ԳՅՈՒՄՐԻՆ «ՀՈՒՅՍ» ՈՒՆԻ

gyumri-5

Հայաստանի ցավոտ վերքերը՝ աճող արտագաղթը և տնտեսական ծանր վիճակը ամենից ակնառու արտացոլվում են Շիրակի մարզում: Գյումրիում՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից 28 տարի անց  անգամ, տնակներում բնակվող 3500-ից ավել մարդ կա, իսկ գործազրկությունը հասնում է 52 տոկոսի:

Սփյուռքում ձևավորված բարեգործական մի շարք հիմնադրամների նախաձեռնությամբ  ստեղծված «Gyumri Project Hope» (Գյումրու շենացման «Հույս» ծրագիր) ՀԿ նպատակը՝ ստեղծված անմխիթար իրավիճակը  արմատապես փոխելն է: Ծրագրի գաղափարը Հայաստանում  արտագաղթի պատճառները և ժողովրդագրական իրավիճակն ուսումնասիրող «Գոլոլեան Հիմնադրամինն» է (Kololian Foundation): Գյումրու շենացման «Հույս» (gyumriprojecthope.org) ծրագրի իրականացմանն օժանդակում են «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը» (AGBU), «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը  և Հայ օգնության միությունը (Armenian Relief Society):

Գյումրու շենացման ծրագրի հետազոտական աշխատանքին, որը տևել է շուրջ տասը ամիս, մասնակցել են Քրիստինե Ջեգալյանը, Էրիկ Եսայանը և Ավետիք Վարդանյանը՝ քաղաքի թարմացման մասով: Տուրիզմի գծով հետազոտությունն անցկացրել է Զառա Նուրբեգյանը, քաղաքի պատմական մասով հետազոտությունը՝ Լուսինե Մարտիրոսյանը, Ռուզանա Մկրտչյանն ու Սյունե Առաքելյանը: Քրիստինեն և Էրիկը քաղաքաշինական հետազոտության արդյունքում՝ Գյումրու կենտրոնական շուկան վերանորոգելու  եզրահանգման են եկել: Գլխավոր խնդիրն այն է, որ շուկայի շենքում, առևտրականներ չկան, բոլորը գերադասում են մայթեզրին՝ բաց երկնքի տակ տեղավորել իրենց տաղավարները: Առևտրականները նշել են, որ միայն այդ դեպքում նրանց ապրանքատեսականին  նկատելի կդառնա:

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ծնված Քրիստինե Ջեգալյանը քաղաքաշինության մասնագետ (urban planner) է: Նա սիրահարված է Հայաստանի քաղաքներին և մտադիր է մշտական բնակության տեղափոխվել հայրենիք: «Ճամփորդի» հետ զրույցում  Քրիստինեն պատմում է Գյումրու «Հույս» շենացման ծրագրի համար իրականացրած հետազոտության մասին:

kristine-jegalian

« Գյումրիի կենտրոնական շուկայի վերանորոգումից հետո առևտրականները կարող են վերադառնալ շենք: Առևտուրն ավելի կազմակերպված կլինի: Համաշխարհային շուկաների օրինակով կարելի է նաև սրճարանների տարածք հատկացնել, զբոսաշրջիկների համար լավ տեղ մտածել: Եթե ծրագիրը գործարկվի, կարծում եմ, ամենաբարդը կլինի առևտրականների հետ բանակցությունները, որովհետև մարդիկ առաջնահերթ մտածում են, որ իրենց փորձում են վտարել զբաղեցրած տարածքից, այնինչ՝ ճիշտ հակառակը, ծրագիրը նրանց օգտին է :

Մեր մյուս առաջարկը կապված է Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակի հետ, որը կարելի է նորոգել և ավելի ժամանակակից դարձնել: Վարդանանց հրապարակում կա երթևեկության յոթ գիծ, ինչը չափազանց շատ է: Հրապարակն ավելի շատ կանաչ տարածքների, մարդկանց նստելու տեղերի կարիք ունի: Նաև հարմար վայր է հեծանվորդների համար: Մեծ խնդիր է նաև այն, որ հրապարակը և շուկան կապված չեն միմյանց հետ, և Վարդանանց հրապարակում հայտնված զբոսաշրջիկը գուցե և գլխի չընկնի, որ մոտակայքում շուկա կա:Քաղաքապետարանից տեղյակ են պահել, որ շուկայի տարածքը վաճառվում է: Այժմ Գյումրու շենացման ծրագիրը գործընկերներ և հովանավորներ է փնտրում, որոնք հետաքրքրված կլինեն ի  կատար ածել հետազոտական աշխատանքի արդյունքում առաջարկված քաղաքաշինական լուծումները: Շատ ցավալի է, որ Գյումրու հետ կապված բազմաթիվ ծրագրեր կա՛մ չեն իրագործվել, կա՛մ  էլ կիսատ են մնացել: Թերևս այդ պատճառով է մարդկանց մոտ որոշակի անվստահություն առաջացել: Հուսով եմ,որ մեր ծրագիրը լիովին կյանքի կկոչվի»:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register