ԷՄՈՋԻՆԵՐԻ ԿՅԱՆՔՆ Ու ԿԵՆՍԱԳՐՈւԹՅՈւՆԸ

1

Այսօր էմոջիների օրն է՝ փոքրիկ «մարդուկների», որոնց օգնությամբ մենք կարողանում ենք մեր սոցցանցային նամակագրությունն ավելի արտահայտիչ դարձնել։  Հիմա առհասարակ դժվար է պատկերացնել տեքստերն առանց դրանց։ Դե, ինչպե՞ս դրական նամակի վերջում չժպտալ «սմայլիկով» կամ ինչպե՞ս զայրանալիս չօգտագործել «էնգրի էմոջի»։ Դրանք բազմաբովանդակ են, տարբեր, ու գնալով շատանում են։ Սկզբում ակտիվ էին «սմայլիկ» կոչվող էմոտիկոնները, հետո մեծ պոպուլյարություն սկսեցին վայելել էմոջիները, հերթն արդեն հասել է սթիքերներին, որոնք էմոջիների հետ զուգահեռ ակտիվ կիրառվում են օնլայն տիրույթներում։ Բայց եկեք ամեն ինչի մասին հերթով խոսենք։

Էմոջիների պատմությունը սկսում է 1999 թվականից, և այդ ժամանակից սկսած շատերի համար անգամ առանձին սոցցանցային լեզու է համարվում։ Ճապոնացի ծրագրավորող Սիգետակա Կուրիտան ստեղծեց սիմվոլների հավաքածու՝ իր NTT DoCoMo հեռուստասարքի համար: Ընդհանուր առմամբ, նա նկարել է 176 էմոջի՝ 12×12 չափի պիքսելով, որոնք «սիմվոլացնում էին» մարդկանց, վայրեր ու իրեր։ Ինչպես որ պլանավորում էր Կուրիտան, սա հավաքածու էր, որը վերարտադրում էր մարդկային բոլոր էմոցիաների ամբողջական սպեկտրը։

Եվ իսկապես,  ամենասկզբում, երբ պատրաստի էմոջիներ դեռ չկային, մարդիկ «սմայլիկները» հավաքում էին ստորակետ-վերջակետով, բացականչական նշաններով ու փակագծերով, և այդ նշանների օգնությամբ պատկերներ էին ստանում, որոնք էլ փոխանցում էին այս ու այն տրամադրությունը։ Առանց այդ էլ դժվար է թվային դարում նամակներին երանգավորում տալ,  քանի որ բացակայում է ձայնային տոնայնությունը, ժեստեր կիրառելու հնարավորություն չկա։ Մնում են սմայլերը, որոնք արդեն էմոջիներ են դարձել՝ միտք տալով նաև սթիքերների համար։

Իհարկե, սիմվոլներով խոսելը նորարարություն չէ աշխարհում, դեռ նախնադարում մարդիկ, որոնք դեռ չունեին հիմնավոր լեզու, բառային ֆոնդ և այլն, շփվում էին սիմվոլներով ու ձայնարկություններով։ Իհարկե, նախամարդկանց վերադառնալ չենք փորձում, բայց քանի որ աշխարհում ոչինչ նոր չէ,  համակարգիչները «փոխառել են»  նախամարդկանցից սիմվոլների կիրառմամբ խոսքը և այն փոխանցել համակարգիչներին, սմարթֆոններին։ Եթե մեր դեպքում մենք զգացմունք արտահայտող նկարներին անվանում ենք «էմոջի», ապա նախամարդկանց  նկարները կոչվում են «իդեոգրամմաներ» և «պիկտոգրամմաներ»: Վերջիններս հետագայում վերածվել են բառերի։ Կարծում եմ՝ նախամարդկանց ևս դուր կգար այս տարբերակը, քանի որ էմոջիները շատ ավելի հղկված տեսք ունեն ու ավելի լավ են արտահայտում զգացմունքները, քան թե քարանձավի նկարները։

Աշխարհի ամենապոպուլյար  հավելվածներից տասից վեցը մեսենջերներն են, մարդիկ հենց այս հավելվածներում են ամենաշատը ժամանակ անցնկացնում, և էմոջիները միանշանակ արագացրել են  մեսենջերներ սիրելու ու օգտագործելու ընթացքը, քանի որ էմոջիներ օգտագործում են ամենաշատը հենց մեսենջերներում: Դրանք խոսքը դարձնում է հեշտ և հետևաբար՝ արագ։ Իսկ եթե արագ է կատարվում հաղորդակցությունը, իհարկե օգտվողները շատ կլինեն։

Իհարկե, հաճախ չնայած սոցցանցերի շնորհիվ մենք ավելի հասանելի ենք դարձել մարդկանց, ներքուստ կարծես թե ավելի ենք  հեռվացել իրարից: Ոչ միշտ, բայց այսպես ևս լինում է, քանի որ սոցցանցերով կարելի է նաև շփման իմիտացիա ստեղծել, բայց այդպես էլ չշփվել, ուղղակի «սրտիկել» իրար նկարներ ու անցնել առաջ։

Ի դեպ, սրտիկներից խոսեցինք, հիշեցի։ 2014 թվականին աշխարհի ամենահայտնի բառը  ❤ էր։ Չէ-չէ, «սրտիկ» բառը չէ, այլ հենց այս էմոջին։ Անգլերեն լեզվի Օքսֆորդի համալսարանը 2015 թվականի լավագույն բառ է ճանաչել «էմոջին», որը նշանակում է «ուրախության արցունքներով դեմք»։ Ստացվում է, որ վերջին տարիներին խոսքի ամենաարագ «աճող» տարրը հենց էմոջին է։ Կարելի է կարծել, թե Օքսֆորդի համալսարանը պոպուլիստական մոտեցում է ցուցաբերում, սակայն  այսպիսի ընտրությունն ուղղակի արտացոլում է հանրության կարծիքը և հանրային շփման մշակույթը։

Մեզ մնում է շնորհավորել մեր սիրելի էմոջիներին՝ մաղթելով նրանց երկար կյանք, հետաքրքիր հավելումներ։ Իսկապես, առանց նրանց կյանքը շատ տխուր կլիներ։ Ամենակարևորը՝ չմոռանալ ու պաշտոնական-կարևոր տեքստերի վերջում մեխանիկորեն «սմայլիկներ» չավելացնել, թե չէ՝ սովորություն է դարձել, երբեմն պատահում է:  :)

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register