ՔԱՂԱՔԸ …ՓՌՇՏՈՒՄ Է

qaxaq

Աշնանը գույնզգույն տերևների, համեղ մրգերի հետ զուգահեռ մեր տան դուռը ծեծում է նաև նորին մեծություն հարբուխը, որը չնայած  անցանկալի հյուր է, բայց համառ է և ըստ իր սովորության,  որոշում է մեզ այցի գալ ամենաանհարմար պահին: Եթե մի ամիս առաջ քաղաքը ջազ էր լսում, ապա հիմա փռշտում ու հազում է, սրթսրթում ջերմությունից ու բողոքում, որ թվացյալ կազդուրումից հետո նշաններն էլի կրկնվում են, ջերմությունը աճում, աշխատունակությունը՝ նվազում:

Բժիշկները հորդորում են  կիսահիվանդ վիճակում չաշխատել, լինել ուշադիր՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար: Բայց դե լավագույն դեպքում հաջողացնում ենք միայն երեք օր պառկել, աշխատանքը կարոտում ու կանչում է մեզ: Մինչ տատիկները սենյակի բոլոր անկյուններում սխտորով ու ջրով լի բաժակներ են տեղադրում, մինչ մայրիկներն ու մորաքույրերը հերթական թեյի բաժակի մեջ ավելացնում են  մորու մուրաբան ու կիտրոնը,  առաջարկում եմ  ծանոթանալ  մի քանի  այլ՝ ավելի հետաքրքիր տնական մեթոդների՝ հիշեցնելով, որ սրանք պետք է կիրառել միայն մրսածության սկզբնական շրջանում ու հորդորելով, որ ցանկացած բարդության դեպքում անպայման դիմեք բժշկի:

Պարզվում է, սխտորից անգամ թեյ են պատրաստում: Երկու-երեք պճեղ սխտորի վրա պետք է երկու բաժակ ջուր ավելացնել և եռացնել: Փոքր-ինչ թրմելուց հետո կարող եք ավելացնել մեղր, կիտրոն, և օգտագործել թեյի փոխարեն: Ասում են՝ լավ է օգնում:

Եթե  հազում եք, հրաշալի տարբերակ է սոխի ու  սպիտակ բողկի հյութը, դրանց վրա պետք է շաքարավազ ավելացնել և  թողնել տան մի անկյունում: Որոշ ժամանակ անց խմել  ստացված հեղուկն ու էլի շաքարավազ ավելացնել:  Հյութը հետաքրքիր համ ունի, խմելու համար հաճելի է, կարելի է կիրառել օրը մեկ-երկու անգամ:

Շատերս ենք հիշում, որ հիվանդանալու դեպքում մեզ համար հաճախ հավի արգանակ են պատրաստում: Արի ու տես, որ դա  կապված չէ տան ֆինանսական վիճակի և խոզի ու տավարի մսի ավելի բարձր գին ունենալու հետ: Որոշ բժիշկներ փաստում են, որ հավի արգանակն, իսկապես, լավ է  ազդում մրսածության վրա: Դժվար է ասել՝ ինչով, հավանաբար հենց տաք լինելով ու արգանակում ավելացրած բանջարեղենների վիտամինների համադրության շնորհիվ: Համենայն դեպս, հիվանդ լինելու երևի միակ դրական կողմն է, կարելի է սուտմեռուկի տալ ու համեղ մի բան ցանկանալ, սովորաբար չեն մերժում: Միայն թե չմոռանաք հաճախ  փռշտալ ու քիթ ֆսֆսացնել, այլապես հայ բեմը կտխրի, որ ձեր պես  վառ դերասան կորցրեց:

Կոճապղպեղը սովորաբար ուտում ենք թթու դրած վիճակում՝ սուշիի հետ: Բայց բացի յուրօրինակ համից այն իսկապես  շատ օգտակար է: Իմբիրով թեյը չնայած հայերիս համար շատ տարօրինակ համ ունի սկզբնական շրջանում, բայց շատ լավ է ազդում հարբուխի վրա, կարգավորում է ստամոքսի աշխատանքն ու օգնում արագ լավանալ:

Ուժեղ կոկորդացավերի դեպքում սև թեյի մեջ երկու ճաշի գդալ կոնյակ ավելացրեք ու կում-կում  խմեք թեյը, թող  դաղի կկորդը: Եվ կոկորդին կօգնի, և կբարձրացնի տրամադրությունը: Եվ ի դեպ, եթե խմելու տրամադրություն կա, միշտ էլ կարելի է հիշել սեզոնային գրիպն ու  էլի փոքր-ինչ ձևական հազալուց հետո  թեյի մեջ  ալկոհոլային խմիչք ավելացնել: Իսկ ի՞նչ կա, տնական մեթոդներով բուժվում ենք, ոչ մի հետին միտք:

Անանուխով թեյն էլ երեկոյան կօգնի ավելի հանգիստ քնել: Այն կօգնի մեղմել ստամոքսի ցավերը՝ եթե դրանք կան վերոնշյալ տարբերակները փորձարկելուց հետո: Բացի դրանից, անանուխը հանգստացնող ներգործություն ունի ամբողջ մարմնի վրա:

Հուսով ենք, որ այս խորհուրդները իսկապես օգտակար կլինեն: Առողջ եղեք:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register