7 ՀԱՐՑ. ՄԱՐԻԱ  ԲԱՐԱՂԱՄՅԱՆ

4

Խորագրի հյուրն է Երևանի քաղաքապետի օգնական, Երևան քաղաքի տուրիզմի ոլորտը համակարգող, «Հանրապետական» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիա Բարաղամյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Մենք իրականում զորեղ արժեհամակարգով, գեղեցիկ ավանդույթներով, մեծ ներուժով ու  ինտելեկտով  ժողովուրդ ենք: Առաջին քրիստոնյա երկիրը լինելուց  բացի, մենք ունենք բազում այլ արժեքներ, որոնց մասին չենք բարձրաձայնում ու չենք գովազդում:

Ցանկությունս է, որ էլ ավելի համախմբված լինենք, ու որպես խելացի, ինտելեկտուալ ժողովուրդ՝ աշխարհին ներկայացնենք այն ներուժն ու ստեղծարար միտքը, որն  ունի հայի գենը: Քանի՞սը գիտեն, որ գունավոր հեռուստատեսությունը, բանկային քարտը, «ՄԻԳ» կործանիչն ու շատ այլ բաներ ստեղծել են հայերը: Գնահատենք ինքներս մեզ և արժանապատիվ կերպով ներկայանանք աշխարհին, սա եմ ցանկանում ասել:

– Ձեր կարծիքով որո՞նք են Երևանում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները:– Այսօր մենք ունենք բարեկարգ, համաչափ զարգացող, խնամված, հյուրընկալ ու անվտանգ քաղաք: Ամենևին էլ պատահական չէ, որ Երևանը պարբերաբար հայտնվում է անվտանգության, էլեկտրոնային կառավարման, մատչելիության չափորոշիչներով ու ներդրումների համար կայուն միջավայր ունեցող  քաղաքների վարկանիշային աղյուսակներում: Բոլոր մայրաքաղաքների նման, Երևանն էլ ունի իր կարճաժամկետ ու հետագա պլանավորման կարիք ունեցող խնդիրները: Մեր փորձառու թիմի մոտեցումն է՝ ամենօրյա ռեժիմով հոգ տանել քաղաքի մասին ու ապահովել մեր բնակիչների ու քաղաքի հյուրերի հարմարավետությունը: Ունեցած ձեռքբերումներով մենք չենք սահմանափակվում: Արդեն սկսել ենք մի շարք խոշոր ծրագրեր, որոնցից է Երևանի տրանսպորտային համակարգի նոր ցանցի մշակումը՝ միջազգային խորհրդատվական ընկերության մասնակցությամբ, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերի զարգացմանը միտված ներդրումային նոր փաթեթների մշակումը, «Ապագայի խելացի քաղաք» ծրագիրը և այլն:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Ուրախությամբ պիտի նշեմ, որ թե՛ պետության, թե՛ տարբեր շահագրգիռ կազմակերպությունների կողմից իրականացվում են հայրենադարձությանը միտված համակողմանի ծրագրեր: Երևանի քաղաքապետարանի կողմից, օրինակ, ողջ տարվա ընթացքում իրականացվում են սիրահայ ընտանիքների աջակցմանն ուղղված տարաբնույթ  ծրագրեր: Մեր կուսակցության նախընտրական ծրագրում ներառվել է նաև համախմբված և կազմակերպված Սփյուռք՝ Հայրենիքի շուրջ ծրագիրը, որից մի շարք դրույթներ և մոտեցումներ տեղ են գտել նաև նոր կառավարության ծրագրում: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է Հայաստանում կարողանան ստեղծել հավելյալ արժեք, իսկ դա մենք կարող ենք անել համատեղ ջանքերով, բազմապատկելով մեր ուժերը:

-Հայոց  պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր  կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Մեր պատմությունը հարուստ է լուսավոր կերպարներով, բայց ես կցանկանայի ընդգծել հայ կնոջ դերն ու նշանակությունը՝ մեր ազգի քաղաքական և պատմական տարբեր փուլերում: Ինձ հոգեհարազատ են մեր հայոց թագուհիները, կին պետական գործիչները, զինվորի մայրերը,կանայք՝ ովքեր մշտապես լուսավորել, աջակցել, նեցուկ են եղել մեր պետությանը, մեր ժողովրդին և սերունդներին:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:-Հայոց պատմությունը մեզ ուժ և պատմությունից դասեր քաղելու հնարավորություն է ընձեռել: Այսօր արդեն եկել է անցած ճանապարհը չմոռանալով՝ առաջ գնալու ժամանակը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Արագ զարգացող աշխարհի ռիթմը ստիպում է սովորել չզարմանալ, կարողանալ ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվել, լինել ճկուն և շարժվել առաջ:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Պատասխանատվության զգացումը, աշխատասիրությունը, գործին նվիրվածությունը: Եվ ինչպես հայրս է ասում՝ «Եթե աշխատանքի մեջ հոգի դնես, անպայման կհաջողես»:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register