ԻՆՉՈ՞Ւ  ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱԼԵՊԱՀԱՅԵՐԸ ՀԵՌԱՆԱԼ ՍԻՐԻԱՅԻՑ

siria

Սիրիայում սկսված պատերազմից հետո հազարավոր սիրիահայեր հեռացել են երկրից՝ բնակություն հաստատելով Հայաստանում, Կանադայում, Միացյալ Նահանգներում… Պատերազմական գործողությունների վերջին սրացումից հետո, երբ կենաց-մահու պայքարը կրկին օրվա գերխնդիր դարձավ, հալեպահայերի անվտանգության հարցը մղվեց առաջին պլան. հրթիռների տարափից խեղդվող Հալեպից նրանց արագ տարհանման անհրաժեշտություն առաջացավ: Այս օրերին պաշտոնական Երևանի տարբեր հարթակներից արվող հայտարարությունների համաձայն՝ Սիրիայում բնակվող հայերը չեն ուզում հեռանալ այնտեղից և տեղափոխվել այլ երկիր, մասնավորապես՝ Հայաստան: Նման վարկածներն, ինչ խոսք, միանշանակ ընդունել հնարավոր չէ. խնդիրն առավել խորքային է ու արմատական:Երևանում հաստատված սիրիահայերի շատ հարազատներ դեռ Հալեպում են: Ինչպես նրանք են նշում՝ ռիսկ չեն արել Հալեպից դուրս գալ՝ իմանալով, որ Հայաստանում էլ սոցիալ-տնտեսական իրավիճակը ծանր է և այստեղ տեղափոխվելով բախվելու են նոր՝ օրվա հացը վաստակելու խնդրին:

– Ես ու տղաս 2 տարի առաջ ենք եկել Հալեպից: Ես խմորեղեն եմ պատրաստում ու վաճառում, տղայիս 18 տարին նոր է լրացել: Միայն իմ աշխատանքով 200 դոլար տան վարձ չենք կարող վճարել: Հետո էլ՝ ապրել է պետք: Ամուսինս մնաց Հալեպում, ասաց՝ կաշխատի, կկարողանա գոնե մեզ օգնել… Բայց այս օրերին կրկին սկսեցին հրթիռներ գցել, շատ վտանգավոր է դարձել Հալեպում կյանքը,- մեզ հետ զրույցում ասում է  նրանցից մեկը:    

Վերջերս Երևան տեղափոխված սիրիահայ Գալուստյանների ընտանիքը Հալեպից հեռանալու որոշում կայացրել է միայն այն ժամանակ, երբ հրթիռներից մեկն ընկել է ուղիղ իրենց տան վրա, բնակարանը վերածել փոշու կույտի՝ փլատակների տակ թողնելով զույգ երեխաներին:

– Շատ ծանր օրեր ենք անցկացրել Հալեպի մեջ, պատահել է՝ հաց չի եղել, որ ուտենք, առանց գազ, առանց  լույս ապրել ենք՝ մտածելով, որ կխաղաղվի: Այնտեղ բնակարան ունեինք, մտածում էինք՝ գանք Հայաստան ի՞նչ ենք անելու, ո՛չ տուն ունենք, ո՛չ աշխատանք… Բայց որ երեխաներիս տեսա փլատակների տակ, սարսափեցի: Աստծո հրաշքն էր,որ փրկեց երեխաներիս… Էլ չէինք կարող այնտեղ մնալ, որոշեցինք գալ Հայաստան…  Հիմա միայն մի բան ենք երազում, որ խաղաղություն լինի… ,- ասում է երեխաների մայրը՝ Գոհար Գալուստյանը:

Սիրիահայերին հրթիռակոծվող տարածքներից  գոնե ժամանակավորապես տարհանելու ժամանակը չէ արդյոք, գուցե անհրաժեշտ է գործուն քայլե՞ր ձեռնարկել՝ սիրիահայերին հավատացնելու համար, որ հայրենիքը վերացական գաղափար չէ, այլ կենսատարածք, որ սոցիալական ծանր պայմաններում էլ իր զավակներին մենակ չի թողնում, որ բնակարանի ու աշխատանքի հարցերը հեշտությամբ լուծելի են, եթե կա պետական հոգածություն  և սուղ ֆինանսական միջոցներն արդյունավետ ծախսելու պատրաստակամություն… Ու գուցե այդ ժամանակ նկատելի ու լսելի կդառնա նաև այն սիրիահայերի ձայնը, որոնք ուզում են և պատրաստ են այժմ էլ գալ ու բազմաշնորհ իրենց ձեռքով կառուցել Հայաստանի իրենց սպասող փոքրիկ անկյունը:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register