ՁԵԶ ՁԵՌՔԻՑ ՁԵՌՔ ՉԵՆ ԽԼԵԼՈւ. ՍՅՈւՆԵ ՍԵՎԱԴԱՅԻ ԽՈՐՀՈւՐԴԸ ԱՎԱՐՏՈՂՆԵՐԻՆ

4

Մի քանի օրից աշակերտները կավարտեն դպրոցը, և նրանց մեծամասնությունը կդառնա ուսանող։ Ահա մի քանի խորհուրդ՝ նախկին աշակերտ-ուսանողից՝ ապագայի վերաբերյալ։

Հրաշք չի լինելու։ Համալսարանը նոր կյանքի սկիզբ է՝ եթե միայն ինքներդ եք ուզում։ Իսկ եթե չեք ուզում, այն  ուսումնական կյանքի սպասելի շարունակություն է, ընդամենը։ Իհարկե, համալսարանը նոր մթնոլորտ է, այնտեղ կարելի է ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, որոնք կարող են հետագայում մեծ ազդեցություն ունենալ ձեզ վրա, բայց սա ևս կախված է միայն ձեզնից։ Ոգևորությունը հասկանալի է,  ես ինքս երբ իմացա, որ ընդունվել եմ երազանքիս ֆակուլտետը՝ ուրախությունից լացում էի՝ սարսափելի անձրևի տակ կանգնած։ Բայց ուրախությունը տևեց տասը ուսանողական օր, հետո համալսարանը դարձավ սովորական մի բան՝  տարատեսակ մանր ու միջին հիասթափություններով։ Բայց այնուամենայնիվ, արժի համալսարան գնալ, այնտեղի լավագույն գիտելիքը մարդիկ են՝ լավ ընկերներն ու ընտիր դասախոսները, որոնք շատ ավելի թանկ ու կարևոր են, քան ցանկացած կուրսային աշխատանք։ Աշխարհում, առհասարակ, հավանաբար երկու կարևոր կապիտալ կա՝ մարդը ու գիտելիքը։ Համալսարանում այս երկուսը կարելի է համատեղել։

Ձեզ հիասթափություններ են սպասում։ Հայաստանում և ոչ մի համալսարան Քեմբրիջ չէ։ Այն էլ՝ ֆիլմերի Քեմբրիջ։ Այնպես որ մոռացեք ֆիլմային իրավիճակները, ըստ որոնց դուք ճեմում եք միջանցքներով՝ սուրճը և դոնաթը ձեռքին, դասերն անցկացվում են սուպեր ժամանակակից լսարաններում․․․Մթնոլորտն այդքան էլ ֆիլմային չէ։ Համալսարանների դիմաց սևաթրաշավոր տղամարդկանց կուտակումներ են սովորաբար, լսարանների պատերին սիրո խոստովանություններ են,  և այդ խոստովանությունների տառերը հաճախ ջնջվում ու փոխարինվում են այլ տառով՝ նայած, թե տվյալ աղջիկը կամ տղան ինչ հաճախականությամբ է սիրահարվում։ Իսկ  դասերը կարող են  չեղյալ հայտարարվել՝ զուտ որովհետև «ջրերը կտրել են»։ Սա լինելու է, տրամադրվեք։

Ձեզ չեն ստիպելու սովորել։  Որովհետև, եթե անկեղծ, ձեզնից բացի ոչ մեկին հետաքրքիր չի՝ ինչպես կդասավորվի ձեր ճակատագիրը։ Դե, գուցե որոշ չափով հետաքրքրվեն հարազատները, բայց մեկ է, կյանքը ձերն է, ու ապրելու եք այն այնպես, ինչպես ինքներդ պլանավորեք։  Պատրաստ եղեք  նպատակների համար աշխատել ու անընդհատ կառուցել երազած ապագան։ Ոչ մեկը չի աղաչելու հարցաշարը սովորել ոչ թե քննությունից  երեք օր, այլ՝ մեկ ամիս առաջ։ Ուզում եք փեշով գումար տալ ու խաբել համալսարանին՝ խնդրեմ։ Դասախոսների մեծամասնությունն անտարբեր է։ Գալիս են, դասախոսությունը կարդում են, գնում են։ Չեք սովորում՝ մի սովորեք։ Իրենք ժամանակին սովորել ու դասավանդում են։ Կարող եք դասերին ակտիվ չլինել՝ փոխարենը աշխատելով մասնագիտական ոլորտում։ Սա, թերևս, լավագույն տարբերակն է՝ խիստ սուբյեկտիվորեն։ Բայց եթե կարողանաք համատեղել լավ սովորելը մասնագիտական աշխատանքի հետ՝ շատ կշահեք։ Սա բարդ է, բայց՝ հնարավոր։

