ԳՐԻՊԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԻՆՍՈՒԼՏԻ ՎՏԱՆԳԸ

Գիտնականներն անմխիթարական բացահայտում են արել. գրիպը մեծացնում է ինսուլտի վտանգը 40 տոկոսով, ընդ որում՝ դրա հավանականությունը պահպանվում է ողջ տարվա ընթացքում, հաղորդում է The Daily Mail-ը:
Հայտնի է, որ գրիպը կարող է կյանքի համար վտանգավոր բարդությունների պատճառ դառնալ, ինչպես թոքաբորբը, սեպսիսը, նաեւ սրտի հիվանդությունները: Ամերիկյան գիտնականների թիմն ուսումնասիրել է 30 912 մարդու, որոնք հոսպիտալացվել էին ինսուլտի հետեւանքով: Մասնագետները հետաքրքրվում էին ինսուլտին նախորդող երկու տարիների ընթացքում նրանց առողջական վիճակով:
Ինչպես պարզ դարձավ, ինսուլտի վտանգը 40 տոկոս էր այն մարդկանց մոտ, որոնք հոսպիտալացվել էին գրիպի նախանշաններով վերջին 15 օրերի ընթացքում: Ընդ որում՝ օրգանիզմի վրա գրիպի բացասական ազդեցությունը պահպանվում էր ողջ տարվա կտրվածքով:
Գիտնականները դեռ պետք է պարզեն՝ որն է գրիպի եւ ինսուլտի վտանգի միջեւ կապի պատճառը: