ՇՈԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ  2750  ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

d

Ամառային տապն ու ստեպ-ստեպ քաղաքը պաշարող հեղձուկը մայրաքաղաք Երևանի համար ամենևին էլ  նորություն չեն:  Ինչպես մեր օրերում, նախկինում նույնպես երևանաբնակները  ամռանը զբոսանքի են դուրս եկել գերազանցապես երեկոյան ժամերին: Չոր կլիմա ունեցող քաղաքների համար շոգին դիմակայելը գլխացավանք է եղել մշտապես: Ինչպես ասում են՝ «ստաժավոր» գլխացավ: Բնության  առաջարկած խնդիրը քաղաքային  իշխանություններին  հարկադրել է  ստեղծված իրավիճակից լուծումներ գտնել:  «Արհեստական օազիսների»՝ շատրվանների ստեղծման գաղափարի ծնունդը՝ հենց այդ գլուխկոտրուկով է պայմանավորված: Շատրվանների գործունեությունը  քաղաքացիներին հանգստանալու, ամռան տապից զովանալու հնարավորություն են ընձեռել,ըստ էության դառնալով  հանրությանը նետված «փրկօղակ»: Մայրաքաղաք Երևանում քիչ չեն շատրվանները: Նրանցից թերևս ամենահայտնին  Հանրապետության հրապարակի երգող շատրվաններն են,որոնք դարձել են թե՛ տեղաբնակների, թե՛ քաղաքի հյուրերի սիրելին:  Երգող շատրվանների համեմատությամբ ստվերում է գտնվում հրապարկից մինչև Ստեփան Շահումյանի արձանը ձգվող «Էրեբունի-Երևան- 2750» շատրվանային համալիրը: 1968 թվականին կառուցված շատրվանային համալիրը՝ Երևանի 2750-ամյակին նվիրված խորհդանիշներից է: Այն պարունակում է 2750 ջրամղիչ խողովակ: Հարկ է նկատել, որ հենց 1968 թվականին է առաջին անգամ պաշտոնապես նշվել քաղաքի տոնը: Այդ թվականին է կայացել Էրեբունի թանգարանի բացումը, 2750 ծառ է տնկվել Արին-Բերդի ստորոտում, հատուկ տոնակատարությունների համար են կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն ու Պարույր Սևակը գրել «Էրեբունի-Երևան» երգը, որն էլ ցայսօր դարձել է քաղաքի հիմնը:Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ճամփորդի» հետ զրույցում պատմում է «Էրեբունի-Երևան- 2750» շատրվանային համալիրի կառուցման, 1968 թվականի հոկտեմբերի 18-ին մեկնարկած տոնակատարությունների, քաղաքում տիրող մթնոլորտի մասին:

«Երևանի բնակչությունը 1968 թվականին 700.000 էր: Մարդկանց ոգևորությունը շատ մեծ էր, բոլոր հանրային վայրերում ընթանում էին տարբեր միջոցառումներ: Որևէ մեկին չէին ստիպում, բոլորն իրենց նախաձեռնությամբ էին դուրս եկել փողոց: Բարյացակամ մթնոլորտ էր: Երևանն այդ տարիներին վերելք էր ապրում: Տոնակատարություններին զուգահեռ իրականացվում  էին քաղաքի բարեկարգման աշխատանքներ: Արձաններ էին տեղադրվում, ցայտաղբյուրներ բացվում: Ի նշանավորումն մայրաքաղաք Երևանի 2750-ամյակի՝ ներկայիս Վազգեն Սարգսյան փողոցին հարող տարածքում կառուցվեց 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը: Բարեկարգված տարածքը հասավ որակապես նոր աստիճանի: Նախկինում այդտեղ զբոսավայր էր, որևէ սրճարան չկար : Շատրվանների կառուցումից 8 տարի առաջ՝ 1960 թվականին տարածքում տեղադրվել էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման համար զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը («Հավերժական կրակը»)»:

Մկրտիչ Մինասյանի կարծիքով պատմությունը պետք է լինի չոր ու փաստարկված: Շշուկներին, խոհանոցային խոսակցությունների հարկավոր չէ մեծ նշանակություն տալ:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ շատրվանի կառուցման թույլտվություն ստանալու դժվարություններ չեն եղել: ԽՍՀՄ-ում թույտվության հարց առաջանում էր, երբ նախագծի բյուջեն գերազանցում էր 3 միլիոն ռուբլին, այս դեպքում չէր գերազացնում: Չգիտեմ, այժմ անընդհատ տարբեր խոսակցություններ, պատմություններ են պտտվում,թե Մոսկվան մեզ արգելել է այս կամ այն նախագիծն իրականացնել: Շատ դեպքերում, դրանք խոհանոցային խոսակցություններն են»:

Շատրվանների կառուցումը վստահել են փորձառու ճարտարապետ, 1958-1970 թթ.` «Երեւաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Լիպարիտ Սադոյանին (1917-1992 թթ.), ով այն ժամանակվա քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի (1918-2001 թթ.) տարեկիցն է եղել: Մկրտիչ Մինասյանը նշում է, որ Լիպարիտ Սադոյանը շատ գոհ է եղել իրականացրած ծրագրից: «Աշխատանքները առավելագույնը 1,5-2 տարում են արել: Սկզբնական նախագծով ներկայիս բետոնե քարերը պետք է բազալտից լինեին, բայց ամենայն հավանականությամբ, դա տեխնիկապես հնարավոր չի եղել: Մինչ այժմ քաղաքային այդ հատվածը գրեթե չի փոխվել. «կանաչ» զանգված է, որը փոփոխելն իմաստ չունի: Լենինի արձանն էր կանգնեցված, որն ապամոնտաժեցին 1991 թվականին: Ընդ որում, արձանը հանելը քաղաքական խնդիր էր, հասկանալի է, բայց պատվանդանը շատ լավ էր արված և կարելի էր պահել:  Գրիգոր Հասրաթյանը քաղաքը ղեկավարել է 1962-1975 թվականներին: Նա անընդհատ քաղաքով էր զբաղվում: Առավոտյան ժամը 6-ից արդեն շրջում էր Երևանում՝ տեսնելու, թե որտեղ ինչ թերություններ կան, իսկ ժամը 9-ից սկսում էր կարգադրությունները: Հասրաթյանը սիրում էր ճարտարապետների, արվեստագետների աշխատանքներին անմիջական հետևելը: Երբեմն ուշ երեկոյան այցելում էր արվեստանոցներ, զրուցում արվեստագետների հետ»:

Զրույցի վերջում Մկրտիչ Մինասյանը պատմում է, թե որքան կարևոր է չոր կլիմա ունեցող քաղաքներում ջրային զանգվածների, շատրվանների առկայությունը:

«Ընդհանրապես Երևանը ամռանը շատրվանների, ջրային հայելիների կարիք ունի, որոնք թե՛ հոգեբանորեն, թե՛ իրապես շոգ եղանակին մարդկանց զովացնում են: Ցավոք, Երևանը քիչ ունի ջրային հայելիներ, եղածներն էլ այն մակարդակի չեն: Օրինակ՝ Երևանյան լիճը, թվում էր, պետք է բավական մեծ ազդեցություն ունենա, բայց դա կամաց-կամաց վերածվեց կեղտաջրերի հավաքման տեղի»: Երբ 90-ականներին հոսանքի խնդիր է եղել, շատրվաններից շատերը  չաշխատելուց փչացել են: Միայն վերջին տարիներին են դրանք վերանորոգվել ու վերագործարկվել:

ԳԱԳԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register