«ՊԱՏՈՒՀԱՆ» ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ…

V5ghyrde8NOivQcjz6mATo7bSU

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պաշտոնական խաղերում անընդմեջ երկրորդ հաղթանակն է տոնում: Նման կերպ արտահայտվելու համար անհրաժեշտ էր սպասել 4 տարի: Վերջին անգամ Հայաստանի հավաքականը նման վստահ խաղ ցուցադրել է 2013 թվականի հունիսին` Դանիայում (4:0 հաշվով հաղթանակ) և սեպտեմբերին` Չեխիայում (2:1 ):

Մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը՝ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում 2:0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն: Լեհաստանի, Մոնտենեգրոյի, Դանիայի և Ռումինիայի հավաքականների հետ մեկտեղ, մենք  ևս ղազախների հետ միասին ընդգրկված ենք որակավորման E խմբում:

Ղազախստանն այս խմբում ընդգրկված միակ հավաքականն է, որ ՖԻՖԱ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակում զիջում է Հայաստանին: Խմբերի բաժանման ժամանակ էլ Ղազախստանն ընդգրկվել է վերջին` 6-րդ զամբյուղից, որտեղ շատ ավելի թույլ հավաքականներ կան, ինչպես Սան Մարինոն, Կոսովոն կամ Լյուքսեմբուրգը: Ղազախստանը նույնիսկ անակնկալ կերպով  ոչ-ոքի է խաղացել խմբի առաջատարի` Լեհաստանի(2:2) հետ, ղազախները ոչ-ոքի են խաղացել նաև Ռումինիայի  հավաքականի հետ, որը Հայաստանի հավաքականին հենց Երևանում հաղթել էր 5:0 հաշվով: Այնուամենայնիվ, ընտրական փուլի Հայաստան-Մոնտենեգրո (3:2)  խաղից հետո երկրպագուները մեծ հավատ ունեին, որ մարտի 26-ին կայանալիք խաղում մեր ընտրանին անպայման հաղթելու է:

Խաղի ամենատհաճ դրվագը տեղի ունեցավ հենց սկզբնամասում, երբ մեր թիմի առանցքային խաղացողներից մեկը` Գևորգ Ղազարյանը, բախվելով մրցակցի դարպասապահին, վնասվածք ստացավ և փոխարինվեց: Ընդ որում, ինչպես ավելի ուշ պարզվեց, Ղազարյանի վնասվածքը լուրջ է, և նախնական կանխատեսումներով` նա կարող է բաց թողնել 6 ամիս:

Ղազախստանի հավաքականի դեմ մեր թիմը խաղաց վստահ, համբերատար, այն զորքի նման, որ հաստատ գիտի,որ պաշարման արդյունքում վաղ թե ուշ ամրոցը հանձնվելու է: Իհարկե, որոշ առումով նաև վճռորոշ եղավ 64-րդ րոպեին Ղազախստանի հավաքականի կազմում հանդես եկող ուկրաինացի պաշտպան Սերգեյ Մալիի հեռացումը: 26-ամյա պաշտպանը խախտումով կասեցրեց մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի վտանգավոր անցումը: Մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստներով, իսկ մեր թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը միանգամից դաշտ դուրս բերեց Արազ Օզբիլիսին և Էդգար Մանուչարյանին: Խաղի ելքը վճռվեց 2 րոպեի ընթացքում: Նախ Մխիթարյան գերազանց հարվածով  բացեց խաղի հաշիվը, որից հետո էլ Կամո Հովհաննիսյանի հրաշալի փոխանցումը գոլի վերածեց Արազ Օզբիլիսը :

Այսպիսով, Հայաստանի հավաքականն այժմ ունի 6 միավոր և իրատեսորեն հավակնում է խմբում գոնե երկրորդ տեղը զբաղեցնելուն: 13 միավորով E խումբը գլխավորում է Լեհաստանի հավաքականը, որին հաջորդում են 7-ական միավոր  վաստակած Մոնտենեգրոն և Դանիան, Հայաստանը և Ռումինիան ունեն  6-ական միավոր, մրցաշարային աղյուսակը եզրափակում է 2 միավոր  վաստակած Ղազախստանի հավաքականը: Հաջորդ խաղում՝ հունիսի 10-ին, Հայաստանն արտագնա խաղում մրցելու է Մոնտենեգրոյի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը Եվրոպայից մասնակցելու են ընտրական խմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականները, իսկ երկրորդ տեղերը գրաված թիմերը ուղեգրի համար մրցելու են անցումային խաղերում:

Լուսանկարները` ffa.am-ի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register