ԳՅՈՒՄՐԻՆ ՍՐՏՈՒՄ ՊԱՀԱԾ

gyumri

Առայսօր Գյումրիում կան տնակներում բնակվող բազմաթիվ ընտանիքներ, որոնք սպասում են  բաղձալի պահին, երբ վերջապես կկարողանան ապրել նորմալ բնակարաններում, ինչպես բոլորը:

Մինչ պետությունը տարբեր ծրագրերով փորձում է լուծել այս խնդիրը, 27 տարում չկարողանալով անցյալ դարձնել աղետի գոտին, բազմաթիվ մտահոգ մարդիկ ջանում  են բարեգործական ակցիաներով և միջոցառումներով օր առաջ ձեռք մեկնել տնակներում, ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին՝ նրանց նվիրելով բնակարաններ:

Այդ նախաձեռնություններից մեկն էլ «SOS Գյումրի» նախաձեռնությունն է, որը նպատակ ուներ բարեգործական ակցիաների շնորհիվ Գյումրիի ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքներին ապահովել 13 բնակարաններով: Այդ նվիրական գործին  օգնելու նպատակով Երևանում ստեղծվեց «Երևանը Գյումրիի կողքին» նախաձեռնությունը: Արդյուքները այսօր ավելի քան խոսուն են: Բավական է միայն նշել, որ նախատեսված 13-ի փոխարեն այսօր արդեն կա 20 բնակարան:

Երևանը Գյումրիի կողքին» նախաձեռնության նպատակների, ձեռքբերված արդյունքների և սպասվող միջոցառումների մասին զրուցում ենք նախաձեռնության կազմակերպիչ Լևոն Զաքարյանի հետ:

– Լևոն, որտեղի՞ց իմացաք SOS Գյումրի նախաձեռնության մասին:

– Անձամբ ես բարեգործական ակցիայի մասին իմացել եմ Ֆեյսբուքից: Գյումրեցի  ֆոտոնկարիչ Հայկ Բարսեղյանը բացել էր էջ, որտեղ  միջոցառում էր անցկացվում տնակներում ապրող ընտանքիներին 13 բնակարաններով ապահովելու համար: Առաջին միտքը, որ ծագեց, այն էր, թե ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, որովհետև գաղափարը ինձ շատ դուր եկավ: Ես առաջարկեցի, որ Երևանում նման միջոցառում կազմակերպենք, որպեսզի այդ հարցը ավելի հանրային դառնա, քանի որ միայն Երևանում այսօր մեկ միլիոնից ավելի մարդ է ապրում: Ես Ֆեյսբուքում բացեցի էջ՝ «Երևանը Գյումրիի կողքին» վերտառությամբ, որի նպատակն էր հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնել այդ նախաձեռնության մասին: Սզկբում տեղադրել եմ միայն հաշվեհամարները, որպեսզի մարդիկ իմանան, ուրիշներին հրավիրեին,  իսկ  ցանկության դեպքում նաև գումարներ փոխանցեն: Հետագայում մտածեցի, որ լավ կլիներ նաև դրամահավաք կազմակերպել՝ ավելի շոշափելի օգնություն ցուցաբերելու համար, ու սկսեցինք գործել:

– Ի՞նչ միջոցառումներ եք  արել մինչ այժմ և ինչ արդյունքների եք հասել:

– Սկզբից Մաշտոցի պուրակում հավաքվեցինք, հետո հասկացանք, որ պուրակը փոքր է տարածքով և որոշեցինք ավելի մարդաշատ վայրում անել: Այդպես ընտրվեց Հյուսիսային պողոտան, որտեղ էլ կայացավ առաջին դրամահավաքը: Պրոցեսը ավելի հետաքրքիր դարձնելու համար որոշեցիք, որ լինեն նաև երաժշտական համարներ, պարեր: Եվ ազգային պարեր պարող խմբեր, հեղինակ – կատարողներ եղան, որ սիրով համաձայնեցին օժանդակել, կար նաև ակրոբատների խումբ, որը նույնպես միացավ: Շատերը հենց տեղում միացան: Մի խոսքով, հենց առաջին միջոցառումը արդեն հաջողված էր այնքանով, որ 1.5 միլիոն դրամ հավաքվեց:

