրդը միասնական  պահանջատեր եղավ և թավշյա հեղափոխության արդյունքում հասանք  իշխանափոխության:

Ապրիլից սկսված,  մեր ժողովուրդն ականատես ու մասնակից  է լինում քայլերի, որոնք բջիջ առ բջիջ, հոդված առ հոդված, Սահմանադրությունը վերադարձնում են ժողովրդին:

Մարդկանց դեմքին այսօր ժպիտ կա, այսօրվա  ու վաղվա հանդեպ հույս ուակնկալիք կա և սա է ամենամեծ ձեռքբերումը: Մնացած բոլորն ածանցյալ  կլինեն, բայց անպայման  կլինեն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն գիտի՝ ինչպես լինել պահանջատեր,  ինչպես միակամ  լինել ու հաղթել իր ներսի ցեցին:

Հայաստանը զարթոնք է ապրում՝ քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքում և մաքրում բոլոր խցանված անոթները՝ լիաթոք շնչելու համար: Բաց պատերազմ է հայտարարվել կոռուպցիային. տասնամյակներով երկրի միջոցները մսխող խոշոր խաղացողները հատիկ-հատիկ ասպարեզ են բերվում իրական լույսի ներքո: Մենք ցավով ենք համոզվում, որ մեր ամենավառ երևակայությանն անգամ գերազանցել են կոռուպցիայի իրական չափերը: Բոլորիս հիասթափությունը մեծ է, քանի որ պատերազմ հաղթած գեներալը խաղաղ կյանքում սովորական գող էր դարձել,  համահայկական  հանգանակությունների պետական պատասխանատուն՝ խաղամոլ՝ պետական միջոցների հաշվին, մյուսը, հաջորդը, էլի ու լի: Ցանկը շարունակելի է և արդեն  իսկ խոսք է գնում, թե պետությունից գողացված, մսխված միլիարդավոր դրամներն ուր կուղղվեն:

Եվ իբրև ամփոփում մաղթում եմ  ինքներս մեզ, որ այսուհետ ապրենք իրապես օրենքի և ոչ «Օրինաց երկրում»: Հենց այդպես է ծնվում  իրական տոնը: Որ յուրաքանչյուր քաղաքացի խորին պատկառանք ունենա Մայր օրենքի նկատմամբ ու հուլիսի հինգը համարի իր տոնը: Մենք արժանի ենք լավագույն Սահմանադրության լավագույն իրականացման: Միասին, յուրաքանչյուրիս աշատանքով:

Շնորհավոր տոնը, որ վաղն ավելի տոնական է լինելու:

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register