ՖԻԴԵ-Ի ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑԱՆԿԸ

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային թարմացված աղյուսակը: Նոյեմբերի 1-ի դրությամբ տղամարդկանց շրջանում ամենաբարձր վարկանիշը շարունակում է ունենալ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը(2835), նրան կրնկակոխ հետապնդում է ԱՄՆ-ի հավաքականի իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան(2832): «2800»-ի ակումբում են նաև ադրբեջանցի Շահինյար Մամեդյարովը(2817) և չինացի Դին Լիրենը(2816):
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակի հետ համեմատ 5-րդ հորիզոնականից նահանջել է 11-րդ տեղ: Նրա վարկանիշը 2780-ից նվազել է՝ հասնելով 2765-ի: Լավագույն 100 շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը(2689, 55-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (2668, 76-րդ տեղ):
Լավագույն 100 շախմատիստների ցանկում ամենաշատ ներկայացուցիչներն ունի Ռուսաստանը՝ 22 գրոսմայստեր, երկրորդ տեղում է Չինաստանը՝ 9 շախմատիստ, երրորդ տեղում՝ Ուկրաինան և ԱՄՆ-ն՝ 7-ական ներկայացուցիչ:
Կանանց վարկանիշային ցանկը գլխավորում է Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանը(2658), ով, կարելի է ասել, այստեղ մրցակցությունից դուրս է. առաջին և երկրորդ հորիզոնականների վարկանիշային միավորների տարբերությունը հասնում է 90-ի: Յիֆանը նույնիսկ չի մասնակցելու շախմատի աշխարհի կանանց առաջնությանը, որը մեկնարկելու է վաղը, Ռուսաստնաի Խանտի-Մանսիյսկ քաղաքում:
Կանանց շրջանում երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստուհին նույնպես Չինաստանից է. Ցզյուի Վենյցզյունը(2568), երրորդ տեղում Ուկրանիայի հավաքականի առաջատար Աննա Մուզիչուկն(2564) է: Լավագույն 100 շախմատիստուհիների շարքում են Հայաստանի ընտրանու առաջատարներ Էլինա Դանիելյանը(2426, 44-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյանը (2396, 66-րդ տեղ):
Այս ցանկում նույնպես ամենաշատը Ռուսաստանի ներկայացուցիչներն են՝ 18 շախմատիստուհի, երկրորդ տեղում Չինաստանն է՝ 12, երրորդում՝ Ուկրաինան և Վրաստանը՝ 7-ական շախմատիստուհի:
Գարեգին Ալեքսանյան