Հարցը հանրային հնչեղություն ստացավ Երևանի բնակիչների մեջ: Հետագայում առաջարկեցի մամուլի ասուլիս անել, և մեր դրա միջոցով ակցիան ավելի մեծ հնչեղություն ստացավ:  Հետո արդեն  տարբեր միջոցներով, թե՛ մեր, թե՛ SOS Գյումրի նախաձեռնության անդամների ջանքերով այս հարցը այնքան հանրային դարձավ, որ արձագանքեցին արդեն մեր նշանավոր մարզիկները, աշխարհահռչակ երաժիշտները, օրինակ՝ Շառլ Ազնավուրը արձագանքեց, իր էջում հրապարակելով միջոցառման մասին տեղեկություն, Սերժ Թանկյանը օգնեց և այլն: Կոնկրետ «Երևանը Գյումրիի կողքին» նախաձեռնությունը ամեն ինչ արեց, որ ակցիան հնարավորինս տարածվի և հայտնի դառնա հենց երևանցիների շրջանում:

– Ինչո ՞վ էր առանձնանում ձեր երկրորդ միջոցառումը:

– Մեր երկրորդ միջոցառումը, որը կրկին Հյուսիսային պողոտայում էր, ճիշտ է՝ շատ մեծ գումար չհավաքեց, ինչը մենք վերագրում ենք նրան, որ մարդիկ արդեն գիտեն, որ կա 20 բնակարան և կարծես արդեն հանգիստ էին այդ առումով, բայց աննախադեպ եղավ լուսաբանման առումով: Շոու – բիզնեսի աստղերը իրենց էջերում ակցիային միանալու կոչերով հանդես եկան, հատուկ տեսանյութեր նկարվեցին դրա համար, որոնցում կրկին կոչ էր արվում միանալ դրամահավաքին, տարբեր ոլորտներից տարբեր հայտնի մարդիկ իրենց մասնակցությունը ունեցան. մեկը իր էջում  այդ մասին գրեց,  մեկը եկավ և ելույթ ունեցավ, մեկը գումարով օգնեց, մյուսը համերգ  տվեց  և այլն: Այս ամենը, բնականաբար, մանրամասն լուսաբանվում է նաև մեր կողմից հենց ֆեյսբուքում:

gyumri11

– Բարեգործական ակցիայի շրջանակներում հայտարարվել էր նաև աճուրդ անցկացնելու մասին: Ի՞նչ փուլում է այդ նախաձեռնությունը և ի ՞նչ լոտեր են ներկայացված:

-Աճուրդը պետք է լիներ մարտի 19-ին, բայց դեռ հետաձգվում է, քանի որ աճուրդին ներկայացվելիք լոտերը անընդհատ շատանում են: Դրանց թվում ի հայտ եկան բավական արժեքավոր լոտեր, օրինակ՝ «Ռեալ» ֆուտբոլային ակումբի մազրաշապիկը՝ հայտնի ֆուտբոլիստների ստորագրություններով, Սերժ Թանկյանի վերնաշապիկը և այլն, որոնց վաճառքով կարելի է նույնսիկ 2-3 տան գին հանել:  Այս պահին SOS Գյումրի թիմը Ֆեյսբուքում  աճուրդի է դրել մի շարք լոտեր, իսկ աճուրդը ընթանում է հստակ կանոնակարգով.  մեկնաբանություններում գրվում է  առաջարկված գինը, և եթե 48 ժամվա ընթացքում չեն արձագանքում, ապա լոտը համարվում է  վաճառված: Հենց  հիմա, օրինակ, աճուրդի են դրված Օլիմպիական չեմպիոն  Լևոն Ջուլֆալակյանի մարզակոշիկները, դրանից առաջ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի մարզաշապիկն էր, Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ գնդակն էր, որը արդեն վաճառվել է:

