ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՓԼՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՑ ԿԱՌՈւՑՎԱԾ «ՇԱԼԵ ԳՅՈւՄՐԻՆ»

Ճանապարհն այս անգամ «Ճամփորդին» տարել էր Գյումրի՝ բացառիկ մարդկանցով ու մշակույթով հարուստ մի քաղաք, որն առաջին անգամ այցելողին անմիջապես իրենով է անում ու ստիպում ետ վերադառնալու առիթներ փնտրել: Մեր կանգառն այս անգամ «Շալե Գյումրիում» է:
«Շալե Գյումրիի» պատերն ու ճամպրուկները պահել-պահպանել են հին Գյումրիի՝ Ալեքսանդրապոլի պատմությունը: Բացառիկ լուսանկարները, գրքերն ու ամենատարբեր իրերը այցելուներին «պատմում» են քաղաքի փառահեղ անցյալի մասին: Թե բախտներդ բերի, ապա կարող եք հանդիպել կենտրոնի հիմնադիր-տնօրեն Վահան Թումասյանին ու լսել նրա պատմությունները Գյումրիի ու գյումրեցիների մասին:
«Շալե Գյումրին»՝ «Շիրակ կենտրոն» հկ-ի ծրագրերից է: Այստեղ կարելի է մի բաժակ թեյ կամ սուրճ խմել, մասնակցել ու կազմակերպել սեմինարներ, քննարկումներ, օգտվել հյուրատնային ծառայություններից:
«Շալե Գյումրիի» տեղում նախկինում աղբանոց է եղել: «Շիրակ կենտրոնի» կամավորներն ու անդամները տարիներ առաջ որոշել են բարեկարգել տարածքն ու աղբանոցի փոխարեն փոքր գրասենյակ կառուցել: Ժամանակի ընթացքում «փոքր գրասենյակն» ընդարձակվել ու դարձել է Գյումրիի ամենահայտնի ու սիրելի վայրերից մեկը՝ «Շալե Գյումրին»: Այն ամբողջությամբ կառուցվել է երկրաշարժի հետևանքով փլված շենքերի շինանյութից:
Տաթևիկ Սարգսյան