ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ

arpi

Լույս է տեսել ժամանակակից հայ գրականության ակնառու ներկայացուցիչներից մեկի՝  Արփի Ոսկանյանի պատմվածքների «Չի վաճառվում» ժողովածուն: Սա հեղինակի թվով 4-րդ գիրքն է: Մինչ այդ Արփին հեղինակել է երեք գիրք` «Ծիկ» (արձակ բանաստեղծությունների ժողովածու, 2001թ.), «Անտերուդուս»( բանաստեղծությունների ժողովածու, 2010թ.), «Մարադոնան և Ռոնալդինյոն» (ֆուտբոլային հեքիաթ, 2011թ.):

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված «Չի վաճառվում» գրքի շնորհանդեսը կայացավ Խնկո Ապոր անվան գրադարանում: Գրական երեկոյին մասնակցում էին բազմաթիվ գրողներ, գրականագետներ, գրաքննադատներ և ընթերցողներ: Գրքի վերնագրին համահունչ՝ այն չվաճառվեց: Դրա փոխարեն կազմակերպվեց  ուշագրավ խաղարկություն: Գրքում տեղ գտած պատմվածքները  ներառում են 20-ամյա ժամանակահատված:  Արփի Ոսկանյանը շնորհանդեսի մասնակիցներին բացատրեց, թե ինչու է այժմ որոշել մեկտեղել պատմվածքները:

«Ես հաճախակի գիրք տպագրելու սեր չունեմ , և ստացվում է այնպես, որ գիրք տպում եմ, երբ արդեն մի քանի գրքի նյութ եմ ունենում։ Շատ բան զտում եմ, թողնում եմ քիչը։ Մտածեցի, որ առաջին պատմվածքս, որ գրել եմ 20 տարի առաջ՝ կուզենայի ներառել պատմվածքների ժողովածուի մեջ , և այդ հոբելյանի առթիվ կարելի է վերջապես գիրքը տպել։ Ինձ հետաքրքիր թվաց՝ մի հարկի տակ ապաստան տալ տարբեր տարիներին գրված պատմվածքներին, որոնք իրարից բնականաբար տարբեր են։ Դա ցույց կտա, թե ինչպես եմ փոխվել ես, ինչպես է փոխվել իմ ձեռագիրը և ինչպես է փոխվել գրականությունն առհասարակ, քանի որ ինչ էլ գրողը գրի, եթե նույնիսկ հակադրվի տվյալ ժամանակի միտումներին, եթե նույնիսկ բոլորովին հաշվի չառնի դրանք, միևնույնն է՝ դրանք այս կամ այն կերպ ազդում են գրողի ստեղծագործության վրա»:

Գրքի վերնագիրը ուշագրավ պատմվածքի հետ է կապված: Երջանկության որոնման փնտրտուքներում պարզվում է, որ այն չի վաճառվում, նույնիսկ՝ չկա.«Գրքի վերնագիրը գրքում տեղ գտած պատմվածքներից մեկի վերնագիրն է։ Գրել եմ՝ ոգեշնչվելով այդ ժամանակվա գովազդներից։ Այդպիսի մի գովազդ կար՝ երկու փողոց այս կողմ ապրող Պողոսը ջեռուցման համակարգ էր տեղադրել իր տանը, իսկ երկու փողոց այն կողմ ապրող Պետրոսը՝ ոչ։ Ես փորձել եմ զարգացնել այդ թեման, նկարագրել Պետրոսի և Պողոսի ընտանիքի անդամներին, նրանց զբաղմունքները, նրանց երազանքները, բոլորը տիպային կերպարներ են։ Մի այլ գովազդ էլ կար, թվում էր՝ բնակարանի գովազդ է, վերջում ասվում էր՝ չի վաճառվում։ Մոտ մի ամիս հետո միայն պարզվեց, որ խաղարկվում է, լոտոյի գովազդ էր իրականում։ Իմ պատմվածքի մեջ բոլոր հերոսները փնտրում են երջանկության բանաձևը, սակայն ոչ մեկը երջանիկ չէ, որովհետև, ինչպես պատմվածքում է գրված՝ «երջանկությունը հնարավոր չէ շահել, վայելել, ժառանգել։ Բացառվում է այն բռնագրավելը, ինչպես և՝ նվեր ստանալը գեղեցիկ աչքերի համար։ Առավել ևս ավելորդ է խոսել երջանկությունն արդար քրտիքով վաստակելու մասին. այն ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ խաղարկվում է, այլև այն,որ պարզապես չկա։ Անազնիվ, կոմերցիոն նպատակներով մոգոնած, մարդու կողմից մարդու շահագործումն արդարացնող բուրժուական հնարանք է երջանկությունը, որը չարժե՛, չարժե՛ ունենալ»։ Գրքի շապիկին արվեստագետ Սոնա Աբգարյանի աշխատանքն է: Արփի Ոսկանյանը նշում է, որ Աբգարյանի աշխատանքները բարձր է գնահատում.

Շապիկին Սոնա Աբգարյանի աշխատանքն է, իմ դիմանկարի հեղինակն էլ է նա։ Սոնայի արվեստը նկատել եմ դեռ 20 տարի առաջ ․շատ վաղուց գիտեի, որ պատմվածքներիս ժողովածուի վրա Սոնայի նկարն է լինելու, այդ ժամանակ դեռ Սոնային անձնապես չէի ճանաչում, և ինքը դեռ չէր նկարել այս նկարը։ Այն, ինչ անում է Սոնան, շատ հարազատ է ինձ և շատ բարձր եմ գնահատում։ Կարծում եմ՝ մեզ միավորող շատ բան կա, գեղարվեստական կարծրատիպերի հետ աշխատելու, դրանք խաղարկելու կերպը, հեգնանքն ու հումորը։ Բացի այդ, երկուսս էլ Երևան ենք եկել գավառական փոքրիկ քաղաքներից, Սոնան՝ Բերդից, ես՝ Ստեփանավանից, հավանաբար բախվել ենք նմանատիպ խնդիրների, որովհետև հասակակիցներ ենք, միևնույն միջավայրում է ձևավորվել մեր ինքնությունը, նույն տեքստերն ենք լսել, նույն քաղաքական-հասարակական շարժումների փորձն ունենք։  Սոնան նաև շատ նուրբ ու լավ է գրում, «Գրողուցավ»(groghucav.am) կայքի հեղինակներից է և խմբագրական խորհրդի անդամը» : Արփի Ոսկանյանի ստեղծագործությունների սիրահարներին հեղինակը  ուրախալի նորություն ունի հայտնելու: Այս տարի լույս են տեսնելու նաև  գրողի «Քաղաքական հանելուկներ» և «Մեղրամիս» աշխատանքները:

 

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register