ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

avk

Դերասանուհի Անի Խաչիկյանը քաղաքի սիրելի մարդկանցից է, որին սիրում են շատերը, ճանաչում՝ քչերը: Մենք տեսնում ենք Անիի կերտած դերերը, բայց չգիտենք՝ ի՞նչ բեմ ու դեր է ընտրել նա իր կյանքի համար:«Ճամփորդի» զրույցը դերասանուհու հետ՝ սիրելի երաժշտության, բնավորության, հայտնի լինելու հետ հարմարվողականության ու նպատակների մասին է: Մենք էլ որոշեցինք չընդմիջել՝ թերթային բեմը նվիրելով դերասանուհուն: Անջատում ենք լույսերը. լսեք Անիի մենախոսությունը:

Որպես սկիզբ

Բացասականի ու դրականի չեմ բաժանում բնավորությանս գծերը, փորձում եմ պարզապես ներդաշնակ շփման օղակ գտնել բնության, մարդու, աշխարհի հետ՝ չվնասելով որևէ մեկին ու դարձյալ առաջին տեղում դնելով անկեղծությունը՝ առանց շինծու ձևավորումների։ Քո ու աշխարհի շփման եզրերը ավելի մոտեցնելու, մտերմացնելու հարցում կարևոր է, թե ինչով ես քեզ լցնում։ Հենց այստեղ էլ շատ անհրաժեշտ է, որ բաց լինես ամեն բան ընկալելու, հասկանալու համար՝ լինի դա մարդկային շփում ու իրավիճակների տարբեր դրսևորումներ, թե՝ արվեստ ու չարվեստ, ամեն բան կարելի է հասկանալ, պարտադիր չէ ընդունել, համաձայնել, բայց պետք է իմանալ, որ գոյություն ունեն, պարզել՝ որքանով կստացվի հաղորդակցումդ դրանց հետ ու ինչ սահմանաչափով կարելի է այն կարգավորել: Ուղղակի ընտրել, հետո էլ առանձնացնել սիրելիները՝ չսիրելիքները  թողնելով ճանաչելիության փուլում:

Ներսի երաժշտությունը

Երաժշտությունն այսպես եմ դասակարգում՝ ազգային զտված մեղեդիներ, հիմնականում ՝ Կոմիտաս (թուլություն ունեմ էթնիկ երաժշտության նկատմամբ, այս պահին ճապոնական ազգային գործերով եմ հետաքրքրված): Սրան հետևում է դասականը՝ Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Ռախմանինով, Շոպեն,Վերդի…Հետո հերթը ռոքինն է՝ «Փինք Ֆլոյդ»,«Լեդ Զեփփելին», «Բլեք Սաբբաթ»,«Յես»: Ռոքի հսկաներն ինձ համար ոչնչով չեն զիջում դասականներին: Հաջորդիվ գալիս է ջազը՝ ինձ համար ոչ այդքան հաճախ լսելի ժանր է: Բացի հանրահայտ Ռեյից ու Արմսթրոնգից, շատ եմ լսում նաև մեր հարևան երկրից Ազիզա Մուստաֆա Զադեին: Փոփի վառ անհատականություններին` Ջեքսոնին, Սթիվիին, Սթինգին, Հյուսթոնին ու Բարբարա Սթրեյզնդին դարավերջյան ամերիկյան մշակույթը հասցրեց բարձրաժեք արվեստի մակարդակի: Նախասիրություններս բազմազան են, անընդհատ պրպտում եմ, բացահայտելիք նոր երաժիշտների եմ փնտրում ու գտնում։

Թատրոնի ներսը, ներսի թատրոնը

Դերասանական արվեստը ընտրել ու ներքուստ ընդունել եմ վերջերս, երևի մի քանի օր առաջ: Սովորաբար երբ ինձ ներկայացնելու խնդիր էր առաջանում, թույլ չէի տալիս ներկայացնել որպես դերասանուհի…Պատճա՞ռը… Երկար պատմություն է… Ձգտումս եղել է և դեռ որոշ չափով է ռեժիսուրան: Ընդունվել և ավարտել եմ կինոգիտական բաժինը (ԵԹԿՊԻ), իսկ գործունեություն ծավալել եմ որպես դերակատար (ոչ՝ դերասան) մի շարք սերիալներում, ֆիլմերում։ Իրականում երբ առաջին կուրսում ստացա առաջին առաջարկս, այն ինձ հետաքրքրեց միայն ֆինանսական տեսանկյունից. աշխատանք էր, որը թույլ կտար վճարել ուսմանս վարձը։ Հետո եկավ հաջորդը, հետո կյանքումս հայտնվեցին ֆիլմեր, աշխատանք տարբեր ռեժիսորների հետ, ասպարեզին ներսից ծանոթանալու և պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություն ունեցա, ձևավորվեց հետաքրքրություն բուն մասնագիտության նկատմամբ։ Մեծ հաշվով կարող եմ առանց պաթոսի ասել, որ դերասանական արվեստն է ինձ ընտրել։