Մի ընկեք ծայրահեղությունների գիրկը։  Համալսարանը «դեբիլանոց» չի, ոչ էլ՝ «գիտելիքի դարբնոց»։ Համալսարան է, ուղղակի համալսարան։ Պետք չի այն ո՛չ ատել, ոչ՛ էլ պաշտել։ Քաղեք այն, ինչ կարող եք։ Դասերը հետաքրքիր չի՝ գտեք հետաքրքիր մարդկանց, կուրսընկերները լավը չեն՝ կորեք հարակից գրադարաններում՝ գրքեր քրքրելով։ Միշտ անելիք կա, պետք է հասկանաք՝ ինչն է ձեզ համար առաջնային։

Համալսարանով կյանքը  չի սկսում, և չի ավարտվում։ Այնպես որ, եթե այս կամ այն պատճառով չընդունվեք ձեր նախընտրած ֆակուլտետը՝ մի հուսահատվեք, միշտ էլ կա նորին մեծություն ինքնակրթությունը, որը, մեր մեջ ասած, շատ ավելի կարևոր է, քան համալսարան-դպրոցները, քանի որ սնվում է անձնական  մոտիվացիայով, դուք իսկապես ուզում եք սովորել այն, ինչն ընտրում եք արտադասարանային  տարբերակով։ Այստեղից էլ կյանքի փոքրիկ «լայֆհաք»․ եթե ուզում եք հաջողել համալսարանական դասերը, վերաբերվեք դրանց այնպես, ինչպես կվերաբերվեիք ինքնակրթությանը, սեփական կամքով ընտրած խմբակ-սեմինարին։ Որովհետև համալսարանական կրթությունն իսկապես թերի է լինելու՝ առանց դասից դուրս պրպտելու, ուսումնասիրելու  ցանկության։

Ձեզ ձեռքից ձեռք չեն խլելու։ Համենայն դեպս՝ առայժմ։ Պահանջված մասնագետ դառնալու համար դուք նախ պետք է ապացուցեք, որ արժանի եք հատուկ ուշադրության, պատրաստ եք անընդհատ աճի ու սեփական մասնագիտությունն անսահման սիրելու,  նվիրվելու եք այն աշխատանքին, որը ձեզ առաջարկելու են։ Իհարկե, որոշ՝ ֆանտաստիկ ուղեղների իհարկե արագ կնկատեն ու աշխատանք առաջարկեն, բայց մեծամասամբ մենք «միջին վիճակագրական» մարդիկ ենք՝ ֆանտաստիկ ուղեղավոր դառնալու մեծ ներուժով, և հենց այս ներուժն է, որ պետք է զարգացնել։ Եթե սպասում եք երրորդ կուրսում երկու միլիոն դրամանոց աշխատանքի առաջարկ՝ զուտ որովհետև դուք միջանկյալները գերազանց եք ստացել՝ մոռացեք, ժամանակ եք կորցնելու ու ավելի շատ եք հիասթափվելու։

Գույները փոքր-ինչ գորշ կթվան, բայց երբ սկսեք համալսարանում սովորել՝ կհասկանաք, որ դրանք ուղղակի իրատեսական են։ Ու ոչ թե միտված են թևաթափ անելու, այլ հակառակը․ երբ գիտես՝ քեզ ինչ է սպասում, շատ ավելի պատրաստված ես լինում։
Կարևորը, դասերից, համալսարաններից դուրս հիշեք երկու բան՝ դուք ինքներդ եք պատասխանատու ձեր կյանքի համար՝ մեկ, և որ կյանքի գլխավոր-գերակա նպատակը երջանիկ ու ինքնաբավ լինելն է՝ երկու։

Հաջողություն մոտակա քննություններում։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register