ԻՆՉՈւ ԷՄԵՐԻՆ «ԶՈՀԱԲԵՐԵՑ» ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԻՎՈԲԻԻՆ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում լոնդոնյան դերբիում «Արսենալը» 4:2 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ: Մրցավեճը դրամատիկ և լարված ընթացք ունեցավ, որի դիրիժորը «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին էր:
Դաշտի տերերը հանդիպումը սկսեցին 3-4-3 հարձակողական մարտավարությամբ: «Արսենալի» ֆուտբոլիստները փորձում էին ճնշում գործադրել՝ օգտագործելով եզրերը, որտեղ խաղում էին Իվոբին և Մխիթարյանը: Կարելի է ասել, որ մեկնարկային ճնշումը ստացվեց, և «Արսենալն» առաջ անցավ հաշվի մեջ: Տակտիկական այս մոդելը, սակայն, փլուզվեց անհատական սխալների հետևանքով: Դարպասապահ Լենոյի գնդակն անփույթ ընդունելու հետևանքով հյուրերը ստանդարտ դիրքի խաղարկումից հավասարեցրին հաշիվը, իսկ րոպեներ անց կենտրոնական պաշտպան Հոլդինգը 11 մետրանոց հարված «վաստակեց» «Տոտենհեմի» համար: Ի դեպ, Հոլդինգը միակ ֆուտբոլիստն էր, որը մասնակցել էր Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի «Վորսկլայի» հետ հանդիպմանը: Հոլնդինգն ուղղակի պատրաստ չէր դերբիին, և նրան հիմնական կազմում ընդգրկելը թերևս Էմերիի միակ վրիպումն էր:
Երկրորդ կեսում «Արսենալի» գլխավոր մարզիչը դիմեց տակտիկական կտրուկ փոփոխության: Նա վերադասավորեց ֆուտբոլիստներին և պայքարը շարունակեց արդեն 3-4-1-2 տակտիկական սխեմայով: Այս մարտավարության հիմքում ամբողջ խաղադաշտով անհատական պրեսինգի գործադրում էր: Էմերին փոխարինեց ակտիվ եզրային ֆուտբոլիստներին՝ Մխիթարյանին և Իվոբիին, նրանց տեղը խաղադաշտ մտցնելով Ռեմսիին և Լակազետին: Մասնավորապես, Ռեմսին անհատապես խաղում էր պաշտպան Դայերի դեմ, իսկ հարձակման զույգը՝ Օբամեյանգն ու Լակազետը, ակտիվորեն հսկում էին եզրային պաշտպաններին: Հենակետային կիսապաշտպաններ Ջական ու Տորեյրան էլ անհատապես խաղում էին Սիսոկոյի և Էրիկսենի դեմ: Եվ վերջապես երեք պաշտպանները հսկում էին «Տոտենհեմի» Սոն-Ալի-Քեյն հարձակողական եռյակին:
Սա բավական համարձակ մարտավարություն էր, քանզի յուրաքանչյուր անհատական սխալ փոխօգնության հնարավարություն չէր ունենալու: Նշենք, որ Էմերիի ֆուտբոլիստները կազմակերպված և, կարելի է ասել, անթերի կատարեցին առաջադրանքը: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Պոչետինոն, զգալով, որ իր ֆուտբոլիստներն ուղղակի սեղմվել են «Արսենալի» օղակում, երկրորդ կեսի միջնամասում մարտավարական քայլ կատարեց: Նա 4-1-2-1-2 սխեման փոխարինեց 3-5-2-ով: Դայերը տեղափոխվեց դաշտի կենտրոն, իսկ կիսապաշտպանության եռյակը կազմեցին Սոնը, Սիսոկոն և Էրիկսենը:
Այս որոշմանը բավական արագ արձագանքեց Էմերին՝ վերջնականապես ոչնչացնելով մրցակցին: Նա ֆուտբոլիստներին հրահանգեց գործել արդեն 4-4-2 մարտավարությամբ: Որպեսզի Ռեմսին շարունակեր ակտիվորեն ճնշել Դայերին, Էմերին թիկունքն ուժեղացնելու համար խաղադաշտ դուրս բերեց ևս մեկ հենակետային կիսապաշտպանի՝ Գենդուզիին: Շեշտը դնելով կենտրոնի վրա՝ Էմերին ուղղակի քանդեց «Տոտենհեմի» դիմադրությունը:
Էմերին «Տոտենհեմի» դեմ ցուցադրեց շախմատային ֆուտբոլ, որն իսկապես տպավորիչ էր և արդյունավետ: Ըստ էության զոհաբերելով ակտիվ եզրերը՝ «Արսենալի» գլխավոր մարզիչը որակական լուրջ առավելություն ստացավ: Փոխարինման դուրս եկած Ռեմսին դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ Լակազետը խփեց «Արսենալի» 3-րդ գնդակը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Օբամեյանգը, որը դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Հիանալի երեկո էր, որն ավարտվեց մեծ հաղթանակով: Այո, բոլորս ոգևորված ենք, բայց արդեն մտածում եմ հաջորդ խաղի մասին: Սա յուրահատուկ խաղ էր երկրպագուների համար, և մենք նրանց հաղթանակ պարգևեցինք: Իհարկե, սա նաև յուրահատուկ իրադարձություն էր մեզ համար: Էմոցիաները մի կողմ դնելու դեպքում կհասկանանք, որ լոնդոնյան դերբիում տարած հաղթանակը 3 միավորի խաղ էր, ինչպես, օրինակ, «Բորնմութի» դեպքում: Հիմա մտածում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ սպասվող խաղի մասին: Մենք բարձունքի վրա ենք, և վստահ եմ, որ «Յունայթեդի» դեմ մեր խաղացողները կպայքարեն նույն ոգով: Մեզ մոտ ձևավորվել է հաղթողի հոգեբանությունը, որը մեծ հաղթանակների կարևոր հիմքերից է»,- խաղից հետո ասել է Էմերին:
Այս հաղթանակի շնորհիվ «Արսենալը» 30 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունի նաև «Տոտենհեմը», սակայն խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով Էմերիի թիմն առավելություն ունի: Երրորդ հորիզոնականում գտնվող «Չելսիին» «Արսենալը» զիջում է ընդամենը մեկ միավորով: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Մանչեսթեր Սիթին», որն ունի 38 միավոր: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլը» վաստակել է 36 միավոր:
Արդեն դեկտեմբերի 5-ին «Արսենալը» «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալվելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ժոզե Մոուրինյոյի թիմը խիստ անհաջող է ելույթ ունենում ընթացիկ առաջնությունում. 22 միավորով գտնվում է միայն 7-րդ հորիզոնականում: