ԳԱԲԻԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ Ու ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԱՆԿՈւՄԸ

1

ՖԻԴԵ-ն  հրապարակել է գործող շախմատիստների վարկանիշային աղյուսակը:  Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակման համաձայն՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ ամենաբարձր վարկանիշն ունի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)` 2837: Վերջին ամսվա ընթացքում Կարլսենը որևէ մրցաշարի չի մասնակցել, այդ իսկ պատճառով էլ նրա վարկանիշն էլ չի փոփոխվել:

Մալյորկայում կայացած  ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի 4-րդ՝ եզրափակիչ փուլում տարած հաղթանակից հետո Լևոն Արոնյանի վարկանիշը բարձրացել է չորս կետով` հասնելով 2805-ի: Նա երկրորդ տեղում է` երրորդ տեղում գտնվող Շահինյար Մահմեդյարովին (Ադրբեջան) գերազանցելով 6 կետով:100 լավագույնների ցանկից դուրս է մնացել շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը: Նրա վարկանիշը նվազել է 20 կետով` հասնելով 2647-ի: Նոյեմբերին նա 76-րդ տեղում էր, իսկ այժմ` 110-րդ: Մինչդեռ Գաբրիել Սարգսյանը 17 կետով բարելավել է վարկանիշը` հասցնելով 2672-ի, այս ցուցանիշով նա 97-րդ տեղից բարձրացել է 72-րդ հորիզոնական: Վլադիմիր Հակոբյանի վարկանիշը մնացել է նույնը` 2667: Հիշեցնենք, որ անցած ամիս ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Գաբրիել Սարգսյանը արծաթե մեդալ նվաճեց երրորդ խաղատախտակի վրա` 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր: Այնինչ Մովսեսյանը չափազանց անհաջող  հանդես եկավ` 7 հնարավորից վաստակելով ընդամենը 2 միավոր:

Կանանց վարկանիշային աղյուսակում՝ 2680 վարկանիշով բացարձակ առաջատարը չինուհի Հոու Յիֆանն է: Նա հիմնականում տղամարդկանց մրցաշարերի է մասնակցում: Երկրորդ տեղը զբաղեցնող ուկրաինուհի Աննա Մուզիչուկը մոտ 100 վարկանիշային կետով զիջում է Յիֆանին: Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ` 2413 վարկանիշով 53-րդն է: Հայաստանի շախմատի հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը՝ 2376 վարկանիշով 85-րդն է:  Ամփոփելով շախմատային թեման նշենք, որ մեկնարկել է «Grand Chess Tour»-ի եզրափակիչ՝ «London Chess Classic» մրցաշարը: 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Հզոր կազմ հավաքած մրցաշարի միջին վարկանիշը կազմում է  2778:  5-րդ և 6-րդ տուրերի պարտիաները մեկնարկում են ժամը 20.00-ին,  7-րդ և 8-րդ տուրի պարտիաները` 18.00-ին, իսկ վերջին` 9-րդ տուրը` 16.00-ին: Դեկտեմբերի 7-ին հանգստյան օր է հայտարարված: Ցանկացողները պարտիաների ընթացքին կարող են հետևել  «chessbomb.com» կայքում` ընտրելով  «London Chess Classic 2017» էջը:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register