«ԱՐՍԵՆԱԼԻՆ» «ԲՈՐՈւՍԻԱՅԻ» ԴՆԹ ԵՆ «ՊԱՏՎԱՍՏՈւՄ»

1

Հայաստանի ֆուտբոլային օրացույցում հունվարի 21-ն ու 22-ը հիշարժան օրեր են: 1989 թվականի հունվարի 21-ին է  ծնվել XXI-րդ դարում ամենանշանակալի հաջողությունների հասած հայ ֆուտբոլիստը, իսկ 2018-ի հունվարի 22-ին նույն խաղացողը՝ լքելով «Կարմիր սատանների» ճամբարն ու իրագործելով պատանեկության երբեմնի երազանքը՝ դարձել է «Զինագործ»:

Տրանսֆերի հաստատվելուց առաջ, բրիտանացի լրագրողները գտել էին 2009 թվականին դեռևս Երևանի «Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «ՈՒԵՖԱ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցը, որտեղ 20-ամյա Հենրիխն ասում է`«Իմ սիրելի թիմը «Արսենալն» է: Ինձ դուր է գալիս նրանց հարձակվողական խաղն ու կայծակնային գրոհները: Բացի այդ, Արսեն Վենգերը վստահում է երիտասարդներին`միևնույն ժամանակ արդյունքի հասնելով: Հույս ունեմ, որ մի օր կխաղամ այնտեղ»: Անցած ինը տարվա ընթացքում շատ ջրեր են հոսել: Մխիթարյանն արդեն  բնավ էլ երիտասարդ չէ (ֆուտբոլային կարիերայի տեսանկյունից), իսկ «Արսենալն» էլ փոքր-ինչ զիջել է դիրքերը: Վերջին անգամ զինագործները  չեմպիոն են դարձել 2003-2004 թթ. մրցաշրջանում, որն անկասկած կարելի է լենգենդար համարել: Թյերի Անրիի, Պատրիկ Վիեյրայի, Դենիս Բերգկամպի գլխավորությամբ «Արսենալը» չեմպիոն դարձավ` պարտություն չկրելով  և ոչ մի խաղում: Բացառությամբ նախորդ մրցաշրջանի, Վենգերի գլխավորած թիմը քսանմեկերորդ դարում մշատպես վաստակել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ինչը ֆանտաստիկ նվաճում է` հաշվի առնելով, որ «Արսենալը» երկար ժամանակ խուսափում էր խոշոր տրանսֆերներից: Անցած խաղաշրջանում զինագործները  75 միավոր վաստակեցին՝ մեկ միավորով հետ մնալով 4-րդ տեղը զբաղեցրած «Լիվերպուլից»:

Ընդհանուր առմամբ, «Արսենալի» դժվարությունները սկսվեցին «թաղում նոր խաղացողների» ի հայտ գալուց հետո: 2000-ականների սկզբին Ռոման Աբրամովիչը գնեց «Չելսին»`այն դարձնելով Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի համար պայքարող թիմ: Ավելի ուշ արաբ շեյխերը պարկերով գումարներ ներդրեցին «Մանչեսթեր Սիթիի» կայացման վրա: Այս ամենից բացի «Արսենալի» ամենասկզբունքային մրցակիցը` «Տոտենհեմը», մարզչական և կառավարման անչափ գրագետ աշխատանքի շնորհիվ դարձել է, եթե ոչ չեմպիոնի կոչման, ապա լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու իրական հավակնորդ: «Արսենալի» վերջին անհաջողություններն են թերևս պատճառը, որ Մխիթարյանի տեղափոխությունից հետո երկրպագուներից շատերը ցանկանում են սփոփանքի նամակ գրել նրան:

Բայց հուսահատվելու կարիք  ամենևին էլ չկա: Ինչպես ասում են`ամեն ինչ առջևում է: Թեև այս մրցաշրջանում մենք Մխիթարյանին չենք տեսնի Չեմպիոնների լիգայում («Արսենալի» Եվրոպա լիգայում հանդես գալու պատճառով), սակայն կարող ենք վստահ լինել, որ նա չի մնա պահեստայինների նստարանին և հնարավորություն կունենա ցուցադրելու այն խաղը, որի շնորհիվ նա դարձավ 2015-16թթ. մրցաշրջանի Գերմանիայի առաջնության լավագույն խաղացողը: Մխիթարյանի տեղափոխությունը «Արսենալ» և հակառակ ուղղությամբ Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը դեպի «Մանչեսթեր Յունայթեդ»՝ կարելի է բացառիկ համարել:

Շատ քիչ է պատահում, որ գրանդ ակումբները (այն էլ միմյանց մրցակից) առանց հավելավճարի փոխանակվեն բարձրակարգ ֆուտբոլիստներով: Չիլիացին միանշանակ՝ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, վերջին 3.5 տարվա ընթացքում նա «Արսենալի» առաջատարն էր և թալիսմանը: Սանչեսը խաղադաշտում կարծես դարձել էր յուրատեսակ «փարոս», բոլորը փորձում էին գտնել նրան,ինչի պատճառով էլ «Արսենալը» կարծես կորցրել էր իր խաղաոճը, որի շնորհիվ ժամանակին հաջողությունների էր հասել: Մխիթարյանի, Օզիլի, Իվոբիի և Լակազետի թիմը կարող է հարձակման կրակագծում շատ ավելի «անեսասեր» լինել`ընտրելով լավագույն տարբերակները: Այսօր կամ վաղը սպասվում է նաև Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Պյեր Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունը «Արսենալ»: Եթե տրանսֆերը կայանա, ապա շատ լուրջ քայլ կլինի`Սանչեսին վերջնականապես մոռացնել տալու տեսանկյունից: «Բորուսիայում» Մխիթարյանի վերջին և ամենահաջողված մրցաշրջանում՝ հայ խաղացողը և Օբամեյանգը խաղադաշտում գերարդյունավետ զույգ էին դարձել: «Արսենալի» երկրպագուները հույս ունեն, որ նախկին արդյունավետ կապը կյանքի կկոչվի արդեն իրենց թիմում: Այժմ «Արսենալը» առաջնությունում 42 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը`4-րդ տեղում գտնվող «Լիվերպուլից» հետ մնալով 5 միավորով: 45 միավորով 5-րդ տեղում է «Տոտենհեմը»: «Չելսին» ունի 50, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»` 53 միավոր: Առաջատար «Մանչեսթեր Սիթին»  ունի 65 միավոր: Եթե առաջնությունում «Արսենալին» չհաջողվի լավագույն քառյակում հայտնվել, ապա անգլիական ակումբին, ինչպես նախորդ տարի «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակելու համար մնում է նվաճել Եվրոպա լիգայի գավաթը:

Անգլիայի գավաթի խաղարկությունից «Արսենալն» արդեն դուրս է մնացել, սակայն հայտնվել է Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում և այս գավաթի համար փետրվարի 25-ին մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այսօր՝ հունվարի 30-ին, ժամը 23:45-ին «Արսենալը» Անգլիայի առաջնության շրջանակներում մրցելու է հետնապահի` «Սուոնսիի» հետ:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register