22-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐ ՊԱՊԻՆ

1937 թվականին Արծվաշենում է ծնվել նա, ում խիստ արտառոց, բայց միաժամանակ հիացմունքի արժանի պատմությունը կարող է դաս լինել շատ ու շատերի համար: Այս պատմությունը Ռոբերտ Կիրակոսյանի մասին է: Նա մեխանիզատոր էր, վարորդ, սովորական քաղաքացի, ում երակներում, սակայն, հերոսի արյուն էր հոսում: 1954-ից մինչև 1963 թվականը նա շրջել է նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում ու աշխատել տարաբնույթ հիմնարկներում: 1963-ին վերադարձել է Հայաստան, ու բնակություն հաստատել մայրաքաղաք Երևանում: Ամուսնացել է, ընտանիք կազմել:
Երեք երեխաների հոր առաջին հերոսական արարքը 1986-ին էր: Աշխատավայրում ձևակերպելով հերթական արձակուրդը՝ Ռոբերտ Կիրակոսյանը թաքուն և կամավոր մեկնում է… ոչ ավելի, ոչ պակաս՝ աղետի ենթարկված չարագուշակ Չեռնոբիլ: Ատոմակայանի աղետի հետևանքների վերացման և վիրավորներին ցուցաբերված օգնության համար խորհրդային իշխանությունների կողմից նա արժանանում է շնորհակալագրի: Գալիս է տուն ու լուռ, առանց ավելորդ հպարտության շարունակում աշխատանքը, կարծես հենց այդպես էլ պիտի լիներ:
1994-ին արդեն օգնության էր կանչում Հայրենիքը: Շտապում է զինվորագրվել, սակայն, ապարդյուն: Նրան առաջին գիծ չեն ուզում թողնել: Սահմանված կարգի համաձայն՝ եռամսյա հավաքներին կարող էին մասնակցել միայն մինչև 45 տարեկանները: 57-ամյա Ռոբերտը շարունակում է համոզել, խնդրել ու հորդորել: Երբ գործի դրած բոլոր մեթոդներն ապարդյուն են անցնում, հարկադրված դիմում է արգելված հնարքի… Նա խաբեությամբ՝ գրիչի մեկ հարվածով 35 տարով երիտասարդանում է: Ծննդյան 1937-ը վերափոխվում է 1972-ի: Հենց այդպես էլ, արդեն թոռնատեր 57-ամյա պապիկը, իբրև 22- ամյա հայորդի` Հայրենիքի ազատագրման հաստատ մտադրությամբ մեկնում է ռազմաճակատ:
-
1994 թվականի հունվարի 25-ին նշեցինք նրա 57-ամյակը, իսկ 2 օր անց հայրս եկավ, նայեց աչքերիս մեջ ու ասաց, որ ես արդեն մեծ տղա եմ, ու պատրաստ եմ տուն պահել. հիմա հանգիստ խղճով կարող է հեռանալ: Թեև ինքը եռամսյա հավաքի ենթակա չէր, խառնվել էր եռամսյա հավաքի զինակոչիկներին ու դարձել նրանցից մեկը: Այն մասին, որ հայրս ռազմաճակատ գնալուց առաջ տարիքը փոխել էր տվել, միայն ես ու ընկերս գիտեինք, և ուրիշ ոչ ոք: Նա մեկնեց ռազմաճակատ՝ Արցախ: Ծնունդով արծվաշենցի հայրս, շարժման հենց սկզբից կամավոր մասնակցում էր մարտական գործողությունների: Արծվաշենի անկումից հետո նա ասում էր, որ Արծվաշենում էլ կռիվ չի լինելու, որ գյուղն ապագա 10 տարում ետ չեն վերցնելու»,- պատմում է Ռոբերտի որդին՝ Մհեր Կիրակոսյանը:
Ռոբերտ Կիրակոսյանը կռվել է նաև Վարդենիսում, Նոյեմբերյանում, Իջևանում, Ճամբարակում, Գորիսում, եղել է «Արծվաշեն» ջոկատի ավագը, իսկ «Արծվաշենի» հրամանատարի վիրավոր ժամանակ՝ փաստացի նաև ջոկատի հրամանատարը: Նա եղել է նաև Ճամբարակի սահմանապահ ուղեկալի ավագը:
Մհեր Կիրակոսյանը պատմում է.«Եռամսյա հավաքը մոտենում էր ավարտին: Հանկարծ մի օր տարօրինակ հեռախոսազանգ ստացանք: 1994 թվականի մայիսի 3-ն էր՝ զինադադարից մի քանի օր առաջ: Զանգին կինս պատասխանեց: Անծանոթը նրանից փորձել էր տեղեկանալ, թե քանի տարեկան է հայրս՝ Ռոբերտ Կիրակոսյանը: Կինս փորձել էր տեղեկանալ՝ պա՞պը, թե՞ թոռը: Անծանոթը սկզբում ճշտել էր թոռան տարիքը: Երկրորդ զանգի ժամանակ արդեն՝ պապի տարիքն էին ճշտել. 57 տարեկան: Անծանոթը պարզաբանումներ չտալով կախել էր լսափողը: Երբ ես եկա տուն, կինս պատմեց այս մասին: Ըստ էության, դա հորս մահվան առաջին լուրն էր: Փաստորեն, նրա մահից հետո փորձել են հասկանալ չհամընկման պատճառը. տարակուսանքի տեղիք է տվել այն, որ հորս աճյունը փաստաթղթերում նշվածից շատ ավելի ծեր մարդու տպավորություն է թողել»:
Ազատամարտիկի տղան պատմում է, որ այդ զանգից հետո ինքն ու ընկերը փորձում են գտնել հոր աճյունը, և միայն պատահականության շնորհիվ է դա նրանց հաջողվում: Սակայն, ինչպես հետո պիտի պարզվեր, գլխավոր խնդիրները դեռ առջևում էին: Հոր դին հրաժարվում են փոխանցել որդուն: Տղայի ներկայացրած փաստաթղթերում հոր տարիքը չի համապատասխանում իրենց ներկայացված տարիքի հետ:
«Մենք անելանելի վիճակում էինք հայտնվել: Իրավիճակից դուրս գալու համար, ստիպված էինք պատմել իրողությունը, պատմել թե ինչ խորամանկ քայլի է գնացել հայրս` ռազմաճակատում հայտնվելու համար: Լավ էր, որ մեզ հավատացին, մեզ տվեցին հորս մարմինը, որից հետո միայն կարողացանք պատշաճ հուղարկավորություն կազմակերպել: Չգիտեմ, ում համար ինչպես, բայց անձամբ ինձ ու իմ սերունդների համար հայրիկիս արարքը հերոսություն է: Նա իր կյանքը նվիրաբերեց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Նրա զուսպ ու համեստ կյանքը օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր խուսափում են զինվորական ծառայությունից, իրենց հայրերի ու պապերի արյամբ ազատագրված հող հայրենին պաշտպանելուց»:
Հայրենասիրության բաց դասն ավարտելով, զրուցակիցս հայացք է գցում սեղանին դրված մեդալներին ու ասում.
«Գիտե՞ք, որն է այս մեդալներից ամենակարևորը: Հորս վաստակած ամենակարևոր մեդալն այստեղ չէ… Այն տեսնելու համար պետք է առավոտյան վաղ արթնանաք ու նայեք երկնքին, այնտեղ էլ կտեսնեք: Նա վառ արևի ու կապույտ երկնքի իր բաժինն է վաստակել ու այդ ամենը անվարձահատույց փոխանցել մեզ: Հորս մահվանից մի քանի օր անց զինադադար կնքվեց: Հենց նրա, ու նրա նման անձնուրաց մարտիկների շնորհիվ թշնամին հասկացավ, որ հային, հայի տեսակը երբեք էլ կոտրել, ոչնչացնել չի կարողանա:
Հայրս մարտնչեց ազատության համար ու կյանքը նվիրաբերեց այդ գաղափարին: Նա չգիտեր ու չէր կարող ենթադրել, որ օրերից մի օր իր թոռը ընկերներին կես– լուրջ, կես– կատակ կարող է պատմել` 22 տարեկանում զոհված իր պապի մասին»:
Սպարտակ Գրիշյան