ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԱՐՄԻՐ Է

d

Իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացնելուց  հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց աշխարհի ամենահայտնի ակումբներից  մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ողջ հունիսի ընթացքում եվրոպական մարզական մամուլը պարբերաբար գրում էր Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին: Ընդ որում՝ հավանական տարբերակների թվում, բացի «Յունայթեդից» նշվում էր նաև «Արսենալը» և «Չելսին»: Դժվար է վերծանել ներակումբային բանակցությունները, սակայն որոշ հանգամանքների դեպքում նա կարող էր հայտնվել Լոնդոնում:

Մխիթարյանի տրանսֆերը ռեկորդային դարձավ ԽՍՀՄ նախկին տարածքի ֆուտբոլիստների շրջանում: Անգլիական ակումբը հայ խաղացողի համար վճարել է 42 միլիոն եվրո: Մինչ այժմ ռեկորդակիրը ուկրաինացի գոլահար Անդրեյ Շևչենկոն էր, որի տեղափոխության համար տասը տարի առաջ «Չելսին» «Միլանին» վճարել էր 40 միլիոն եվրո:

Լրատվամիջոցները հաղորդում էին, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան բանակցությունների ժամանակ կատաղել է և աթոռ նետել «Բորուսիայի» ներկայացուցիչների վրա, իսկ Մխիթարյանը սկսել է տուն փնտրել Մանչեսթերում, այսպիսի լուրերին վերջակետը դրեց հենց դորտմունդը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը՝ հաստատելով տեղափոխությունը: Ընդ որում՝ մամլո հաղորդագրության տեքստում անզեն աչքով կարելի է տեսնել գերմանական ակումբի հեգնանքը: Վերջին տողն այպիսին է.

-«Բորուսիան» լավագույնն է ցանկանում Մխիթարյանին Անգլիայի առաջնությունում և Եվրոպա լիգայում»:

«Մանչեսթեր Յունայթեդը» ավարտված առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և հանդես է գալու ոչ թե Չեմպիոնների լիգայում, այլ նշանակությամբ երկրորդ մրցաշարում՝ Եվրոպա լիգայում: Մինչդեռ Գերմանիայի արծաթե մեդալակիր «Բորուսիան» միանգամից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր է նվաճել:

Տեղափոխությունից հետո «Բորուսիայի» բազմամյա ավագ Մատս Հյումելս, որ մայիսին լքել է ակումբը և տեղափոխվել հիմնական մրցակցի՝ «Բավարիայի» ճամբար, հայտարարեց՝ Մխիթարյանը վաղուց էր ցանկանում լքել թիմը:

  • Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս ուշքի չի եկել իր լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյունսոնի հեռանալուց հետո: 27 տարի մարզելով «Յունայթեդը»՝ 2013 թվականին չեմպիոնի կարգավիճակով Ֆերգյունսոնը հեռացավ ակումբից, սակայն հաջորդիվ երեք տարիները անչափ անպտուղ էին «Յունայթեդի» համար: Հոլանդացի մարզիչ Լուի վան Գալը հսկայական գումարներ ծախսեց նոր խաղացողների վրա, բայց կարողացավ միայն Անգլիայի գավաթը նվաճել, չորակավորվելով Չեմպիոնների լիգայի համար: Գավաթը նվաճելու հաջորդ օրը նա ազատվեց աշխատանքից: Նրա փոխարեն «կարմիր սատաններին» ղեկավարելու է պորտուցալացի հանրահայտ մարզիչ, սկանդալային և անզիջում Ժոզե Մոուրինյոն: Հնարավոր է, որ Մխիթարյանը թիմի ընտրության հարցում վճռորոշ է եղել նաև Մոուրինյոյի գործոնը: «Յուրահատուկը» կարողանում է առավելագույնը քամել իր ֆուտբոլիստներից, նրա ղեկավարությամբ խաղացողները կարողանում են զարգանալ:

 

Որոշ վիճակագրական տվյալներ Գերմանիայի անցած առաջնության լավագույն խաղացողի վերաբերյալ.

Մխիթարյանը 15 գոլային փոխանցում է կատարել և այս ցուցանիշով բացարձակ առաջատար էր Բունդեսլիայում: Նա 136 անգամ դրիբլինգի է դիմել, 82 անգամ հարվածային դիրք է դուրս բերել խաղընկերներին, Գերմանիայի առաջնության յուրաքանչյուր խաղում միջինը 2 անգամ պաշտպանական որոշիչ գործողություն է կատարել:

Անցած տարի ձեռք բերելով Անտոնի Մարսիալին՝ «Յունայթեդը» որոշ չափով շտկեց ձախ եզրային գոտում առկա խնդիրները: Մխիթարյանը կարող է աջ եզրայինի դիրքում գերազանց համալրում լինել անգլիական ակումբի համար: Հաշվի առնելով շվեց գոլահար Զլատան Իբրահիմովիչիչ տեղափոխությունը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գիծը, ըստ squawka.com-ի, կարող է այսպիսի տեսք ունենալ:

Անկասկած Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ հայկական ֆուտբոլի վրա: Դեռևս 2000-ականների սկզբին հայկական ֆուտբոլի մեծանուններից՝ Արթուր Պետրոսյանը հնարավորություն ուներ Շվեյցարիայից տեղափոխվելու Լոնդոնի «Արսենալ», սակայն գործարքը վերջին պահին խափանվել էր: Ֆուտբոլային վերլուծաբանները նշում էին, որ եթե գործարքը կայանար, Պետրոսյանի շնորհիվ եվրոպական ֆուտբոլային գործակալների կողմից մեծ ուշադրության կարժանանար հայկական մանկապատանեկան ֆուտբոլը: Այժմ էլ նման խոսակցություններ առկա են, սակայն պետք է հաշվի առնել, որ «Բորուսիան» էլ անհայտ ակումբ չէ, բացի այդ հայկական ակումբների անփառունակ ելույթները եվրոգավաթներում խոսուն են:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register