ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ԱՐՔԱՆԵՐ

ariiii

Ես սիրում եմ նայել Երևանին Մոնումենտի բարձունքից. քաղաքը հանդարտ իր օրն է գլորում բլուրներով շրջանակված թասի մեջ: Այդ թասում հավաքված մարդկային ջերմությունը բարձրանում է վեր, և դու, Հուշարձանի բազրիքին կռթնած, անշտապ վայելում ես Երևանի այդ առանձնահատուկ մթնոլորտը:

Երևանն իսկապես՝ բացառիկ քաղաք է. սերն ու հարազատությունն այստեղ օգտագործված են որպես հիմնական շինանյութ: Համենայն դեպս՝ դրանց քանակը բոլորովին էլ պակաս չէ քարից, բետոնից և ապակուց: Երևի հենց այդ է պատճառը, որ այս քաղաքի, այս երկրի, այս ժողովրդի ամեն թերություն ընկալվում է ցավով և կորցրած հնարավորությունը նեղացնում է հոգիդ:

Քաղաքին բարձունքից նայելը՝ թաքուն մի բան, ասենք՝ մարդու ներքնաշորը տեսնելու նման է: Արդուկված, կոկիկ հագնված մարդու՝ անխնամ ու մաշված ներքնազգեստը տեսնելու պես մի բան: Ցավոք՝ Երևանի կտուրներն են այդպիսին: Նայում ես Երևանի կտուրներին ու հասկանում ես, որ դրանց տակ ապրող մարդիկ սպասում են ինչ-որ խորհրդավոր ուժերի, որոնք գալու են թաղապետի, պատգամավորի կամ պետական չինովնիկի ավատարները հագած և լուծելու են բոլոր խնդիրները, որովհետև դա նրանց պատասխանատվությունն է, բայց ոչ մերը: Ուզում եմ երկու ձեռքս բարձրախոս արած՝ Մոնումենտի բարձունքից ձայն տալ ամեն առավոտ Հայաստանում արթնացող երեք միլիոն արքաներին.

– Մի սպասիր, արքա – ժողովու՜րդ, ավատարները պատասխանատվություն չունեն, ամեն մեկի կտուրը ի՛ր բաժինն է…

Մեր բոլորիս բաժին պատասխանատվությունն է մեր երկրի մաքրությունը:

Ստուգողները մի կողմ. մեր արած աշխատանքի որակը մե՛ր խղճին է: Մենք ենք պատասխանատու մեր մարդկային հարաբերությունների մաքրության համար. յուրաքանչյուր կողմը՝ ոչ պակաս, քան հիսուն տոկոսով, իսկ դա արդեն գործի կեսն է:

Ձեզ թվում է դժվա՞ր է մեր երկրում ազնվությունը, անկաշառությունը, բարյացակամությունը, փոխադարձ հարգանքը ավելացնել… հիսուն տոկոսով: Բոլորովին: Մեզանից յուրաքանչյուրը դա ի վիճակի է անել միանձնյա, լրիվ ինքնուրույն: Դրա համար բավական է, որ Հայրենիքի պաշտպանությունը մեր անձնական պատասխանատվությունը դառնա ոչ միայն պատերազմի օրերին: Որ յուրաքանչյուրս ինքն իրեն համարի ազնվության, հարգանքի, պարկեշտության, նվիրված աշխատանքի վերջին դիրքապահը:

Ի վերջո, եկեք չմոռանանք՝ մարդու ազատության և ազատ կամքի հիմքում նրա բարոյական պատասխանատվությունն է, երբ նա ինքն է ընտրում իր ճանապարհը և կայացնում իր որոշումները: Եթե համարում ես, որ կյանքումդ տեղի ունեցող բաները քեզ հետ պատահում են քո կամքից անկախ, եթե ասում ես ինքդ քեզ՝ ի՜նչ կարող եմ անել, ինձանից ի՜նչ է կախված, ապա իսկապես անազատ մարդ ես, և երջանկությանդ փշուրները այս աշխարհը քեզ նետելու է ողորմության պես:

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register