– Ի՞նչ արդյունքների է հասել բարեգործական ակցիան ներկա պահին:

– Այս պահին կա 20 բնակարան և ևս 2 խոստացված բնակարաններ, որոնք նվիրաբերվելու են. այսինքն, չի բացառվում, որ դառնա 22 բնակարան: Բնակարամուտ տոնել են արդեն 8 ընտանիքներ: Բնակարամուտները լուսավբանվում են Ֆեյսբուքում մեր կողմից և լրատվամիջոցների կողմից: Տների հետ տրվում է գույք, բոլորովոին նոր բազմոցներ, սեղան-աթոռ, մահճակալ, պահարաններ և այլն, որոնք վարպետների կողմից սարքվում և տրամադրվում են ինքնարժեքով. դա էլ նրանց օգնության բաժինն է: Այսինքն, տները նաև կահավորվում են, նոր են տրվում ընտանիքներին: Ի դեպ, տները տրվում են այն ընտանիքներին, որոնք երբեևէ չեն ստացել բնակարաններ: Նրանց միջից նույնպես կատարվում է  ընտրանք, ընտրվում են այն ընտանիքները, որոնք ունեն հաշմանդամներ, ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, այսինքն՝ ընտրվում են ամենակարիքավոր ընտանքիները: Հատուկ նշեմ, որ բակարանները տրվում են պայմանագրով, և դրանք ստացող ընտանքիները, ըստ պայմանագրի, բնակարանները վաճառելու իրավուքն չունեն:

– Ի՞նչ տարածում և արաձագանքներ ունեցավ «Երևանը Գյումրի կողքին» նախաձեռնությունը:

– Դրամահավաք անցկացվեց բուհերում, ինքնակազմակերպված  ուսանողների շնորհիվ: Դրամահավաք է անցկացվել նաև երևանյան փաբերում: Տարերային ձևով մարդիկ փող էին նվիրաբերում Վանաձորում, Արատաշատում և այլն:

Ամերիկահայ մի բարեգործ մեկ բնակարան է նվիրել, անգլիական կայքում հաշվեհամար էր բացված և այդտեղ հավաքվեց 27 հազար ֆունտ ստերլինգ, որի մեծ մասը, վստահ եմ՝ մեր հայրենակիցներն են հանգանակել: Հենրիխ Մխիթարյանն էլ է ուղարկել իր մարզաշապիկը աճուրդի համար, Յուրա Մովսիսյանի  և Յուրի Ջորկաեֆի մասին արդեն նշեցի, եղել են բազմաթիվ այլ դեպքեր:

– Հայտնի է, որ ակցիան արձագանքներ է ունեցել նաև արտասահմանյան լրատվադաշտում:

-Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը անդրադարձավ նախորդ ամիս, 40 րոպեանոց հարողդում ցուցադրեց այդ մասին:  Դրանից հետո, մոտ 1 ամիս առաջ BBC հեռուստաընկերությունից էին զանգել Հայկ Բարսեղյանին, բավական երկար զրուցել են և խոստացել են, որ ապրիլ ամսին գալու են Հայաստան՝ հարցը լուսաբանելու, ինչը նույնպես շատ կարևոր է: Եթե այդ հեռուստաալիքը անդրադառնա խնդրին, իմ կարծիքով չի բացառվում, որ այս բարոգործական ակցիայի երկրորդ ակտիվ շրջանը սկսի: Ի վերջո՝ ակցայի կարևոր առաքելությունը ոչ միայն օգնելն է, այլ նաև բարձրաձայնելը, որպեսզի թե՛ համապատասխան պատասխանատու անձինք, պաշտոնյաները կրկին մտածեն այդ ուղղությամբ և սկսեն գործել, թե՛ որևէ բարեգործ, ով ուզում է օգնել աղետի գոտու բնակիչներին, բայց չի կողմնորոշվում՝ ինչպես, օգտագործի այս ակցիան որպես ուղեցույց:

 

Գաբրիել Հարությունյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register