Երկար ժամանակ պահանջվեց, որ թույլ տամ ինքս ինձ դրա կրողը համարվել, քանի որ որևէ բան ընտրելուց հետո պետք է ընտրությանդ առավելագույնս նվիրվես և պատասխանատու լինես։ Պատասխանատվության զգացումը սրեց արդեն այս տարվա ամռանը Մհեր Մկրտչյան Արտիստական Թատրոն ընդունվելը։ Համարում եմ, որ դերասանական արվեստի մեկնարկն ինձ համար սկսվում է հենց թատրոն մուտք գործելուց: Քիչ-քիչ բեմում ստանում եմ մասնագիտական կրթություն, որը չունեմ ու նոր հարթության մեջ  բացահայտում եմ  մասնագիտության բարդությունները՝ փորձելով հաղթահարել դրանք։ Որքան շատ եմ հաղթահարում, այնքան ավելանում են համեմունքները: Տարանջատումներն ու աշխատանքի գնահատականն ինձ համար կարևոր են: Մեդիան (սերիալները,գովազդները, հաղորդումները, նախագծեր) այլ ոլորտ է, այն հիմնականում մշտական աշխատանք է ապահովում: Շատ լավ իմանալով ոլորտի բացերը՝ փորձել և փորձում եմ հնարավորինս անվնաս լինել հասարակության համար իմ՝ հացի խնդիրը լուծող մշտական աշխատանքով (որքանով կարողանում եմ) ։ Սակայն պարզ բան է, որ մեդիա արտադրանքը հիմնականում բարձր արվեստ չէ, մեծագույն արժեք չէ, բայց, ինչ խոսք, զենք է, մնում է դրանով չոչնչացնես, այլ կարողանաս պաշտպանել մի որևէ բարիք։ Դարձյալ գրագիտության հատուկ գաղտնիք ու բանաձև չկա, պետք է չեղած տեղից լեգենդներ չհորինես քո անվան շուրջ ու ուռճացնես դերդ։ Անկեղծություն է պետք։ Ազնվություն։

Հայտնի լինելու մասին

Երկար ժամանակ ես կռիվ էի տալիս այդ հայտնիություն ասվածի հետ: Երբ մոտենում էին, ցանկանում  հետս լուսանկար ունենալ, կամ ուղղակի ջերմ վերաբերմունքով էին կիսվում, սկզբնական ժամանակաշրջանում ինձ անհարմար էի զգում, մտածում էի՝ ախր ի՞նչ եմ արել, ի՞նչ օգուտ եմ տվել, ի՞նչ մնայուն արժեք եմ ստեղծել,ո՞վ եմ վերջապես, որ պետք է առանձնանամ, հետո սկսեցի քիչ-քիչ հարմարվել, որ  այդպես է ու վերջ, քեզ ճանաչում են՝ ուզես թե չուզես, իսկ թե ոնց է հետագայում ազգդ հոլովվելու անունդ, արդեն քո ձեռքում է, դե գնա  ու մտածիր։  Արդեն  սովորել եմ, առօրյայիս անանջատ մասն է ուշադրության կենտրոնում լինելը, ու երբ մի բանը դառնում է սովորական, դրա առկայությունը  արդեն այդքան արտահայտված չես նկատում։ Հետո շատ եմ լինում հասարակական վայրերում, երթուղային տրանսպորտում (ինչը պատմություններ, մարդկանց տեսակներ, երևույթներ հավաքագրելու լավագույն վայրն է) ու չեմ զգում,  որ որևէ կերպ տարբերվում կամ առանձնանում եմ։

Այո, հետաքրքրությամբ սպասում էի, թե ինչ փոփոխություններ կլինեն «Կյանք ու կռիվ» ֆիլմից հետո։ Այսօր կարող եմ ասել, որ փոփոխությունները բնականաբար ֆանտաստիկ էին՝ մասնագիտական առումով, նկարահանման հրապարակում սովորում էի ամեն մանրուք: Մտածողության նոր հարթություն, նորովի մոտեցում։ Բայց վերջ, եղավ, արվեց, կատարվեց,  պետք է բաց թողնել, այն էլ՝ ճիշտ ժամանակին, թե չէ կմնաս նույն տեղում կանգնած։ Դա հրաշալի շրջան էր, աներևակայելի հնարավորություն՝ դրսևորվելու, մեր իրականության մեջ նոր աստիճանի հասնելու համար, բայց պետք է աշխատել, որ հաջորդ աշխատանքը  առաջընթացի մի քայլ էլ ապահովի, երբեք եղածով չպետք է բավարարվել:

