ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՋԻԲԼԱՐԹԱՐԻ ԴԵՄ ԽԱՂՈՒՄ

l

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրում վաղը կմրցի Ջիբրալթարի ընտրանու հետ: Այս մրցավեճին մերոնք կներկայանան կադրային լուրջ խնդիրներով: Մասնավորապես, վնասվածքի պատճառով հավաքականում չեն պաշտպաններ Հայկ Իշխանյանը, Հրայր Մկոյանը, Մարկոս Պիզելին, ինչպես նաև հարձակվող Արթուր Սարկիսովը: Փաստաթղթային խնդիրների պատճառով Ջիբրալթարի ինչպես նաև նոյեմբերի 19-ի կայանալիք Լիխտենշտեյնի հետ հանդիպումը բաց կթողնի կիսապապաշտպան Արաս Օզբիլիսը: Թոքաբորբի պատճառով Ջիբրալթար չի մեկնել նաև հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Նրա փոխարեն ազգային թիմ է հրավիրվել «Ալաշկերտի» ներկայացուցիչ Լևոն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Երևանում կայացած մրցավեճում Ջիբրալթարը սենսացիա մատուցելով հաղթանակի էր հասել 1:0 հաշվով: Այս պարտությունը մեր հավաքականին գործնական զրկեց ենթախմբում առաջին հորիզոնականի համար պայքարելու հնարավորությունից: Ինչևէ, ունենք այն ինչ ունենք: Ու չնայած կազմի հետ կապված խնդիրներ կան, այնուամենայնիվ առաջիկա խաղում մեր հավաքականը պարտավոր է հաղթել: Պարտավոր ենք հաղթել և ապացուցել, որ Երևանում տեղի ունեցածը ինչ-որ տեղ նաև պատահականության արդյունք էր: Փորձենք հասկանալ թե ինչպիսի մեկնարկային կազմով Հայաստանի ազգային հավաքականը կպայքարի Ջիբրալթարի դեմ:  Դարպասում կլինի Արամ Հայրապետյանը, որը վերջին շրջանում կայնուն ելույթներ է ունենում մեր գլխավոր թիմում: Հոկտեմբերի 16-ին Մակեդոնիայի դեմ խաղում Արմեն Գյուլբուդաղյանցը պաշտպանությունում բավական արդյունավետ լուծում էր գտել: Աջ եզրում խաղաց Կամո Հովհաննիսյանը, կենտրոնում Վարազդատ Հարոյանն ու Արտյոմ Խաչատուրովը, իսկ ձախ եզրում Գագիկ Դաղբաշյանը: Կարծում ենք, որ խաղային այս քառյակը կլինի նաև Ջիբրալթարի հետ մրցավեճում քանզի փոփոխությունների անհրաժեշտություն կարծես թե չկա: Նշված ֆուտբոլիստները գտնվում են նորմալ մարզավիճակում և պատրաստ են օգնել հավաքականին: Հենակետային կիսապաշտպանությունում կգործեն Ռումյան Հովսեփյանն ու Արտակ Գրիգորյանը: Վերջինս ավելի արդյունավետ է գործում մրցակցի գրոհների ժամանակ, իսկ Հովսեփյանը վատ չի խաղում նաև առաջ շարժվելիս: Սա կարծում ենք լավագույն լուծում է այս պահին: Կիսապաշտպանության ձախ եզրում կխաղա Գևորգ Ղազարյանը, իսկ աջ եզրում՝ Սարգիս Ադամյանը: Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կգործի ենթահարձակվողի դիրքում, իսկ որպես նոմինալ հարձակվող կխաղա Յուրա Մովսիսյանը:

Ջիբրալթարի հետ խաղում հնարավոր է նորամուտը նշի «Փյունիկի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը, որը բավական լավ մարզավիճակում է գտնվում և Հայաստանի առաջնության վերջին հանդիպումներում աչքի է ընկել տպավորիչ և արդյունավետ խաղով: Հետաքրքիր է տեսնել թե ինչպես իրեն կդրսևորի այս ֆուտբոլիստն ազգային թիմում: Չի բացառվում, որ խաղադաշտում տեսնենք նաև Լյուքսեմբուրգի «Պրոգրես» թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին: Յուրա Մովսիսյանին դեռևս չի հաջողվել ամրապնդվել «Չիկայո Ֆայերի» հիմնական կազմում և հնարավոր է մեր հարձակման գծի առաջատարը չկարողանա 90 րոպե խաղալ նույն տեպմով: Հիշեցնենք, որ նախորդ երկու հանդիպումներում Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում էր, սակայն երկրորդ կեսում փոխարինվել էր: Կարապետյանը դիտարկվում է որպես Մովսիսյանի այլընտրանքային տարբերակ քանզի այլ կենտրոնական հարձակվող չունենք:

Որքան էլ, որ զարմանալի է ի տարբերություն Հայաստանի` հավաքականի Ջիբրալթարն իրական հնարավորություն ունի Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆ դուրս գալու: Մեր հավաքականին հաղթելու և վերջին տուրում Մակեդոնիայի նկատմամբ 3 գնդակի տարբերությամբ առավելության հասնելու դեպքում Ջիբրալթարը անկախ մյուս հանդիպումներում գրանցված արդյունքներից ենթախմբում կզբաղեցնի առաջին հորիզոնականը: Խմբային փուլի առաջին տուրում Ջիբրալթարը Մակեդոնիային սեփական հարկի տակ զիջել էր 0:2 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպումը Ջիբրալթարի համար կարելի է ասել պատմական նշանակություն ունի: Մեր մրցակցիը առաջին անգամ իրական հնարավորություն ունի Եվրոպայի առաջնությունում հայտնվելու, թեև դա ֆանտաստիկ է թվում: Երևանում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակն Ջիբրալթարի համար առաջին էր պաշտոնական հանդիպումներում: Այս խաղից ընդամենը 3 օր անց էլ մեր առաջիկա մրցակիցը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակի էր հասել արդեն Լիխտենշտեյնի նկատմամբ: Գրանցված արդյունքները խոսում են այն մասին, որ Ջիբրալթարը զգալի առաջընթաց է ապրել և վաղը մեր հավաքականի համար այնքան էլ հեշտ չի լինելու:

Բուքմեյքերները Ջիբրալթար-Հայաստան մրցավեճում բացահայտ ֆավորիտ են համարում Հայաստանի հավաքականին, վերջինի հաղթանակի համար սահմանելով 1․25 գործակից: Ոչ-ոքի գնահատված է 5․5, իսկ դաշտի տերերի հաղթանակը՝ 12 գործակցով: Ջիբրալթար-Հայաստան, ինչպես նաև Լիխտենշտեյն-Մակեդոնիա հանդիպումները սկսվելու են մինևնույն ժամին` 23:45-ին: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register