Կյանք ու…պայքար

Պայքարն ապրելակերպ է։ Այո,եթե կա հասարակական ըմբոստություն որևէ արդար սկզբունքով, ապա ես էլ ոչ ավել, ոչ պակաս՝ այդ սոցիումի մասն եմ դառնում  ու չեմ կարող անտարբեր լինել, կամ նստել տանը, սպասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Սակայն պայքարը չի սկսում ու վերջանում փողոցով, ակցիաներով, բողոքի խաղաղ ցույցերով, դա ամենօրյա պայքար է, պարտականությունների, առաքելությունների շարք։ Այդպես եմ սիրում իմ երկիրը։ Չի կարելի հարմարվել, չի կարելի կոտրվել ու թողնել-գնալ, չի կարելի բողոքել ու նեղանալ հայրենիքից՝ պատասխանատվությունը թողնելով ուրիշների ուսերին, չի կարելի կաշառք վերցնել ընտրությունների ժամանակ… Սրանք իմ չի կարելիների մի մասն են, ու եթե ես հետևողական չլինեմ այս տարրական երևույթների հանդեպ, ապա էլ ո՞վ եմ քաղաքիս համար, ապա էլ ինչո՞վ եմ սիրում երկիրս, բառերո՞վ, սոցցանցերում ստատուսներ գրելո՞վ, արտերկրից սրտաճմլիկ երգեր հրապարակելով ու մյուս ձեռքով  արտասահմանյան ռեստորանում կուշտ ընթրելո՞վ։ Ինձնով է սկսվում պայքարը, ու որևէ մեկին չեմ կարող մեղադրել, չեմ կարող պահանջել, եթե ամեն օր չպայքարեմ, ամեն վայրկյան ուշադիր ու հոգատար չլինեմ, սրտացավ չլինեմ, եթե չփորձեմ լավ մասնագետ դառնալ՝ փոխարենը բավարարվելով կիսամերկ ֆոտոսեսիաներից հավաքած լայքերով, ոչ մի բանի չեմ հասնի:

Սա է իմ տունը, որքան էլ հարևանինն ավելի ճոխ տեսք ունենա։ Իր թերությունների համար էլ եմ ես պատասխանատու, առավելությունների էլ։ Երկիրը երկիր է, ուղղակի մենք ենք նրանից խիստ հեռացել։

Ուժի աղբյուրը

Ուժ միայն մի ձևով եմ ստանում, անփոխարինելի  տարբերակ է։ Արշավները։ Բնության հետ ամենաանկեղծ շփումը։ Ինքդ քեզ զգալու ճանապարհ, տիեզերական օրենքներին վերադառնալու հնարավորություն, որն ամեն նոր շփումով նոր արժեվորումներ ու իմաստավորում է բերում ամենին։ Ամենածանր իրավիճակներում առաջ շարժվելն էլ ինձ մեր լեռներն են սովորեցրել, այնտեղ  տարբերակ չունես. եթե կանգնեցիր, դանդաղեցիր, բողոքեցիր, քեզ ոչ ոք չի գա օգնության: Սարերի հետ շփումն ամենաազնիվ ձևերից է:

Երազում եմ, որ…

Ինքս ինձ համար միայն նպատակներ ունեմ, երազանքներս ավելի ընդհանուր են՝ բնականաբար խաղաղության մասին: Երազում եմ, որ պատերազմները տեղափոխվեն գիտելիքի դաշտ, արվեստի դաշտ, Երկիր մոլորակը բուժելու ուղղությամբ յուրաքանչյուր պետություն փորձի առաջինը լինել՝ լուծումներ առաջարկելու  հարցում։ Մեկ էլ կուզենայի մի անգամ Լուսին գնալ, մի անգամ էլ՝  Մարս:

Իսկ նպատակներից կարևորագունը պիտանի ու օգտակար լինելն է, ոչ թե՝ հակառակը: Գուցե շատ ամբիցիոզ է հնչում, բայց լավ գիծ է:

Ամփոփելով տարին

Տարին աննկարագրելի գունեղ էր ու հարուստ հուզականությամբ՝ և՛ դրական, և՛ բացասական առումով: Նոր փորձություններով, նոր դժվարություններով,  նոր ձեռքբերումներով. վերջապեա բարձրացա Արագածի հյուսիսային գագաթը։

Իսկ նախօրոք չեմ սիրում որևէ բան պլանավորել, թող հաջորդ տարին գա, մի նոր նշաձող կսահմանեմ։

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register